«Պատերազմը մեծ հաշվով որեւէ կողմի չի բավարարում: Հայաստանը բավարարված չէ, որովհետեւ կորցրել է, Ադրբեջանը բավարարված չէ, որովհետեւ մի մասը վերցրել է, մի մասը տվել է առնվազն ռուսներին: Թուրքիան բավարարված չէ, որովհետեւ այն ակտիվությունը, որ կարող էր տարածաշրջանում ունենալ՝ ներքաշվելով ռազմական գործողություններում, չունի: Իրանը կորցրել է Հայաստանի ազդեցության տակ գտնվող մի հատված սահմանագիծ, որը այսօր իր ազգային անվտանգությունը վտանգում է»,- այսօր «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:
Նա ասաց, որ ԱՄՆ-ն այսօր լուրջ խնդիր ունի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ, որովհետեւ այսօր իր դաշնակիցն իրեն չի պահում ըստ հավուր պատշաճի, դարձել է տարածաշրջանի ամենաանվստահելի գործընկերներից մեկը: Փորձում են տարածաշրջանում «պլան Բ» ունենալ, որովհետեւ շատ հարցերում Թուրքիայի վրա հույս դնել չեն կարող:
Ըստ Սուրեն Սարգսյանի, մենք սա կարող ենք օգտագործել ու հասնել Թուրքիայի նկատմամբ ճնշումների: Նա ասաց, որ պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