Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում։ Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին Թուրքիայի կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքները նվազեցնելու որոշումից անմիջապես հետո արտարժույթի շուկայում լիրայի փոխարժեքները կտրուկ բարձրացել են։
Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադառնալով թեմային, նշել է, որ կենտրոնական բանկի հիշյալ որոշումն ինքնասպանություն է։
«Վառելիքի, էլեկտրաէներգիայի, գազի գները թանկանում են, իսկ մեր հայրենակիցները հայտնվում են թանկացումների շղթայում։ Տոկոսադրույքների այս նվազեցման պատճառը միանձնյա ռեժիմն է, հետևանքը՝ տոկոսադրույքը։ Եթե տոկոսադրույքներն իջեցնենք առանց այս համակարգը փոխելու, դոլարը կբարձրանա»,-ասել է պատգամավորը։
Փայլանի խոսքով՝ այժմ Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի։
Կարդացեք նաև
Աղբյուր` rudaw.net/ermenihaber.am