Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրականությունը փրկել է իմ կյանքը»

Հոկտեմբեր 22,2021 12:30

Հարցազրույց գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի հետ

– Պարոն Ավանեսյան, մի քանի խոսքով ինչպես կամբողջացնեք 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի հայ արձակի առանձնահատկությունները:

– Հայ արձակի զարգացումը շատ հետաքրքիր է, եւ իմ ուսումնասիրության վերնագիրը պատահական չէ. 20-րդ դարավերջ եւ 21-րդ դարասկիզբը որպես պարբերափուլ առանձնացրել եմ: Բավականին շատ են առանձնահատկությունները: Օրինակ, եթե տեսնում ենք 1960-80-ական թվականներին ինչպես է զարգանում հայ արձակը՝ քաղաքագրություն, գյուղագրություն, նման բանավեճեր, արդեն իսկ անկախության տարիներից սկսած եւ դրանից առաջ էլ գրականության մեջ տեղի ունեցավ համաշխարհային տենդենցների, միտումների, փիլիսոփայությունների, ընկալումների, գրական ուղղությունների ներթափանցումը, նաեւ, մասնավորապես հայ մշակույթի մեջ եղան այդ ներթափանցումները, ուստի հայ արձակը թեւակոխեց զարգացման մի նոր շրջափուլ:

Ունենք այնպիսի գրողներ, որոնք երկու պարբերափուլ են ունեցել իրենց ստեղծագործական կյանքում: Այդ տեսանկյունից կարելի է դիտարկել Զորայր Խալափյանին, Վահագն Գրիգորյանին, Նորայր Ադալյանին, ինչու չէ, կարող ենք այդ նույն բանաձեւում նշել Ռուբեն Հովսեփյանին, բայց որ իրոք հետաքրքիր նորություններ են ի հայտ գալիս արձակում, երեւում է 90-ական թվականներից, երբ գրական ասպարեզ են մտնում ավելի նորարար, հանդուգն գրողներ՝ Գուրգեն Խանջյան, Լեւոն Խեչոյան, եւ նրանք կարողանում են նոր շունչ բերել հայ գրականություն:

Հիմնական եւ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարծես թե գրականության մեջ կերպարի փոփոխություն է տեղի ունենում, եւ ահա, երբ դիտարկում ենք՝ խորհրդային տարիների արձակում լրիվ ուրիշ կերպարներ էին, ուրիշ մարդիկ էին՝ ընտանեկան հոգսերով, աշխատանքով, հիմա կարծես մարդը լքված, մեկուսացած, աշխարհի նորություններին չի հասցնում համաչափ քայլել, մի տեսակ լուսանցքում է հայտնվել. այս կերպարն անընդհատ կա: Եվ պատահական չէ, որ 90-ականների սկզբին, անտունին, թափառականը, հարբեցողը դառնում էին գրական կերպարներ, բայց հետագայում ավելի հղկվեց եւ մարդու ինքնահայեցումը դառնում է հայ արձակի գլխավոր առանձնահատկություններից մեկը:

Եվ շատ ստեղծագործություններ կան, որտեղ գործողությունները պակաս են, բայց կա ներհայեցումը, խոհականությունը, աշխարհի եւ կյանքի հետ չհաշտվելու միտումը: Այս կերպարի ձեւափոխումը բնորոշ է 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի մեր արձակին: Նաեւ նշեմ, որ կերպարային բազմազանություն է տեղի ունենում եւ անպայման հայ արձակ նոր հերոս է մտնում: Արձակն ավելի շատ խոհագրական է դառնում, տեսնում ենք սյուժետիկ գծերի պակաս եւ էսսեիստիկայի ներթափանցում, որն էլ խառնում է ժանրերը:

– Արձակին չի զիջում նաեւ պոեզիան: Մի քիչ խոսենք ձեր հոդվածների եւ գրախոսականի մյուս ժողովածուից՝ «Հայ պոզիան ինչպես որ է»:

