Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Գիլիլով. «Հայաստանում հանդիսատեսը շատ ջերմ է ու շնորհակալ»

Հոկտեմբեր 22,2021 15:36

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 29-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս ընթացքում Երևանի համերգասրահներում անվանի երաժիշտների կատարմամբ արդեն հնչել է և շարունակում է հնչել դասական երաժշտությունը։ Փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Արմենիա» փառատոնի մասնակիցների թվում էր նաև ականավոր դաշնակահար, մանկավարժ, մի շարք միջազգային մրցույթների հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, աշխարհում մեծ ճանաչում վայելող Պավել Գիլիլովը։

Նրա հետ հանդիպումը կայացավ համերգից առաջ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Զրույցի սկզբում հետաքրքրվեցինք՝ արդյոք պարոն Գիլիլովը մինչ փառատոնը եղե՞լ է Հայաստանում։

-Ես շատ կարճ ժամանակով եմ եղել Երևանում. ուղեկցում էի իմ աշակերտ Դմիտրի Իշխանովին, եկել էի նրան աջակցելու։

-Իսկ ի՞նչն է Ձեզ բերել «Արմենիա» փառատոն։

-Սերգեյ Սմբատյանի հետ ընկերությունը։ Մենք ծանոթացել ենք Մալթայում կայացած փառատոնի ընթացքում։ Միանգամից լավ կապեր հաստատվեցին, սկսեցինք ստեղծագործական գաղափարներով փոխանակվել։ Եվ ստացա Երևանում կայանալիք փառատոնի հրավեր։ Ու քանի որ, բարեբախտաբար, այս շրջանն ինձ համար ազատ էր, կարողացա երեք օրով գալ Երևան։

-Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու։

-Ամբողջ երեկոյի ընթացքում հնչելու են Մոցարտի ստեղծագործությունները։ Կարծում եմ՝ կամերային նվագախմբի և այս դահլիճի համար համապատասխան ծրագիր է։

-Հայ հանդիսատեսի հետ երևի թե առանձնապես ծանոթ չեք։ Դուք ինչ-որ ներքին լարվածություն ունե՞ք, կամ անծանոթ ունկնդրի հետ հանդիպումը Ձեզ համար սովորակա՞ն բան է։

-Ըստ իս՝ Հայաստանում հանդիսատեսը բարյացակամ է։ Ես երեկ «Արմենիա» փառատոնի շրջանակում մեկ այլ համերգի էի ներկա, որի ընթացքում հրաշալի մի ջութակահար էր ելույթ ունենում։ Նա շատ լավ էր նվագում, ունկնդիրն էլ համապատասխանաբար շատ լավ ընդունեց վերջինիս։

-Դուք Բեթհովենի և Մոցարտի անվան երկու միջազգային մրցույթների հիմնադիրն եք։ Դուք դրանց մասնակցում եք որպես ժյուրիի անդա՞մ, թե՞ որպես հանդիսատես։ Ի՞նչ տարբերություն դրանց միջև. չէ՞ որ յուրաքանչյուր մրցույթ ունի իր դեմքը։

-Իհարկե։ Իմ ղեկավարած մրցույթների համար ես ընտրում եմ ծրագիր, ներգրավված եմ մասնակիցների ընտրությանը և ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի մրցույթները կրեն փառատոնային բնույթ։ Ընտրում եմ ծրագիրն այնպես, որպեսզի ավելի հեշտ լինի գնահատել և ավելի շատ հնարավորություններ լինեն դիտարկելու կատարողի մասնագիտական որակները։ Օրինակ, Բոննում տեղի ունեցող Բեթհովենի մրցույթում ներառված են ոչ միայն Բեթհովենի ստեղծագործություններ, ինչով էլ այն տարբերվում է Վիեննայում կայացող Մոցարտի մրցույթից, որտեղ հնչում են բացառապես Մոցարտի գործերը։ Իհարկե, յուրաքանչյուր մրցույթ ունի իր չափորոշիչները։

-Քովիդով պայմանավորված՝ անցած մեկ տարին բոլորի համար բավականին ծանր էր, այն փոխեց կյանքի սովորական ընթացքը։ Ստեղծագործական առումով ինչպիսի՞ն էր այդ մեկ տարին Ձեզ համար։

