«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (իշխող ուժը պարտվեց Գյումրիում, Գորիսում, Մեղրիում) ցույց տվեցին, որ ՝ Հայաստանում չկա «Քաղաքացիական պայմանագիր» անունով ուժ։ Հայաստանում կա Նիկոլ Փաշինյան, որը մարդկանց կարողանում է դեռ խաբել, բայց իրենք էլ գիտեն, որ այս խաբելու գործընթացն իրենք անվերջ չեն կարողանալու տանել. «Որտեղ Նիկոլ Փաշինյանն իր դեմքով չի գնում և իր պոպուլիզմով մարդկանց չի խաբում, մենք ունենում ենք այսպիսի տվյալներ»։
Պատգամավորը կարեւորում է Կապան համայնքում ՏԻՄ ընտրությունը. «մարդիկ այնտեղ տեսել են քաղաքապետին, համայնքապետերին և տեսել են, թե նրանք ինչպես են պաշտպանում իրենց համայնքը»:
Խոսելով ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Իշխանությունը թռիչքներով նահանջում է ժողովրդավարությունից․ ուզում եմ նայել նախկին քաղհասարակությանը և հարցնել` որտե՞ղ է ժողովրդավարությունը, ես էլ եմ ուզում այն տեսնել»:
Նա վստահ է, որ իշխանությունը փորձելու է այս ընտրություններում իր պարտությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ. «Իրենք պարզապես տապալվել են, արել են ամեն ինչ, որ նման արդյունք չունենանք, չեն խորշել կիրառել բոլոր միջոցները, այդ թվում անօրինական, բայց մարդիկ փաստացի արտահայտել են իրենց վերաբերմունքը։ Գորիսում իրենց քվեով մարդիկ պատասխանել են այն մեղադրանքներին, որ ներկայացված էր Առուշ Առուշանյանին»:
Կարդացեք նաև
Բանախոսի խոսքով, այսօր ունենք աննախադեպ վատ իրականություն ու աննախադեպ անվտանգության ճգնաժամ, որ չեն թողնում կենտրոնանալ որևէ այլ հարցի վրա՝ այդ թվում կալանավորված համայնքապետերին ազատելու պահանջով ցույցերի. «Այո մենք կարող ենք ամեն օր հավաքվել դատարանների դիմաց և բարձրացնել այս հարցը, բայց կրկնում եմ Հայաստանում կա մեկ, շատ ավելի կարևոր օրակարգ։ Վստահ եմ՝ մեր գործընկերները ևս կասեն, որ իրենց պաշտպանության համար հրապարակային գործողության կարիք չկա»։
Քրիստինե Վարդանյանը միաժամանակ ասաց, որ «Միայն հանրային ճնշումով ենք տեսնում այս իշխանության ավարտը։ Բայց այս ընդդիմությունը չի կարող մարդկանց ուղղակի հանել փողոց, որպեսզի քննադատության չենթարկվի, դրա համար անհրաժեշտ է արդյունավետ և կոնկրետ տեղ տանող ծրագիր»: Իսկ ընդդիմությունը որոշեց գնալ ԱԺ, «որովհետև չուներ այնպիսի մի հարթակ, որտեղ ամեն շաբաթ հասարակությանը կարող էր մեսիջ փոխանցել։ Ես նաև վստահ, եմ որ իրատեսական ծրագրի դեպքում հազարավոր մարդիկ կանգնելու են ՀՀ-ի համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