Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահապարտի մահապարտ որդին՝ Կարենը

Հոկտեմբեր 22,2021 14:30

Արդեն մեկ տարի է՝ Պողոսյանների ընտանիքի վիշտն էլ հազարավոր ընտանիքների նման ծանր է ու մեծ: Սակայն գիտակցում են՝ որդին՝ Կարենը, միայն իրենց հերոսը չէ, նա բոլորի հերոսն է, նաեւ ներկա ու ապագա սերունդների: Կարեն Պողոսյանն էլ հարյուրավոր հերոսների նման իր կյանքը կիսատ թողեց՝ ապրելու անսպառ ցանկությունը սրտում:

Ինչպես հայրը՝ Ֆելիքս Պողոսյանն է պատմում, որդին անսահման լավատես էր, չափազանց հայրենասեր: Ասում է՝ որդին մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ, բայց նրա մեծագույն սերը Հայրենիքն էր։ Եվ պատահական չէ, որ երկար տարիներ արդեն ԱՄՆ-ում բնակվող Կարեն Պողոսյանը, թողնելով «փափուկ» կյանքը, երկու որդիներին, պատերազմի առաջին օրերին վերադառնում է Հայաստան ու նույն օրը ինքնակամ ներկայանում տարածքային զինկոմիսարիատ՝ Արցախ մեկնելու եւ մարտի դաշտում իր ներդրումն ունենալու նպատակով։ Հոկտեմբերի 17-ին զորակոչվում է, ընդգրկվում ՊԲ կազմում եւ կատարում մարտական առաջադրանքներ։

2020 թվականի հոկտեմբերի 21-ին, սակայն, թշնամու անօդաչու թռչող սարքը խլում է Կարենի կյանքը:
Այսօր Կարեն Ֆելիքսի Պողոսյանի նահատակվելու մեկ տարին է: Մեկ տարի առաջ այս օրը ավագ լեյտենանտ Կարեն Պողոսյանը ինքնազոհ գործողության շնորհիվ մարտընկերներին դուրս է հանում շրջափակումից:

Հայրը պատմում է. «2020թ. հոկտեմբերի 21-ին զորամասի հրամանատարության կողմից ստանալով հերթական առաջադրանքը, 11 հոգուց բաղկացած պահեստազորի սպայական խումբը դիրքավորվում է ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ վայրում, դեպի Շեխեր բնակավայր գնացող ճանապարհահատվածում։ Հակառակորդի լայնածավալ հարձակման ընթացքում խումբը կազմակերպված դիմակայում է եւ հետ մղում թշնամուն։ Լրացուցիչ ուժեր կենտրոնացնելով՝ հակառակորդը փորձում է շրջանցել խմբին աջ եւ ձախ թեւերով։ Ստեղծված իրավիճակում, չունենալով հակահարվածի համար անհրաժեշտ զինատեսակներ, որոշվում է նահանջել եւ դուրս գալ շրջափակման մեջ հայտնվելու վտանգից։ Ավագ լեյտենանտ Կարեն Պողոսյանը գնահատելով իրավիճակը, մարտական ընկերների հետ քաշվելը ապահովելու նպատակով, չլսելով մարտընկերների կոչերը, որ թողնի դիրքերը եւ հետ նահանջի, շարունակում է մարտը առաջացող հակառակորդի դեմ։ Օգտագործելով ունեցած զինամթերքն ու երկու ձեռքի նռնակները, նա կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը եւ հնարավոր դարձնում 10 մարտընկերների անվտանգ նահանջը»։

Հակառակորդը հանդիպելով համառ դիմադրության, ԱԹՍ-ով հարվածում է Կարեն Պողոսյանի զբաղեցրած դիրքին, որից հետո կարողանում է առաջանալ։ Կարենի աճյունը հայտնաբերվում է նոյեմբերի 22-ին, Արցախի ԱԻՆ ծառայության կողմից, մարմինը կիսով չափ հողով ծածկված վիճակում։ Կարենը զոհվում է Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում:

Կարեն Պողոսյանը ծնվել է 1978 թվականին: Ժամկետային զինծառայությունից ու բարձրագույն կրթություն ստանալուց հետո 2003-2009 թվականներին ծառայության է անցնում ՀՀ ՊՆ համակարգում՝ զբաղեցնելով սպայական պաշտոններ: 2009 թվականին ընտանիքով մեկնում է ԱՄՆ:

Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը Կարենին ծնողներից, մասնավորապես՝ հորից է փոխանցվել: Արցախյան առաջին պատերազմին էլ՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի մարտակոչին արձագանքել է հայրը՝ ազատամարտիկ, պահեստազորի սպա Ֆելիքս Պողոսյանը: Նոր ձեւավորվող մահապարտների գումարտակում նա նշանակվում է 7-րդ դասակի հրամանատար եւ դասակով մասնակցում Մարտակերտի ռազմաճակատի Վանք, Վաղուհաս, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանության մարտերին: Հետագայում ծառայության է անցնում հայկական բանակում՝ զբաղեցնելով լեգենդար 5-րդ բրիգադի օպերատիվ բաժնի պետի եւ հրամանատարի տեղակալի պաշտոնները: Մասնակցում է Արցախի Մարտակերտի եւ Հադրութի շրջանների շուրջ 50 բնակավայրերի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

Մարտական գործողությունների համար ցուցաբերած արիության եւ խիզախության համար պարգեւատրվում է ՀՀ «Արիության համար» մեդալով եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հետագա ծառայության ընթացքում զբաղեցնում է բարձր հրամանատարական պաշտոններ գործող զորամասերում եւ ՊՆ կենտրոնական ապարատում՝ ստանալով գնդապետի զինվորական եւ հատուկ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի՝ գեներալ-մայորի դասային աստիճան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հավերժ փառք հայրենիքի նվիրյալին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031