Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է լինելու ապաշրջափակման արդյունքում. Թադեւոս Ավետիսյանը՝ ռիսկերի ու վտանգների մասին

Հոկտեմբեր 22,2021 17:02

Այսօր «Հայաստան» դաշինքը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը խոսեց ապաշրջափակման ռիսկերի ու հնարավոր արդյունքների մասին. «Նախ, այս նպատակադրումը հակադրվում է ՀՀ-ի ու Արցախի ընթացիկ տնտեսական շահերին: Ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդով թուրքական տնտեսական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար, անխուսափելիորեն սա հանգեցնելու է ինքնիշխանության կորստի, Արցախի ու Հայաստանի տնտեսության թուրքացմանը համաքայլ: Մյուս կողմից` այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է: Ուզում են օր առաջ ու ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործել: Անխոս, սա ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք հարեւան երկու պետություններում, այլեւ իրականացվում է անշեղորեն՝ իրենց կողմից պարտադրվող սցենարով: Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է: Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45%-ը նավթի եւ գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգը առավելապես կցված է Թուրքիայի տնտեսությանը: Տարեկան 18 մլրդ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հումք են նաեւ Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ էժան ռեսուրսներ, արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա, նավթադոլարային ներդրումներ եւ այլն: Իսկ անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձեւավորվել է երկու երկրների շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլեւս գոյություն չունեն: Նոր ենթակառուցվածքները պահանջելու են ահռելի ներդրումներ, որին ՀՀ-ի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով օտարերկրյա ներդրումների ծավալը, առաջանցիկ արտաքին պարտքը, դրա սպասարկման բեռը: Այսինքն` դրանք ձեւավորվելու եւ շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ: ՀՀ տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելությունները, աշխարհագրական բարենպաստ դիրքը»:

Նա նշեց, որ ՀՀ տնտեսության անվտանգության տեսանկյունից մարտահրավերներ են առաջանալու: Արտահանմանը միտված հայկական արտադրանքը մրցակցային առավելություններ չունի եւ չի ունենալու ապագայում էլ Թուրքիայի ու Ադրբեջանի շուկաներում:

Սրա վառ ապացույցն է վիճակագրությունը՝ արտաքին առեւտրի ներուժի մասով: Թադեւոս Ավետիսյանը համոզված է, որ ապաշրջափակման արդյունքում հարված է լինելու մեր տնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը: Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են Հայաստանից առավելագույնը կորզել, իսկ ՀՀ իշխանությունները ապաշրջափակման կեղծ քողի տակ ուզում են գնալ զիջումների՝ լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսության որոշ արդյունքներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031