2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգրքով իրավաբանական անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն, սակայն հիշյալ դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականից: Ինչո՞ւ է այս փոփոխությունը տեղ գտել քրեական օրենսգրքում, իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմքերի, նորմի արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային փորձի մասին զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:
– Պարոն Ահարոնյան, իրավաբանական անձի նկատմամբ քրեական պատասխանատվության միջոցների կիրառում եզրույթը հանրության մոտ շփոթություն է առաջացրել, կխնդրեմ փոքր-ինչ մանրամասնել:
– Այո, ճիշտ եք նկատել։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մոդելը խորթ է հայկական իրավունքին։ Նախագծի սաղմնային փուլում եւ դրանից հետո բազմաթիվ են եղել այս մոդելի առանձնահատկությունների վերաբերյալ իրավական բանավեճերը։ Դա էր երեւի պատճառը, որ օրենսդիրն ամեն դեպքում որոշեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտցնել 2023 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ հնարավոր է մինչեւ 2023 թվականը որոշակիորեն փոփոխվի իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդրված մոդելը։ Նշեմ, որ մինչ այս նոր քրեական օրենսգրքի ընդունումը, գործող կարգավորումներով քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է քրեական օրենսգրքով սահմանված տարիքի: Մինչդեռ, նոր քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ի մասի կարգավորումներից բխում է, որ քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաեւ իրավաբանական անձը:
Այս կարգավորումների արմատները մի քանիսն են. նախ քրեական պատասխանատվության այս մոդելը՝ շուկայական տնտեսությամբ պայմանավորված, քիչ թե շատ հայտնի է եւ կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, երկրորդը՝ հատկանշական է հիշատակել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որի 26-րդ հոդվածը նախատեսում է իրավաբանական անձանց պատասխանատվությունը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր իրավական սկզբունքների համաձայն, կարող են անհրաժեշտ լինել իրավախախտումներին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել Կոնվենցիային համապատասխան: Կոնվենցիայով նախատեսված է մասնակից պետությունների կողմից իրավաբանական անձանց պատասխանատվությունը: Իրավական սկզբունքների պահպանման պայմաններով պայմանավորված այդ պատասխանատվությունը կարող է լինել ինչպես քրեական, այնպես էլ՝ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական։ Մեր երկիրը ընտրել է քրեական պատասխանատվության մոդելը։
Կարդացեք նաև
– Կարծում եք քրեական պատասխանատվություն սահմանելն ավելի արդյունավե՞տ է։
– Քանի դեռ մեր երկրում լիարժեք չի կիրառվել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մոդելը, չեմ կարող խոսել արդյունավետության մասին։ Ես առավելապես հակված էի իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանող նորմերը միանգամից չքրեականացնելուն, այլ կիրառել փուլային գործիքակազմ՝ սկզբնական փուլում այս դրույթներն ընդգրկելով նախ վարչական օրենսդրության մեջ։ Օրինակ՝ Գերմանիայում եւ Իտալիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը վարչական իրավախախտման տիրույթում է։ Տեսաբան-իրավաբանների մի մասն այս հանգամանքը պայմանավորում էր միայն ֆիզիկական անձին որպես հանցագործության սուբյեկտ դիտարկելու ընդհանուր կանոնով, քանի որ անկյունաքարային նշանակություն ունեն ինչպես անձնական պատասխանատվության, այնպես էլ՝ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքների որդեգրումը։ Մյուս կողմից, ենթադրվում է, որ այն երկրները, որոնք ունեն մասնագիտացված վարչական դատարաններ եւ վարչական դատավարություն, ապա ավելի քան ցանկալի է նախ կիրառել վարչական պատասխանատվություն, հետո միայն քրեական, եթե վարչականն արդյունավետ չլինի։
– Որո՞նք են իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։
– Նախ, մեր երկրում քրեական պատասխանատվության է ենթակա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը: Քրեական պատասխանատվության ենթակա չեն, օրինակ, պետական հիմնարկները, ՏԻՄ-երը, կենտրոնական բանկը: Նոր քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածում մանրամասն նկարագրված է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմքերը։ Կցանկանայի շեշտել, որ ֆիզիկական անձի եւ իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունն իրարից անջատ են եւ քրեական օրենքով արգելված նույն արարքի համար կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ՝ իրավաբանական անձինք։
Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց ո՞ր գործողություններն են առաջացնում իրավաբանական անձի պատասխանատվություն։
Անշուշտ, իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը ծագում է, եթե իրավաբանական անձը ներկայացնող անձի գործողություններում կան ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ, օրինակ՝ առաջարկում է կամ խոստանում է կաշառք կամ տալիս է։ Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունն առաջանում է նաեւ այն դեպքում, երբ, օրինակ, Ընկերության պատասխանատու անձն աշխատակցին հրամայում է, ազդեցություն է գործում նրա վրա կամ օժանդակում է նրան հանցագործություն կատարելու մեջ:
Հետաքրքրության համար նշեմ, որ հանցանքը համարվում է ի շահ իրավաբանական անձի կատարված, եթե հանցագործության նպատակների մեջ եղել է իրավաբանական անձի համար գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտներ ստանալը, այդ թվում՝ եկամուտն ավելացնելը, ծախսերը կամ կորուստները նվազեցնելը, իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից ազատվելը, իրավունքներ ձեռք բերելը կամ պարտականություններից ազատվելը:
– Որո՞նք են կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցները կամ այլ կերպ ասած՝ պատժի տեսակները:
– Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցներն (պատիժներն) են՝ տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, հարկադիր լուծարումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը: Ի տարբերություն այլ երկրների, մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցների կամ այլ կերպ ասած՝ պատասխանատվության միջոցների ցանկը սպառիչ է։
Գտնում եմ, որ բավականին խիստ պատժատեսակներ են ընտրված եւ դրանք ոչ թե նախատեսված են ենթադրյալ հանցագործությունը կանխարգելելու, այլ թվում է, թե տնտեսական ընկերությունների հարկադիր լուծարմանն են ուղղված։ Հարկավոր էր պատասխանատվության մասով շեշտը դնել առավելապես կանխարգելիչ պատիժների վրա՝ հիմք ընդունելով համաչափության սկզբունքը։ Ցավոք սրտի, չի նախատեսվել այլընտրանքային պատիժներ, օրինակ, վարչական հսկողությունը եւ այլն։ Արտասահմանյան մի շարք երկրներում, օրինակ, որպես առանձին պատասխանատվություն նախատեսված է պետական գնումների գործընթացին որոշակի ժամկետով մասնակցության անթույլատրելիությունը, որը, կարծում եմ՝ այլընտրանքային լավ գործիք է։
– Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ իրավաբանական անձը քրեական պատասխանատվության չենթարկվի կամ ազատվի քրեական պատասխանատվությունից:
– Իրավաբանական անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իրավաբանական անձի մասնակիցները, բաժնետերերը կամ փայատերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցները նոր քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց (կառավարչական լիազորություններ ունեցող անձանց, այլ աշխատակիցներ) կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Բացի այս, նշեմ, որ իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաեւ այն դեպքում, երբ վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները եւ պայմանները, եթե այդպիսիք առկա են, հատուցել է պատճառած վնասը եւ հարթել է ենթադրյալ հանցագործության այլ հետեւանքները, վերադարձրել է հանցանքի կատարման արդյունքում ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ստացված եկամուտը:
– Ո՞ր երկրներում եւ ինչպե՞ս է գործում իրավաբանական անձանց պատասխանատվության մոդելը։
– Իրավաբանական անձանց պատասխանատվությունն առաջացել է նախադեպային իրավունքից՝ Անգլիայում եւ ԱՄՆ-ում գրեթե զուգահեռ։ Երկու երկրներում էլ մինչ օրս իրավաբանական պատասխանատվությանը վերաբերող վարույթներն իրականացվում են քրեաիրավական կարգով։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտն ամրագրված է մի շարք այլ պետությունների օրենսդրությունում՝ Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Հունգարիայում, Իսրայելում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ այլ երկրներում։ Հատկանշական է, որ տարբեր երկրներ տարբեր դիրքորոշումներ ունեն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ։ Ավելին, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմքը տարբերվում է, ինչը պայմանավորվում է տվյալ երկրի իրավական համակարգերի առանձնահատկություններից։
Օրինակ՝ Գերմանիան եւ Իտալիան եւս իրենց օրենսդրությունների մեջ նախատեսել են իրավաբանական անձանց պատասխանատվությունը, մինչդեռ այս երկրներում դրանք իրականացվում են վարչաիրավական վարույթներով։
Հարցազրույցը վարեց Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2021