Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բռնոյի միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց ազդեցիկ եւ պատվով»

Հոկտեմբեր 22,2021 13:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) համավարակի խիստ սահմանափակումներից հետո առաջին համերգներն է ունենում արտերկրում:

Շրջագայության առաջին ելույթը կայացավ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի կապակցությամբ, Հռոմում Իտալիայի նախագահի նստավայր Palazzo Del Quirinale-ում: Նվագախումբը մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցրել է Կոմիտասի ստեղծագործությունները, Մանսուրյանի Ռոմանսը ջութակի եւ լարայինների համար, Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը եւ Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» երկը՝ գրված ջութակի եւ դաշնամուրի համար: Իբրեւ մենակատարներ հանդես են եկել իտալաբնակ մեր հայրենակիցները՝ դաշնակահար Մայա Օհանյանը եւ ջութակահար Սոնիկ Չաքրյանը: Երեկոյից հետո ֆիլհարմոնիկը ուղեւորվել է Չեխիա՝ մասնակցելու Բռնոյում անցկացվող «Մորավյան աշուն» 51-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին:

Նախօրեին «Առավոտը» կապվեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետ, որը մեզ փոխանցեց հետեւյալը. «Նվագախումբը մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ Բռնոյի Յանաչեկի անվան թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, որտեղ հանդիսատեսի թվում էին նաեւ Եվրոպայի այլ երկրներից ժամանած բազմաթիվ հայեր, երեկ հանդես եկավ բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագրով:

Մաեստրո Թոփչյանի մեկնաբանմամբ մատուցվեցին Տիգրան Մանսուրյանի «…and then I was in time again» ստեղծագործությունը ալտի եւ կամերային նվագախմբի համար, որի մենանվագը կատարեց իտալացի Լուկա Ռանիերին, ապա հնչեցին Ավետ Տերտերյանի 3-րդ եւ Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները»: Ոգեւորությամբ հավելեց, թե փառատոնի կազմակերպիչները նշել են, որ հայկական երաժշտությունը փառատոնի այս տարվա գլխավոր թեմաներից մեկն էր. «Բռնոյի ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ողջույնի խոսքում շեշտեց, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին, իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին՝ որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես երբ այս տարի լրանում է մեր երկրի անկախության 30 ամյակը: Ի դեպ, մեծ ոգեւորությամբ ընդունվեց Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանի ելույթը: Նշեմ, որ համերգի ավարտին հանդիսատեսը չէր խնայում ծափողջույնները: Երեկոյից անմիջապես հետո operaplus.cz կայքում մշակութաբան Կարլա Հոֆմաննովան հանդես եկավ մասնագիտական հոդվածով, որն ավարտվում էր «…Բռնոյի միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց ազդեցիկ եւ պատվով» խոսուն նախադասությամբ, ինչը, կարծում եմ, մեկնաբանության կարիք չունի»:

Լուկա Ռանիերին՝ ելույթի պահին

Ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ Աստղիկ Դալլաքյանը վերոնշյալին ավելացրեց, որ ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը լցված է համերգի մասին եվրոպաբնակ հայերի հիացական նամակներով ու գրառումներով: Նա մեզ տրամադրեց դրանցից մեկը, որի հեղինակը Նիդեռլանդներում բնակվող Ռոբերտ Ավաքն է: Վերջինս գրել է. «Հազարավոր կիլոմետրեր եմ կտրել, որ ներկա գտնվեմ այդ հրաշալի համերգին… Շատ-շատ գոհ ու շնորհակալ եմ: Ջերմագին համբույրներ եմ հղում նվագախմբի բոլոր երաժիշտներին եւ հարգարժան մաեստրո Թոփչյանին»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031