Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է՝ մենք գերեզման սիրող ժողովո՞ւրդ ենք: Պատմությունը չսիրել, միայն գերեզմա՞ն սիրել». Շուշիում զոհված զինվորի հայր

Հոկտեմբեր 22,2021 16:48

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ընթացքում, որին մասնակցում էին 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները, ելույթ ունեցավ զոհված Գևորգ Ադրիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը: Նա հայտնեց, որ որդին զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիում:

Նա, խոսելով իր բնութագրմամբ` եղած անարդարությունների մասին, ասաց. «Բոլոր անարդարությունների մասին բոլորդ գիտեք: Ինքներս այդ հարցերի լուծում չենք կարողանում ստանալ, խճճվել ենք: Հաճախ լինում է այնպես, մենք էլ բարկանում, հաճախ հարցնում ենք ինքներս մեզ՝ որդիս ինչի՞ համար է զոհվել: Եռաբլուրի կեսը հաղթած զինվորներ են, որոնց մեջ Գևորգ Համբարձումյանն է՝ իմ մոտ ընկերը, որը զոհվեց Կարմրավանում: Հետո որդիս ծնվեց, անունը Գևորգ դրեցի: Զոհվածների ծնողների մեջ ինքս ինձ բախտավոր եմ համարում»:

Զոհվածի հայրն ասաց՝ շատերի համար զարմանալի կհնչի, երբ ասում են՝ որդի եմ կորցրել, բայց ինձ բախտավոր եմ համարում ու շարունակեց. «Իմ բախտը բերեց նրանով, որ ես իմ որդու երեսը տեսա: Ինձ որ համեմատում եմ այն ծնողների հետ, որոնք որդիներ են կորցրել, չգիտեն՝ գերի է, ինչ է, պատկերացնում եմ իրենց ընտանեկան վիճակը: Մերը խաղաղված է: Հարցնում եմ՝ ինչո՞ւ համար որդիս կռվեց, ու որ այսքան քաղական լպիրշություն են անում, արդեն պարզ է: Վարչապետն ի՞նչ է ասում, որն է սուտ, որը՝ ճիշտ, չգիտեմ: Վերջին երեք տարում ամեն բան շատ էր հունից ելել, մեր երիտասարդները զոհվեցին, որ ամեն հայ քաղաքացի, երիտասարդ մեր պատմությունը կարդա ու վերհիշի, քարտեզները նայի ու էս պատերազմը, որպեսզի լրջանան: Գևորգս, որ փոքր էր, ի՞նչ իմանայի՝ պատերազմ կլիներ: Հիմա մայրեր եմ տեսնում՝ հինգ, վեց տարեկան երեխաներ, նայում, ասում եմ, հետաքրքիր է՝ բա քսան տարի հետո՞ ինչ կլինի: Մեր որդիները զոհվեցին, որ այս ազգը լրջանա, բանակ ունենանք: Ես չգիտեմ՝ ես ամենը համարում եմ, եթե կա սկիզբ, կա և վերջ: էս անարդարության վերջը պիտի տրվի: Ես ղեկավար չեմ դառնալու, դրա հակումը չունեմ, շատ կկամենայի՝ մեր ապագա ղեկավարները մեծ ուշադրություն դարձնեին: Մենք չգիտենք՝ այս հողի, ջրի վրա ապրողը քսան տարուց հետո ինչ արհավիրքի կհանդիպի: Ես ապագայի երազանք եմ ասում, որ ամրանանք, որ ապագայում նենց լինի, որ այնքան ամուր լինենք, թեկուզ փոքր լինենք, բայց որակով, այնպես լինենք, որ նույնիսկ մտքներով նոր պատերազմ չանցնի»:

Պարոն Կոյտիկովն ասաց՝ իր ասածն այն չէ, որ սև սուգ կապենք ու նշեց. «Ամեն ինչի մեջ կա չափ ու սահման, ինչի նման է՝ գիշերների հրավառությունը, կարծես ոչ բան չի եղել, որ տարածք չենք կորցրել: էդ ե՞րբ պիտի զգոնությունը մեր մեջ մտնի: Մեծ տղաս ասում է՝ պապ, ես գնալու եմ, եթե պատերազմ լինի: Ասում եմ՝ Սաքո՛, հույսս դու ես, բնականաբար, ասում եմ՝ մեր ընտանիքը տվեց արդեն: Էսօրվա դրությամբ ինչի՞ համար չմտածեի, մեկը գնաց, երկրորդն էլ գնա: Բայց այս ամենը տեսնելով՝ ինքներս էլ մտածում ենք: Ամենամեծ հիասթափությունն այն է, որ մենք մեր ապագան չենք տեսնում: Եռաբլուր մարդիկ գալիս են, երկու քայլ անում են այն կողմ, այս ամենը փոխվում է: Ի՞նչ է՝ մենք գերեզման սիրող ժողովո՞ւրդ ենք: Պատմությունը չսիրել, միայն գերեզմա՞ն սիրել: Երկու քայլ էն կողմ անել եսիմ ի՞նչ: Մեր որդիները դրա համա՞ր են զոհվել: Տղաս սովորել է Եվրոպական համալսարանում, ավարտել, այս տարի պիտի գնար Հունաստան սովորելու»:

Զոհված զինվորի հայրը ցավով նշեց՝ ի՜նչ որակ տվեցինք, ի՛նչ տղերք ու հարցնում է՝ տեսնես թուրքի որա՞կն ինչ էր. «Եթե այսքան որակ տվեցինք, գոնե դրանից հետո որակով մարդ լինենք, մեր որդիները դրա համար են զոհվել: Իսկ եթե մեկը կասեր, թե ոչնչի համար, հենց ինքն է ոչնչություն: Մարդու բերանից ինչ դուրս է գալիս, հենց ինքը համապատասխան է դրան»:

Պարոն Կոյտիկովը չգիտի՝ դատ կլինի, ինչ կլինի, որ իրենց՝ ծնողների սրտերը հանգստանան: Հույսով հավատում են, որ մի օր մեր երկիրը կդառնա օրենքի երկիր:

Եզրափակելով խոսքը՝ ասաց. «Ասելու շատ բան կա: Մենք պարփակվել ենք մեր տներում, մարդկանց հետ չենք էլ ուզում խոսել, չեմ հասկանում մի տեսակ, ինչի՞ց եղավ՝ հայը հայի կողքին նստի, չհասկանա. սա անեծք էր: Ինչի՞ համար է Հանրապետության հրապարակում ցույց անում Նիկոլ Փաշինյանը: Ես չգիտեմ՝ ինչ ասեմ այն մարդուն, որ այդ ցույցի օրն ասաց հետևյալ բառերը՝ թուրքը գա, կոտորի մեր ու մանուկ, մենակ չգան հները: Խոսքս հների ու նորերի մասին չէ, այլ նրա մասին, որ մեր ազգի մեջ կա մեկը, որն ասում է՝ թուրքը գա, կոտորի մեր ու մանուկ, մենակ չգան հները: Կամ ասում են՝ ո՞վ է ասում՝ թուրքերը մեր գերիներին վատ են նայում. ջուր են տալիս, հաց են տալիս: Հիմա՞ր եք: Տեսաք՝ մեր գեղեցկուհի Մարալ Նաջարյանը երկուսուկես ամսից հետո ինչ էր դարձել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031