Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին եռամսյակում մեկնել է 55 հազար մարդ. Մեկնողների մեջ են տարիներով Հայաստան չեկածները

Հոկտեմբեր 22,2021 20:00

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել է եւ դեռեւս չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ: Նույն ցուցանիշն անցյալ տարի 11 հազար էր, իսկ 2019-ին՝ 3000։

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ասում է պետք չէ շտապել եւ ենթադրություններ անել արտագաղթի մեծ տեմպերի մասին, քանի որ աշխատանքային միգրանտները որպես կանոն վերադառնում են Հայաստան: Նրա խոսքով, պետք է պետք է սպասել եւ ամփոփել թվերը տարեվերջին. «Եթե միգրացիայի օրենքներով շարժվենք, բավական մեծ թվով միգրանտներ տարեվերջին կվերադառնան, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ընդհանրապես, միգրացիոն գործընթացները բազմաշերտ ոլորտային քաղաքականությունների արդյունք են  ամենաչնչին փոփոխությունն ազդում է այդ հոսքերի վրա՝ այս կամ այն կերպ: Մենք գիտենք ինչ մասշտաբային իրադարձություն է տեղի ունեցել մեր երկրի հետ եւ դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ»:

Միգրացիայի վերաբերյալ քննարկումը կազմակերպել էր «Հոդված 3» ակումբը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանի խոսքով, ելումուտի ցուցանիշներն ու միգրացիոն սալտոն տարբեր հաշվարկներով են կատարվում. «Պետք է սպասենք տարեվերջին եւ հաջորդ տարվա հունվարին կունենաք միգրացիոն սալտոն, եւ կիմանանք՝ ինչքան է մեր բնակչությունը պակասել: Առաջին կիսամյակի տվյալներով միգրացիոն սալտոն դրական է: Այսինքն՝ հասկանում ենք, որ մեր միգրանտները վերադառնալու են»:

Ըստ նրա, ներկայում Ռուսաստանի Դաշնությունը աշխատուժի շատ լուրջ խնդիր ունի եւ այն պետք է փորձի լուծել նաեւ Խորհրդային միության երկրներից ներգրավող աշխատուժի հաշվին:

Պարոն Մարկոսյանը գտնում է, որ միգրացիայի հիմնական պատճառը մեր երկրում ցածր վարձատրությունն է. «Մարդկանց հաճելի չէ մեկ, մեկուկես տարով թողել ընտանիքը եւ գնալ դրսում աշխատելու, բայց խնդիրն այն է, որ մեզ մոտ միջին աշխատավարձը շատ դանդաղ է աճում: Դրանով չի կարող իր ընտանիքը լավ պահել, եւ ՌԴ-ում կարողանում է ավելի շատ գումար աշխատել՝ քան ՀՀ-ում: Մեզ մոտ արտադրողականությունն էլ է շատ ցածր»:

Արտակ Մարկոսյանը կարծում է, որ միգրացիայի կանխարգելիչ միջոցառումներից մեկը տնտեսական աճի տեմպերի բարձրացումն է՝ հատկապես մարզերում:

Ըստ նրա մեզ մոտ հիմնականում արտագաղթում են գյուղական բնակավայրերից. «Այսինքն՝ գյուղական բնակավայրերում դեռեւս  հնարավոր չէ այնքան գումար վաստակել, որ արժանավայել ապրեն: Այդ պատճառով սոցիալ-տնտեսական ծրագրերը հիմնականում պետք է ուղղվեն մարզային բնակավայրերին: Մարզերից հոսքը գնալով մեծանում է նաեւ դեպի մայրաքաղաք, երիտասարդները գալիս են Երեւան, եւ հետ չեն վերադառնում: Տավուշի մարզում կան շտապօգնության մեքենաները, բայց աշխատողներ չկան, Տավուշի մարզից գալիս են բժշկական համալսարան են սովորում եւ հետ չեն դառնում»:

