Աշխատանքի օրենսդրության ոլորտում կատարված փոփոխությամբ՝ աշխատող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն՝ իրենց իրավունքներն արտադատարանական կարգով պաշտպանելու: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, ընդունվել է 81 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր:
Ըստ Իգիթ Հակոբյանի, 113 դիմումները վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն եւ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն. «Հատկանշական է, որ 2020 թվականի ողջ ընթացքում ունեցել ենք ընդամենը 95 աշխատանքային օրենսդրության կարգը խախտելու մասին դիմումներ: Այսինքն՝ թվային տարբերությունն ակնհայտ է»:
Պարոն Հակոբյանն ասաց, որ աշխատողներից ստացված հիմնական բողոքները աշխատավարձը ժամանակին չվճարելու եւ վերջնահաշվարկ չկատարելու մասին են:
Եթե ուսումնասիրությունից հետո, պարզվում է, որ գործատուն օրենք է խախտել ու չի կատարում տեսչական մարմնի առաջադրանքը՝ ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 80-150 հազար դրամի չափով, իսկ, եթե նույն տարում կրկնում է խախտումը՝ տուգանվում է 100-200 հազար դրամ:
Կարդացեք նաև
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը նշեց, որ օրենքի խախտումները հիմնականում գործատուների չիմացության հետեւանք են:
Հակոբ Իգիթյանն ասաց, որ եթե տեղեկատվություն են ստանում, որ այս կան այն գործատուն անօրինական աշխատուժ է թաքցնում, չի գրանցում, ապա տեսչական մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ եւ ուսումնասիրություն կատարել տվյալ ընկերությունում. «Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ իրականում ունեն անօրինական աշխատանք կատարողներ, ապա, գործատուն ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 50 հազար դրամով: Քանի անօրինական աշխատող հայտնաբերեցինք, յուրաքանչյուրի համար 50 հազար տուգանվում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