Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց եղեռնը բոլորիս ցավն է, բայց մենք չպետք է աշխարհում հայտնի լինենք միայն ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմերով. Էվա Մինասսիան

Հոկտեմբեր 22,2021 18:11

«Հայ կամավորների միություն» ծրագրի միջոցով Հայաստան վերադարձած ֆրանսահայ Էվա Մինասսիանը Հայաստանի զարգացման ճանապարհներից մեկը տեսնում է ֆիլմարտադրության զարգացման միջոցով։ Մասնագիտությամբ Ֆիլմերի պրոդյուսեր, հագուստի ձևավորող՝ Էվան եկել է Հայաստան 2020 թ․- ապրիլին՝ 44- օրյա պատերազմից հետո, և աշխատում է որպես կամավոր «Օրդեր ֆիլմ» փրոդաքշնում։ «Զուլալի» ֆիլմի աշխատանքների շրջանակներում գրել է ֆիլմի անգլերեն ենթավերնագրերը և միջազգային փառատոններին մասնակցելու հայտերը։ Հայաստան վերադառնալու իր պատմության, ֆիլմարտադրության խթանման կարևորության, ինչպես նաև «Զուլալի» ֆիլմի տարբերվող լինելու մասին պատմում է Էվան։

– Ես Էվա Մինասսիանն եմ, ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքին մոտ։ Հայաստան նախկինում եկել եմ տատիկիս հետ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տատիկս պոլսահայ է եղել և եղեռնի ժամանակ գաղթել է Ֆրանսիա։ Այդ ժամանակ փոքր եմ եղել և, անկեղծ ասած, երբեք Հայաստանի հետ շատ կապված չեմ եղել, ինձ իսկապես հայ երբեք չեմ զգացել։ Ապրել և աշխատել եմ տարբեր երկրներում՝ Պրահայում, Բուդապեշտում, Կանադայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում ֆիլմարտադրության ոլորտում որպես պրոդյուսեր, հագուստի մոդելավորող։

– Ինչու այս անգամ եկաք Հայաստան, ի՞նչը փոխեց Ձեր զգացողությունը Հայաստանի հանդեպ։ 

– Տատիկս մահացավ երեք տարի առաջ։ Գիտեք այն զգացողությունը, ափսոսանք այն մասին, որ ավելի շատ կարող էիր տատիկիդ պատմությունները լսել, խոսել իր հետ, հասկանալ։ Հետո Արցախյան պատերազմը սկսեց 2020 աշնանը, և ես հասկացա, որ հիմա է ժամանակը։ Փնտրում էի կամավորական ծրագիր Հայաստանում և այդպես գտա «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» ծրագրերը։ Վերջինիս միջոցով էլ եկա Հայաստան։ Սկզբում ինձ թվում էր մասնագիտական աշխատանք չեմ կարող կատարել, բաց երբ ինձ առաջարկեցին կամավորել «Օրդեր ֆիլմ» փրոդաքշնում և իմ մասնագիտական օգնությունն առաջարկեմ Հայաստանին, մտածեցի՝ այո, ինչ ավելի լավ միջոց կարող է լինել Հայաստանին օգտակար լինելու համար։ Իրականում ուզում եմ աշխատել Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան ֆիլմարտադրողներ գան և այստեղ նկարահանեն իրենց ֆիլմերը։ Դա կստեղծի բազում աշխատատեղեր, կզարգանա մարդկանց աշխատելաոճը, մտածելակերպը և, իհարկե, մեծ աճ կգրանցվի Հայաստանի տնտեսության ոլորտում։ Ինչպես, օրինակ, Չեխոսլովակիայի դեպքում, այն նույնպես փոքր երկիր է և շատ պատերազմների միջով է անցել, բայց կառավարությունը մոտ մեկ դար առաջ որոշել է խթանել ֆիլմարտադրությունը, և այժմ այն կազմում է երկրի համախառն եկամտի 1․2 տոկոսը։

-Ի՞նչ կարծիք ունեք մեր ֆիլմարտադրության վերաբերյալ։ Ի՞նչ խնդիրներ ունենք այսօր։ 

– Շատ աշխատանք ունենք կատարելու, որովհետև թվով քիչ բարձր որակավորում ունեցող մասնագետներ կան, և դա բնական է, քանի որ փորձի պակաս կա, շփման պակաս կա և պահանջարկի պակաս կա այս պահի դրությամբ։ Կան շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բայց կան նաև միջազգային ստանդարտներին առայժմ չհամապատասխանող մասնագետներ, ոչ միայն մասնագիտական, այլ նաև շփման և աշխատանքի կազմակերպման առումով։ Տեղական ֆիլմարտադրող կազմակերպությունը պետք դասընթացներ կազմակերպեն և կրթեն նոր սերնդին, որպեսզի հասնենք այդ մակարդակին։

