Գյումրու ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնող «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ են կոալիցիա կազմել «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ Գյումրու ավագանու կազմում ունենալով ձայների մեծամասնություն։ Ըստ նրա, այս դեպքում քննարկումից դուրս է, որ քաղաքապետ պիտի լինի առաջատար ուժի՝ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը։
«Մենք հանդիպել, զրուցել ենք մարդկանց հետ, ու քանի որ կոալիցիա պիտի լինի, տարբեր ուժեր մտածում են՝ ում հետ կոալիցիա կազմել, մեր ընտրողները գտնում են՝ «Զարթոնք» և «Բալասանյան դաշինք» ուժերի միավորմամբ քաղաքը կարելի է տանել առաջ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Զարթոնք» կուսակցությունը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որտեղ գրված է․
«Սիրելի Գյումրեցիներ, շնորհակալ ենք վստահության համար:
Կարդացեք նաև
Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե կա՞ արձագանք « Բալասանյան դաշինք»-ի կողմից։
«Մենք արձագանք չունենք իրենցից, ես առաջին օրվանից ասել եմ՝ լինելու ենք անկեղծ, շիտակ, զրույցների ընթացքում մարդիկ իրենց կարծիքները, համոզմունքները, դիտարկումներն արել են մեզ, մենք էլ ելնելով դրանից՝ ուղիղ ասում ենք՝ պատրաստ ենք քննարկելու և գնալու բանակցությունների։
Ճիշտը ժողովրդի առաջ բաց լինելն է, պետք է լինել բաց ու շիտակ, հիմա դրա ժամանակն է, որպեսզի ժողովուրդն էլ իրեն խաբված չզգա, անտարբեր ու հիասթափված չլինի»։
Հարցին՝ եթե «Բալասանյան դաշինք»-ը համաձայնում է «Զարթոնք»-ի հետ կոալիցիա կազմել, ի՞նչ ձևով պիտի լինի կառավարումը․ քաղաքապետ պետք է ընտրվի «Բալասանյան դաշինք»-ի թեկնածո՞ւն, դուք էլ փոխքաղաքապե՞տ, Վարդևան Հակոբյանը պատասխանեց․ «Ինչի մասին խոսքը, մարդիկ առաջին տեղն են զբաղեցնում, գյումրեցիների ձայների մեծամասնությունն իրենք են ստացել ընտրություններում, քննարկման ենթակա էլ չէ, քաղաքապետ բնականաբար լինելու է «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ Իսկ մնացածը կորոշվի բանակցությունների ընթացքում, եթե լինեն այդ բանակցությունները։
Նորից եմ կրկնում, ընտրողները մեզ առաջարկում են, մենք էլ անկեղծ ենք, ավելի լավ է բաց լինել մարդկանց առաջ, որ հավատան, քան կուլիսային բանակցություններ վարենք։ Մեծամասնությունը ստացել է «Բալասանյան դաշինք»-ը, մենք էլ միավորվելով, կունենաք 18 մանդատ։ Եթե այդպես են թելադրում գյումրեցիները՝ նշելով, որ դա է արդարացված տարբերակը, ուրեմն մենք բաց հայտարարում ենք ՝պատրաստ ենք»։
Հիշեցնենք, նախնական տվյալներով Գյումրու ավագանու կազմում կլինեն 5 քաղաքական ուժեր առաջին տեղում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 36,59 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 29,56 տոկոս։
3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունն է՝ 10,6 տոկոս, 4-րդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս։ Իսկ 5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս։
Նախնական հաշվարկներով, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը կստանա 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11, «Զարթոնքը»՝ 4, «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը՝ 2 մանդատ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Զարթոնք» կուսակցության ֆեյսբուքյան էջից