Լրահոս
Օրվա լրահոսը

ForMath․ ՏՏ-ն հանուն կրթության

Հոկտեմբեր 22,2021 21:01

Հոկտեմբերի 22-ին ՏՏ ոլորտի վեց առաջատար ընկերություններ (Picsart, Krisp, Armenian Code Academy, SoftConstruct, PMI, HiLearn) մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի նախաձեռնած ForMath մաթեմատիկայի և տրամաբանության մրցույթին։ Եվս երկու ընկերություն (Ameriabank, ServiceTitan Armenia) իրենց ներդրումն ունեցան նախաձեռնության դրամահավաքային փուլում։ Հաղթող ճանաչվեց HiLearn ընկերությունը։

Մրցույթի նպատակը «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի մաթեմատիկայի հայալեզու նյութերը հարստացնելն ու դրանց անվճար հասանելիությունն ապահովելու համար ռեսուրսների հավաքագրումն է: Գրանցման փուլում ստացված անդամավճարներն ամբողջությամբ ուղղվելու են «Քան» ակադեմիայի հարթակում ավագ դպրոցի մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը։

Այս նոր ձևաչափի շնորհիվ ՏՏ ընկերություններն իրենց համատեղ ներդրումն ունեցան Հայաստանում կրթական հնարավորությունների բազմապատկման մեջ։ Հենց այս գաղափարի շուրջ իրենց բացման ելույթները կառուցեցին միջոցառման խոսնակները։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հույս ունի, որ նման կարևոր գործի նվիրված նախաձեռնությունը շարունակականություն կստանա և կնպաստի կրթության հանդեպ նվիրվածությամբ առաջնորդվող մարդկանց համայնքի ձևավորմանը։ Միջոցառումը հյուրընկալած PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը կարծում է, որ բոլորի պարտքն է աջակցել նման կրթական նախաձեռնություններին ու այսկերպ ընդլայնել գիտակրթական գործիքները, իսկ յուրաքանչյուր մասնակից կազմակերպության համար սա նոր գործընկերային ցանցի մաս դառնալու հրաշալի հնարավորություն է։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը կարևորում է կրթական գաղափարի շուրջ այսքան ընկերությունների միավորումն ու գործընկերությունը, որից, իր հերթին, շահելու են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ։ Սա նման ձևաչափով «Այբ»-ի առաջին նախաձեռնությունն է, որը կարող է հանուն կրթության ֆոնդահայթայթման նոր ավանդույթ ձևավորել։

Միջոցառման մասնակից ընկերություններն՝ իրենց չորս հոգանոց թիմերով, վառ օրինակը դարձան նրա, ինչին պետք է ձգտի այս ոլորտում հաջողել ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ։ ՏՏ առաջատար ընկերությունների միավորվումը կրթությանն ուղղված ֆոնդահայթայթման նախաձեռնությունում պատահական չէ. սա այն կարևոր ոլորտներից է, որտեղ մաթեմատիկայի լավ իմացությունն ու գիտելիքի դերն առավել տեսանելի են։

Հիշեցնենք, որ մրցույթն անցել է միջոցառման աջակից Ֆիլիպ Մորրիս Արմենիայի՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնում։ Նախաձեռնությունը բխում է 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր ապահովելու «Այբ» կրթական հիմնադրամի ստանձնած առաքելությունից։

 «Այբ» կրթական հիմնադրամ                 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031