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանի խոսքով, մեր միգրացիայի 95 եւ ավելի տոկոսը դեպի Ռուսաստանի Դաշնություն է: Եվ, քանի որ COVID-ով պայմանավորված մեծ ներհոսք եղավ Հայաստան, բնական է, որ սահմանները բացվելուց հետո էլ արտահոսքն է մեծ լինելու՝ հատկապես, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մեր երկրում էլ ունեինք փակվող աշխատատեղեր եւ գործազրկության տոկոսը մեծացել էր:

«Այդպես էլ եղավ, հենց սահմանները բացվեցին, բավականին մեծ թվով մարդիկ մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով վերականգնվել եւ այն նույն աշխատանքն իրականացնել, որը մինչ այդ անում էին: Բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնությունում էլ է տնտեսական իրավիճակը փոխվել եւ միշտ չէ հնարավոր գտնել այն աշխատանքը, որը մինչ քովիդյան շրջանում կարողանում էին գտնել: Սրանով է պայմանավորված, որ փետրվարից ապրիլ ամիսները մենք ունեցանք հոսք աշխատանքային միգրանտների եւ դրանից հետո դադարեց այդ հոսքը»:

Ըստ Տաթեւիկ Բեժանյանի, աշխատանքի առումով առավել ճկուն են Ղրղըզստանի քաղաքացիները, քանի որ Ռուսաստանում, քովիդով պայմանավորված, ակտիվացել է արագ սննդի ծառայությունները, եւ նրանք սկսել են ակտիվ աշխատել այդ ոլորտում, իսկ մեր քաղաքացիներն ընդգրկված են շինարարական ոլորտում եւ իրենց գործունեության ոլորտը փոխելու առումով պատրաստ չէին:

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով, երբեք սահմանահատումները չեն կարող արտացոլել մեր միգրացիոն հոսքերը եւ եզրակացություն անել միայն սահմանահատումներով, ճիշտ չէ. «Դա ընդամենը գործիքներից մեկն է այս մեծ բաղադրիչում տենդենցները հասկանալու համար»:

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով, մինչեւ 2019 թվականը, Հայաստանից երկարաժամկետ միգրանտներ էին դրսում, մարդիկ, որոնք մեկ, երեք, հինգ տարի ժամանակով գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ մարդիկ եւս վերադարձան Հայաստան. «Այսինքն՝ այս մարդիկ նախորդ տարիներին չէին երեւում որպես գնացողներ, բայց այդ մարդիկ երեւացին վերադարձով եւ հիմա նորից այդ թիվը մեկնողների մեջ երեւում է: Սա միայն մեկ տարվա թիվ չենք կարող նշել: Եթե մենք խոսում ենք 2021 թվականի երեք ամիսներին մեկնողների մասին, սրա մեջ կային այդ մարդիկ: Սրանով է պայմանավորված այդ թվի մեծացումը:

Միգրացիոն հոսքերի վերաբերյալ դեռ վաղ է դատողություններ անել»:

Տիկին Բեժանյանի կարծիքով, երկրից միգրացիայի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է, դրա բարելավման դեպքում հոսքերը կնվազեն. «Բայց միգրացիոն գործընթացները երբեք չեն դադարի, որովհետեւ դա անհնար բան է»:

Արտակ Մարկոսյանը համակարծիք է այդ մտքին. «ԱՄՆ-ից են գնում Կանադա՝ աշխատելու: Աշխարհը շատ է նեղացել, հիմա բիզնեսները փողկապակցված են: Վերջին տարիներին նկատում ենք, որ ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, փոխարենն ավելացել են ԱՄՆ-ից: Հիմա պետք է հասկանանք, ո՞րն է ավելի վտանգավոր: ՌԴ-ից տրանսֆերտնե՞րը թե՞ ԱՄՆ-ից, որովհետեւ հասկանում ենք, որ ԱՄՆ գնացողները բավական երկար ժամանակով են գնացել, որովհետեւ նա ՌԴ չէ, ելումուտի հետ կապված բավական խնդիրներ կան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031