Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը, անգամ հարյուր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում

Հոկտեմբեր 22,2021 12:25

Հոկտեմբերի 19-21ը Երեւանում անցկացվեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտները, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցեցին անվանի հայ եւ օտար պատմաբաններ և միջազգային փորձագետներ.

Միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն, ամփոփելով աշխատանքները, հանդես է եկել հայտարարությամբ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1921 Թ. ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

 

2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի գիտական հանրույթի մասնագետներ, միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ քսաներկու զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմության այս կարևոր ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրների ամբողջությունը:

 

Գիտաժողովի ընթացքում

  • բազմակողմանի, խորը վերլուծության ենթարկվեց 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պատմությունը,
  • պատմաիրավական, քաղաքական բնույթի արժևորումներ կատարվեցին 1918-1921 թթ. աշխարհաքաղաքական խորքային գործընթացները՝ մեր ժողովրդի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,
  • մասնագիտական քննության առարկա դարձավ պատմական այս ժամանակաշրջանի քաղաքական դասերի արդիականությունն ու ազդեցությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա,
  • փաստվեց, որ հայկական շահերի անտեսման և անարդարության վրա հիմնված քաղաքական կայունությունը, առկա խնդիրների սառեցման մարտավարությունը ժամանակավոր բնույթ են կրում, ցանկացած աշխարհաքաղաքական ցնցում այդ պարագայում խարխլում է ոչ միայն տարածաշրջանային հավասարակշռության համակարգը, այլև իրական սպառնալիք է ստեղծում համաշխարհային ուժային հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

 

Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը, անգամ հարյուր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում՝ թույլ չտալով այստեղի պետություններին վարել սուվերեն, փոխադարձ շահերի հաշվառմամբ ձևավորված քաղաքականություն:

Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ հարավկովկասյան ներկա գործընթացներին և հնարավոր զարգացումներին:

Մատնանշվեցին

  • ռազմաքաղաքական ներկա իրավիճակի տարբերություններն անցյալ դարի 20-ականներից,
  • հայկական գործոնի օբյեկտային վիճակից դեպի սուբյեկտայնություն առաջնորդվելու հնարավոր տարբերակները: Այս տեսանկյունից կարևորվեց Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը հայ ժողովրդի պետականության ինքնիշխանության և լինելիության ապահովման տեսանկյունից,
  • հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները,
  • տարածաշրջանում ուժային հիմնական կենտրոնների միջև ընթացող բարդ մրցակցության պատկերը,
  • ավանդական՝ ռուսական, թուրքական շահերի հետ միաժամանակ իրականան գործոնի աճող դերակատարությունը:

Գիտաժողովն իբրև ամփոփում հաստատեց, որ 1920-ականների սկզբի տխուր պատմության կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի ազգային կառույցների ամրապնդումն է, միասնական քաղաքակրթական նշանակության ազգային արժեհամակարգի ձևավորումն ու համադրված աշխատանքների կազմակերպումն է:

 

1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի կազմկոմիտե

 

21 հոկտեմբերի, 2021 թ.

ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031