– Որպես այդպիսին մտահղացում չունեի, որովհետեւ մտածողությանս մեջ ավելի շատ մենագրային ժանրի եւ ուսումնասիրության պահն է, բայց հետո տեսա, որ ժամանակի հետ խոսող հոդվածներ են եւ փորձում ենք մեր աշխատանքով ներկայացնել ժամանակի պոեզիայի ոչ միայն տեսական խնդիրները, այլ նաեւ առանձին երեւումները: Այդ գրքում հենց առանձին հեղինակների առանձին գրքերի մասին գրախոսություններ եւ հեղինակների մասին դիմանկարներ են, որն ավելի շատ հոդվածների շարք է եւ դրա համար էլ վերնագրեցի «Հայ պոեզիան ինչպես որ է», որը, կարելի է ասել, «Անկախության պոեզիան» գրքիս որոշ չափով լրացնում է հատկապես մասնավոր երեւումների պարագայում:

– Գրականագիտությունը հետընթաց սիրո՞ւմ է:

– Կարծում եմ` ոչինչ այս աշխարհում հետընթաց չի սիրում: Բոլոր տեսակի հետընթացները բերում են դեգրադացիայի, իրենք որպես այդպիսին ընդդեմ զարգացման են: Բայց գիտե՞ք՝ գրականագիտությունը եւ ընդհանրապես գրականությունը նաեւ ազգի հիշողություն է, եւ անցյալի նկատմամբ հայացքը միշտ պետք է լինի: Չարենցը լավագույն ձեւակերպումը տվել է իր մեկ տողով. «Հայացքս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած»: Ամեն մարդ, ամեն ստեղծագործող ինքը պետք է հասկանա, որ պատասխանատու է իր ապրած ժամանակի համար:

– Արդի արձակում շատ անգամ ժանրի բացակայությունը նկատելի՞ է:

– Ժամանակակից գրականության մեջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում եւ իմ ուսումնասիրություններում անընդհատ այդ մասին խոսել եմ, եւ դա բնորոշ է հետմոդեռնիստական կամ հետհետմոդեռնիստական գրականությանը: Ժանրերը որպես այդպիսին միախառնվել են իրար, ոչ միայն ժանրերը, այլ նաեւ գրական սեռերն են միտված խառնվելու իրար: Մենք տեսնում ենք օրինակ բանաստեղծական պատկերավոր մտածողությամբ գրված վեպեր, պատմողականությամբ հարուստ բանաստեղծություններ, որտեղ, շատ գրողների մոտ, տողանցումը շատ դեպքերում պայմանական երեւույթ է: Կարող եմ նշել էսսեիստիկան, որը ներթափանցել է արձակի մեջ՝ վեպում՝ հատվածների տեսքով, պատմվածքում, տեսնում ենք հրապարակախոսության ժանրը, որը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է գեղարվեստական գրականություն: Մի շարք ժանրեր կան, որ այո, խառնվել են իրար:

– Ստեղծագործական ի՞նչ բովանդակություն է պահանջում արդի արձակն ու պոեզիան: Փոխվե՞լ է պահանջը:

– Գրաշուկան որոշակի չափով իր պահանջները պարտադրում է, հատկապես գովազդային արշավների հետ կապված, եւ տեսնում ենք, որ թարգմանվում են արդեն իսկ տարբեր երկրներում գովազդված գրքեր, որոնք մեծ հաջողություն են ունենում վաճառքի տեսանկյունից, բայց հարց է, թե դրանց մշակութաբանական եւ արժեքաբանական գործառույթը որքան է եւ որքան չէ: Մյուս տեսանկյունից պետք է դիտարկել, որ ժողովուրդը բացի քաղաքականությունից, ոչ մի բանով կարծես հետաքրքրված չէ, եւ շատ դեպքում գրողը, գրականության մարդը տուրք է տալիս գովազդին կամ հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որ գրողին շատերը նայում են որպես աղանդավորի եւ շատ դեպքերում ամաչում ես մարդուն հարցնես՝ ի՞նչ գիրք ես կարդացել կամ ե՞րբ ես վերջին անգամ գիրք կարդացել: Գրականության նկատմամբ պահանջը հեղինակի կողմից գուցե եւ փոխվել է:

Հիմա յուրաքանչյուր գրողի գիր իր ժամանակի արտացոլանքն է տալիս, ժամանակի կնիքն ու շեշտադրումները կրում իր վրա: Այսօր գրողը համեմատաբար որոշ ազատականություն է վայելում, պատրաստ է բոլոր տեսակի փորձարկումներ անել: Գրականության մեջ ներթափանցեց նաեւ խաղի գիտակցությունը, ժամանցը եւ մարդը սկսեց գրականությանը վերաբերվել իբրեւ ժամանցի, խաղի: Լավագույն տարբերակն ըստ իս Արմեն Շեկոյանի վերջին շրջանի գրականությունն է եւ այս համատեքստում չպետք է մոռանանք, որ գաղափարական կարծրատիպեր չկան գրողի համար: Բովանդակային առումով գրողն ընթերցողին է նկատի ունենում շատ դեպքերում, եւ այսօրվա լավագույն ստեղծագործողներն իրենց գրականության բովանդակությանը մասնակից են դարձնում ընթերցողներին: Եվ գրականությունը տեղ է հասնում, շարունակվում է ընթերցողի մեջ: Այստեղ էլ պետք է նշեմ Ներսես Աթաբեկյանին, որի պոեզիան ընթերցողի ներսում անընդհատ շարունակվում է:

– Այսօր շատերն իրենց գրող են համարում, մինչդեռ մասնագետների գնահատմամբ, նրանց ստեղծածը հնարավոր չէ գրական գործ անվանել: Ինչո՞ւ է այսպես ու այսչափ գրականությունը համացանցում աղավաղվում:

– Մեր հայերի հիմնական խնդիրն այն է, որ իրենց թվում է թե իրենք լավագույնն են կարողանում անել ամեն ինչ՝ էլեկտրիկի գործը, մեխանիկի գործը, փիլիսոփայի, գրողի գործը: Եթե գնանք Չարենցի տուն-թանգարան եւ փորձենք ուսումնասիրել Չարենցի գրադարանը, որտեղ 3000 կտորից ավելի գիրք կա, փորձենք վերցնել ու թերթել, կտեսնենք, որ Չարենցը ոչ միայն կարդացել է, այլ լուսանցքային նշումներ է արել: Այսինքն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իմ ասած երեք գործոններին: Հիմա մարդիկ գրիչ են վերցնում իրենց ձեռքը, առանց պատասխանատվության զգացումի, առանց կարդալու, առանց տեսնելու, թե ինչ է իրենց շուրջը տեղի ունենում եւ անհեթեթ իրավիճակներ են ստեղծվում: Շատերը չհասկանալով, որ իրենց արածը նորարարություն չէ, մտածում են, որ իրենց արածը նորարարություն է եւ սկսում են հարձակվել այն մարդկանց վրա, որոնք նույն բանն արել են 15-20 տարի առաջ: Շատ հետաքրքիր չիմացություն է:

Մեր հասարակությունը հիվանդ է, պետք է նախ բուժել, հետո նոր կրթել: Խեղված, հիվանդ ընկալումներով չեն կարող ոչ մի արդյունքի հասնել: Եվ պատահական էլ չէ, որ այսօր, եթե որոշ առկայծումներ լինում են, ասենք դա նույն PR-ի, գովազդի շնորհիվ կարող է ինչ-որ ստեղծագործող որոշ հաջողություններ ունենալ, բայց մեծ իմաստով իրենց գրքերը գրականություն չեն դառնում եւ հետագայում այդ գրքերի վրա փոշի է նստելու եւ դրանք չենք դառնում մարդկային կյանքեր փրկող գրականություն: Իսկ գրականությունը նաեւ իր գործառույթը ունի, որովհետեւ հենց մարդկային կյանքեր է փրկում, շատ կոնկրետ:

Հատկապես երիտասարդների շրջանում թող ուշադիր լինեն, նայեն տեսնեն ավագներից ովքեր են կայացել եւ ովքեր ոչ, եւ եթե փորփրեն, կտեսնեն, որ այն ավագները, որոնք որ չեն կայացել, չեն էլ ընթերցել: Ես ինքս, եթե ինչ-որ չափով կայացել եմ իմ ոլորտում եւ որպես գրականագետ, եւ որպես հրատարակչության խմբագիր, մարդ, հայր, ամուսին, իսկ ես կայացել եմ, պետք է դրա համար մեծագույն շնորհակալություն հայտնեմ գրականությանը: Եվ այո, իմ կյանքը գրականությունը փրկել է:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031