-Ամենամեծ շեշտադրումը դասավանդման վրա էր արված։ Ինձ համար խորթ է առցանց դասավանդման ձևաչափը։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում դիմում ես այդ մեթոդին, բայց ես այնքան էլ չեմ օգտագործում դա։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Դրանք ընդգրկու՞մ եք Ձեր երկացանկում, թե՞ կարծում եք, որ ժամանակ է պետք, որպեսզի այդ գործերի վրա ուշադրություն դարձվի։

-Ես միանգամայն բաց եմ ժամանակակից երաժշտության նկատմամբ։ Կա և՜ լավ, և՜ վատ ժամանակակից երաժշտություն։ Կա երաժշտություն, որ ինձ դուր չի գալիս, և որը ես չեմ ընդունում։ Դա այն երաժշտությունն է, որը կարծես թե ստեղծվել է թվաբանորեն։ Բայց կան նաև հրաշալի գործեր՝ շատ զգացմունքային, գունագեղ։ Ես հաճախ եմ կատարել ժամանակակից գործեր, շատ ստեղծագործությունների առաջին կատարողն եմ եղել։ Բայց պետք է խոստովանեմ, որ վերջին շրջանում ինձ ավելի շատ գերում է դասական ռոմանտիկ երաժշտությունը։ Զգում եմ, որ հանդիսատեսը դրա պահանջն ունի, այդ երաժշտությունը շատ բովանդակալի է։ Այն ավելի խորաթափանց է։ Բայց առանց լավ ժամանակակից երաժշտության էլ անհնար է։ Օրինակ, լեհ կոմպոզիտոր Քրիստոֆ Մայերն ինձ կոնցերտ է նվիրել, և ես այն կատարել եմ տարբեր երկրներում։ Նաև մեր պարտականությունն է աջակցել ժամանակակից կոմպոզիտորներին։ Եթե նրանց չկատարենք, կարելի է ասել, պրակտիկորեն նրանք գոյություն չեն ունենա։

-Իսկ Դուք ինքներդ գրու՞մ եք երաժշտություն։

-Ցավոք, ոչ։ Փորձել եմ՝ անտանելի է։ Երբ փոքր էի, ինձ շատ օգնում էր Դմիտրի Կաբալևսկին։ Ես կատարում էի նրա գործերը։ Եվ նրա հերթական գործը կատարելուց հետո ինձ խնդրեցին ինչ-որ բան գրել։ Երկար տառապեցի և գրեցի ինչ-որ անտաղանդ մի քայլերգ։ Ցավոք, կոմպոզիտորական շնորհ չունեմ։

-Դասական երաժշտությունից բացի երաժշտական ի՞նչ ուղղություններ են Ձեզ հոգեհարազատ։

-Շատ եմ սիրում ջազը, հատկապես սիմֆոջազը։

-Կատարո՞ւմ եք։

-Երբ բանակում էի ծառայում, կոլեգաներիս հետ, այո, նվագում էի։ Բայց այդ կատարումները բնավ գեղարվեստական բնույթ չունեին։

-Իսկ անհաջողություններ ունեցե՞լ եք։ Գուցե կարիերայի սկզբու՞մ։

-Ոչ միայն կարիերայի սկզբում։ Չէ՞ որ մենք մեքենաներ չենք, մարդիկ ենք։ Երբեք չես կարող իմանալ, թե ելույթի օրն ինչպես քեզ կզգաս։ Հետո կապ ունի նաև կոմպոզիտորի, նրա ստեղծագործության նկատմամբ վերաբերմունքդ։ Ի վերջո, չի բացառվում, որ վատ եղանակը, ճնշումը, տրամադրությունն անդրադառնան կատարմանդ վրա։

-Եվ վերջում, խնդրում եմ ներկայացրեք Ձեր տպավորությունները Հայաստանի մասին։

-Պատմականորեն Հայաստանը չափազանց հետաքրքիր երկիր է՝ առաջին քրիստոնեական երկիր, երաժշտական առանձնահատկություններ, հատկանշական է, մասնավորապես, Կոմիտասի երաժշտությունը։ Մարդիկ շատ զգացմունքային են, պարզ, թեև շատ խնդիրներ կան։ Հայերի մեջ մարդկայնություն կա։ Ինձ թվում է, որ նրանք շատ փայփայում են մշակույթը։ Հանդիսատեսը շատ ջերմ է ու շնորհակալ։ Միայն կարող եմ ցանկանալ, որ ձեզ չխանգարեն։

 

Ելենա ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031