Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական երաժշտությունը միշտ կապ ունի հոգեւորի հետ». Ֆեդերիկո Մոնդելչի

Հոկտեմբեր 22,2021 14:46

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացած ասուլիսում նշեց, որ հոկտեմբերի 26-ին եւ 28-ին երկու յուրահատուկ համերգ է կայանալու իտալացի հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ, որը նաեւ հոկտեմբերի 26-ի համերգի դիրիժորն է:

Հավելեց, որ ծրագիրը միասին են կազմել իտալացի երաժշտի հետ, այնտեղ ներառված են Շառլ Ազնավուրի, Միքայել Թարիվերդիեւի, Նինո Ռոտայի ստեղծագործությունները, համերգին սպասվում են նաեւ անակնկալներ: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 28-ին իտալացի ակորդեոնահար Սիմոնե Զանկինի մասնակցությամբ համերգին, այն էլ նվիրված է Աստոր Պիացոլլայի ծննդյան 100-ամյակին:

Լրագրողի հարցին՝ ո՞րն է Հայաստանի հանդեպ իր սիրո պատճառը, բազմիցս Հայաստան այցելած Ֆեդերիկո Մոնդելչին այսպես պատասխանեց. «Այս երկրում որակի հետ կապված յուրահատկություն կա, հատկապես երաժշտության որակի առումով: Նույնիսկ այն կինոերաժշտության մեջ, որը Մանսուրյանը, Բաբաջանյանն են հեղինակել, դու միշտ զգում ես Հայաստանի շունչը: Օրինակ, Նինո Ռոտայի երաժշտությունը՝ Ֆելինիի ֆիլմերից հայտնի, գեղեցիկ երաժշտություն է, բայց եթե խոսում ենք հայկական երաժշտության մասին, այն լիովին ներծծված է հայկականությամբ…Հայկական երաժշտությունը միշտ կապ ունի հոգեւորի հետ, կարծես երկնային երաժշտություն լինի, նույնը Ազնավուրի դեպքում է»:

Իտալացի սաքսոֆոնահարն ասաց, որ այս տարին հոբելյանական է Թարիվերդիեւի համար, դրանով է պայմանավորված առաջին համերգի ծրագիրը: «Թարիվերդիեւն ու Ազնավուրը կոմպոզիտորներ են, որոնք միայն դասական ժանրում չեն ստեղծագործել, երաժշտություն են գրել հեռուստատեսության, ֆիլմերերի համար… Այս երկու կոմպոզիտորների միջեւ ես ինչ-ինչ ընդհանրություններ եմ տեսնում»:

Մոնդելչին հավելեց, որ Թարիվերդիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ մի անգամ հանդես է եկել Վերոնայում կայացած համերգում, Ազնավուր էլ պատրաստվում է հնչեցնել հաջորդ անգամ, մի անգամ էլ Սանկտ Պետերբուրգում է Ազնավուր հնչեցրել:

Իտալացի սաքսոֆոնահարը նշեց նաեւ, որ կարեւորը երաժշտության մեջ եւ կյանքում համբերատար ու մարդկանց հանդեպ բարեհամբույր լինելն է, շրջապատին լավագույնը տալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մոնդելչիի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031