Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը երկընտրանքի առջեւ է՝ խաղաղություն՝ շնորհիվ Հայաստանի հզորացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 22,2021 16:20

Այսօր «Հայաստան» դաշինքը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանը երկընտրանքի առջեւ է՝ խաղաղություն՝ շնորհիվ Հայաստանի հզորացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման: Նա նշեց, որ տեղի ունեցող գործընթացում մրցակցություն է ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ: Ու հիմա հարց է, թե ինչպիսի տեսք կունենա մեզ համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզը. «Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել շուրջ 70 պետություն, որտեղ բնակվում են թուրքալեզու ժողովուրդներ: Իսկ այն երկրները, որտեղից կարող են բխել սպառնալիքներ նեոօսմանական ծրագրերին, թիրախավորված են որպես պանթուրքիզմի խոչընդոտներ»:

Ռուստամյանը նշեց, որ պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ Հայաստանը կարող է վերջնականապես հայտնվել աշխարհաքաղաքական պարկում: Այդ պարկից Հայաստանը հանող եւ աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է. «Սա է Հայաստանի թյուրքացման աշխարհաքաղաքական հետեւանքը, երբ աշխարհին ոչնչով այլեւս հետաքրքիր չես, իսկ պետության գոյությունը պայմանավորված է բացառապես Թուրքիայի բարեհաճությամբ: Հանուն խաղաղության թուրքացման վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է անխուսափելիորեն»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի թուրքացումը եւ Արցախի հայաթափումը այս պատերազմից հնարավորինս արագ ու առավելագույնս ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն է, ուզում են հասնել հնարավոր ամբողջական կապիտուլյացիային, իսկ այդ վտանգը առավել մեծ ու իրական է դառնում այս իշխանությունների՝ ժողովրդի թիկունքում ժողովրդի ճակատագիրը որոշելու հակաօրինական գործելաոճի պայմաններում. «Գաղտագողի, կատարված փաստի առաջ ժողովրդին կործանարար զիջումների պարտադրելը այս վարչախմբի անխախտ ձեռագիրն է դարձել»: Նա զգուշացրեց, որ կենսական զիջումներ կարող են լինել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պաթետիկ հայտարարությունների ներքո: Արդեն կան անշրջելի հետեւանքներ, վկան սահմաններում տիրող իրավիճակն է: Ադրբեջանը մեր իսկ թողտվությամբ դիրքեր գրավելով՝ պարտադրում է սահմանազատման գործընթաց: Միակ ձեւը դիմադրության օղակ ձեւավորելն է այս ամենի դեմ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ վերլուծելով վերջերս տեղի ունեցած այն միջադեպը, երբ ադրբեջանցիները հայկական վրանի ուղղությամբ էին կրակել, խուճապի տրամադրություններ էին ստեղծել ՀՀ-ում ու Արցախում, ու դա պատահական չի արվում: Իրականում, ըստ նրա, սա ցույց է տալիս, որ դեռեւս դիմադրություն կա: Նա հորդորեց մի քիչ ավելի առաջ նայել ու տեսնել այն սպառնալիքները, որոնք կարող են լինել 5-10 տարի անց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031