Գլխավոր խնդիրն իմ կարծիքով, ֆիլմերի ոճն է։ Հայոց եղեռնը բոլորիս ցավն է, բայց մենք չպետք է աշխարհում հայտնի լինենք միայն ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմերով։ Ես կցանկանայի, որ մեզ նաև ճանաչեին մեր խելացիության, հնարամտության, հումորի, քաջության համար։ Մենք պատերազմի ժամանակ և նաև հիմա դժգոհում ենք, որ աշխարհին մեր ցավն այդքան էլ չի հուզում։ Որ մենք աշխարհին պետք չենք։ Եվ դա այդպես է հավանաբար, քանի որ կան նաև այլ տխուր պատմություններ։ Բայց մենք կարող ենք աշխարհի հետ կապ հաստատել մեր հումորային ֆիլմերի միջոցով, սիրային ֆիլմերի միջոցով, ստիպելով նրանց մեզ ճանաչել մեր մարդ տեսակի համար՝ ցուցադրելով խիզախ ֆիլմեր, հերոսական ֆիլմեր, հումորային ֆիլմեր։ Հայերը հայտնաբերել են ծորակը, բազմաթիվ հայտնագործությունների շարքում։ Ես համոզված եմ՝ ծիծաղելի պատմություն կա դրա հետ կապված։ Ինչու՞ մենք չգիտենք այդ պատմության մասին։ Ինչու՞ չի նկարահանվում ֆիլմ դրա մասին։  Մենք հարուստ մարդիկ ենք, հարուստ պատմությունով, մշակույթով, ծիծաղաշարժ պատմություններով, և ես ցանկանում եմ բազմազանեցնել արտասահմանում ներկայացվող մեր ֆիլմերի ժանրերը։

–  Դուք աշխատել եք «Զուլալի» ֆիլմի համար, ինչո՞վ է այն տարբերվում մնացած ֆիլմերից։  

– Այն միջազգայի ստանդարտներին շատ ավելի է համապատասխանում, քան Հայաստանի արտադրության մնացած ֆիլմերը՝ իր նկարահանման ձևով, տեսարաններով, այն կարծես նկար լինի, կարծես նկարի մեջ ֆիլմ նայելիս լինես։ Գույները շատ գեղեցիկ են։ Այն շատ պոետիկ է։ «Զուլալի» ֆիլմի ուղերձն է հետաքրքիր։ Հույս կա այդ ֆիլմում։ Զուլալին գաղտնիքների մասին է, որոնք բացահայտվում են։ Եվ չնայած բոլոր դժվարությունների, երբ մարդ գտնում է իր ճիշտ միջավայրը, գտնում է նաև հույս։ Ֆիլմը կյանքը ուրախությամբ ընդունելու մասին է, չնայած բոլոր դժվարություններին։

– Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում։ 

– Ազատությունը, որը մարդիկ ունեն այստեղ և ապահովությունը։ Դուք դա չեք զգում։ Ես շատ ազատ եմ ինձ զգում Հայաստանում։ Ես երբեք այսքան ապահով ինձ չեմ զգացել, չնայած որ տարբեր երկրներում եմ ապրել։ Մինչև այստեղ գալս, անհանգստանում էի, որ մարդիկ ինձ չեն ընդունի, չեն հասկանա։ Ես նույնիսկ հայերեն չեմ կարողանում խոսել։ Բայց մարդիկ այնքան համբերատար են, ընդունող։ Նաև սնունդը, շատ եմ սիրում Հայաստանի սնունդը։

– Դուք այս տարվա վերջում վերադառնալու եք Ֆրանսիա, բայց վերադառնալու եք Հայաստան 2022 թվականին։ Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ նպատակներ։ 

– Ինչպես արդեն նշեցի, ծրագրերիցս մեկը, Հայաստանում ֆիլմի կոմիտե ստեղծելն է․ այն կմիավորի բոլոր ֆիլմարտադրող կազմակերպություններին Հայաստանում և իր մեջ կներառի ամեն ինչ, որ հարկավոր է ֆիլմերի նկարահանման համար՝ տարածքների, տեխնիկայի տրամադրում, սպասարկում, սննդի մատակարարում, տարբեր ոլորտի մասնագետների բազա։ Ինչպես օրինակ, երբ «Գահերի խաղ» ֆիլմը ցանկացավ նկարահանումներ կատարել Հորդանանում, Հորդանանը ստեղծեց ֆիլմի կոմիտե, որպեսզի կարողանա ընդունել ֆիլմարտադրողին։ Այդպես էլ Հայաստանը կարող է դառնալ ֆիլմարտադրության կենտրոն իր հրաշալի բնության, հին կառույցների, ինչպես նաև ծախսերի մատչելիության առումով։

Ես նաև գրում եմ ֆիլմի սցենար մի քանի զինվորների մասին, ովքեր ողջ են մնացել 44-օրյա պատերազմից հետո։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում պատերազմի ընթացքում, բայց ֆիլմն այս հերոսների մասին է։  Մարտաֆիլմն ունենալու է լավ ավարտով։ Դեռ շատ չեմ կարող խոսել այս ֆիլմի մասին, բայց իմ կոլեգաները «Օրդեր ֆիլմում», ինչպես նաև այլ կազմակերպություններում աջակցում են ինձ այս նախագծում։

Շուշանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Դեպի Հայք» ծրագիր 

«Հայ կամավորների միություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031