Արցախյան 44-օրյա պատերազմում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սան կյանքը զոհել է հանուն հայրենիքի:
ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է մարզական այս հաստատության տնօրենը, հայրենիքի համար նահատակված տղաների հիշատակը հավերժացնելու նպատակով հուշակոթող կանգնեցնելու առաջարկով դիմել էր Սանկտ-Պետերբուրգում բնակվող իր լավ բարեկամ, մեր հայրենակից, Հրաչյա Պողոսյանին, որը Հայաստանում ավելի քան հարյուր բարեգործական ծրագրեր է իրականացրել, եւ գործն անմիջապես տեղից շարժվել էր:
Այսօր քոլեջի բակում կայացավ մոտ ութ մետր բարձրությամբ կարմիր տուֆից պատրաստված հուշակոթողի բացման եւ օծման արարողությունը, որին մասնակցեցին եկեղեցվո հոգեւոր հայրեր, զոհված տղաների ծնողներն ու հարազատները, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, բարերար Հրաչյա Պողոսյանը, Դերենիկ Գաբրիելյանը, հուշակոթողի ճարտարապետն ու քանդակագործը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, քոլեջի մարզիչ-մանկավարժները, հերոս տղաների ուսանողական ընկերները եւ թիմակիցները:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողները խոնարհում հայտնեցին ծնողներին՝ հայրենիքին հերոս զավակներ պարգեւելու համար, որոնք տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Քոլեջի տնօրեն, ըմբշամարտի աշխարհի չեմպիոբ Վաղինակ Գալուստյանը խորը ափսոսանք հայտնեց՝ նշելով, որ այսօրվա հավաքը կարող էր եւ պետք է լիներ տղաների մարզական հաղթանակները նշելու առիթով:
Դերենիկ Գաբրիելյանը ավագ սերնդի անունից ներողություն խնդրեց ծնողներից, որ իրենք չկարողացան պահպանել ապագա չեմպիոններին: Այնուհետեւ շնորհակալություն հայտնելով Հրաչյա Պողոսյանին նաեւ այս հայրենանվեր գաղափարը կյանքի կոչելու համար, Դերենիկ Գաբրիելյանը հայտարարեց, որ իր առաջարկով եւ ամերիկաբնակ իր լավ բարեկամներից Կարեն Հարությունյանի եւ նրա ընտանիքի անմիջական ջանքերով տիեզերքում աստղ է անվանակոչվել բարերար Հրաչյա Պողոսյանի անունով: Եվ համապատասխան հավաստագրերը հանդիսավորությամբ հանձնեց Հրաչյա Պողոսյանին: «Մենք նպատակ ունեինք, որ ձեր անունով անվանակոչված աստղը գիշերները կլուսավորի հայրենիքի համար նահատակված մեր եւ կյանքը տված բոլոր տղաների հոգիները»,- ասաց պարոն Գաբրիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