Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանին կողմերից բացի այլ մեկը պետք չէ. Պուտին

Հոկտեմբեր 22,2021 10:59

Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրների լուծման գործում, և այդ հարցում կողմերից բացի որևէ այլ մեկի մասնակցությունը պետք չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Սոչիում անցկացվող «Վալդայ» ակումբի նիստին:

«Հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ որևէ բան անել,- ասել է Պուտինը: – Այստեղ թերևս բացի Ռուսաստանից և երկու կողմերից այլ մեկը պետք էլ չէ: Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան. որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, ինչպես է անցել երկու խորհրդային հանրապետությունների սահմանը խորհրդային տարիներին… Այնտեղ կան հարցեր, որոնք պահանջում են երկկողմ փոխզիջումներ, ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ բան փոխանակել: Բայց միայն այնպես, որ դա ընդունվի, որ հասկանալի լինի և շահավետ լինի կողմերի համար»:

Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս այն բանի օգտին, որ գտնվի կարգավորման բազմակողմանի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացում: Նրա խոսքով՝ այս պահին այդպիսի աշխատանք տարվում է, իսկ այդ գործընթացի գլխավոր նպատակն է «ստեղծել անվտանգության իրավիճակ և հետագայում հարաբերությունները կարգավորել դրական մթնոլորտում»:

«Առայժմ այն, ինչ մենք մեր առջև դրել ենք որպես նպատակ, ընդհանուր առմամբ չի հաջողվում դրան հասնել: Բայց, իհարկե, պետք է նայել ապագային, նայել՝ ինչ կլինի հետո: Հարցն այն չէ, որ մեր (եռակողմ-խմբ.) հայտարարության համապատասխան հոդվածով նախատեսվում է ռուսական կոնտինգենտի ներկայության հնարավոր երկարաձգում: Արդյոք դա՞ է խնդիրը: Խնդիրն այն է, որ հարաբերություններ ստեղծենք երկու երկրների միջև, ա՛յ սա է ամենակարևորը: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի դա անել»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական խոհեմություն դրսևորեցին, երբ որոշում կայացրին դադարեցնել արյունահեղությունն Արցախում:

«Նախ, պետք է արժանվույնս գնահատել այն քաղաքական խոհեմությունը, որ դրսևորեցին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը: Այնուամենայնիվ, չնայած կատարվող իրադարձությունների ողջ ողբերգականությանը, նրանց հաջողվեց վեր կանգնել այսրոպեական կոնյուկտուրայից և ընդունել համապատասխան որոշում… Այնուամենայնիվ, նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը: Բայց հարցն անգամ միայն դա չէ, չնայած որ մարդկային կյանքեր պահպանելուց բացի՝ այլ կարևոր բան չի էլ կարող լինել: Այնուամենայնիվ, կան առավել կարևոր ասպեկտներ. պետք է ստեղծել պայմաններ՝ տարածաշրջանում ընդհանուր առմամբ երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ձեռք բերված պայմանավորվածություններն ընդունեն որպես երկարաժամկետ և երկու կողմերից էլ գնահատեն, ցանկանում եմ ընդգծել, խաղաղ համագոյակցության առավելությունները: Իսկ դրանում շահագրգռված են բոլորը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ երկու երկրներում էլ կան շերտեր, որոնք դժգոհ են իրենց ղեկավարությունների ընդունած որոշումներից: «Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են և կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Դրան միշտ հետևում է պատասխանը. փորձեք ավելի լավ անել»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկու կողմերի ջանքերը պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին՝ ապահովել երկու պետությունների անվտանգ համագոյակցություն և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման համար»:

«Հնարավո՞ր է դա անել, թե ոչ: Հնարավոր է,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ հօգուտ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման:- Մեր խաղաղապահները արժանապատիվ կերպով կատարում են իրենց աշխատանքը: Արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հայրենի վայրեր»:

Պուտինը նաև նշել է, որ այս պահին Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել հանգիստ իրավիճակ, չնայած այն միջադեպերին, որոնք երբեմն հանգեցնում են մարդկային կորուստների:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031