Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միանան, որ ի՞նչ չանեն

Հոկտեմբեր 22,2021 12:00

Նրանց օրակարգերն այս փուլում տարբեր են, գուցե նույնիսկ՝ միմյանց հակասող

Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների, համակիրների շրջանում համացանցային թեժ խժդժություններ են: Արդեն երկու շաբաթից ավելի է` նրանք միմյանց մեղադրում են անգործության մեջ, իշխանությանն անուղղակիորեն սպասարկելու մեջ, միմյանց վիրավորում են, իսկ որոշ հատված էլ, հաշտարար-դատավորի կեցվածք ստանձնած, փորձում է կողմերին հաշտեցնել, ձգտում է ընդդիմադիր դաշտը, գոնե հրապարակավ միասնական, կուռ ու ամուր ցույց տալ:

Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 3-ին, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում կուսակիցների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջեւ միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն: «Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել», ասաց նա:

Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից մեկ օր անց՝ հոկտեմբերի 4-ին,  Ռոբերտ Քոչարյանն արդեն անուղղակիորեն վերցնելով մեղադրանքը, պատասխանեց. «Պայքարելու ենք, նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար։ Բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այո, պետք է փորձենք համոզել, դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավվման։ Այդ ակտիվ ներգրավվածությունը պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով՝ այդ նույն ժողովրդի հետ։ Ես երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ հեսա Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա մամուլի ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ հայտարարի, որ հենց հիմա, մեկ ժամից հավաքվում ենք փողոցային պայքարի համար։ Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք եւ եթե չկարողանանք այդ պրոցեսը գեներացնել, ուրեմն նշանակում է կամ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է, այո, կարող է նաեւ այդպես լինել։ Մեր նպատակն իշխանափոխությունն է, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, եւ դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Եվ շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո նոր պրոցես է սկսվում այդ բողոքի գեներացման, մենք հիմա այդ փուլի մեջ ենք»։

Սակայն, միեւնույն ժամանակ, Քոչարյանը՝ չհամաձայնելով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը սլաքներն իր կողմն ուղղեց՝ ասելով, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից, եթե ընդդիմադիրները համախմբվեն այդ գաղափարի շուրջ եւ դրանից հետո չձգտեն իշխանության, նկատել էր. «Ընտրության մասնակցած բոլոր կողմերը, այո, ձգտել են իշխանության: Հակառակ դեպքում՝ ինչի՞ են մասնակցել ընտրությունների»: Քոչարյանն, ապա լղոզելով իրեն ուղղված Aravot.am-ի հարցի բովանդակությունը, ներկայացնելով, թե չի հասկանում հարցը, չգիտես ինչու, խորհուրդ տվեց հարցը Սերժ Սարգսյանին ուղղել:

Իրականում, ամեն ինչ բավական պարզունակ է: Դեռ այս տարի մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բացահայտում արեց, որից հայտնի դարձավ, որ մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը՝ Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որտեղ նա առաջարկել էր, որպեսզի երեք նախագահները՝ «չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու», «անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից» ու գիտակցելով «պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», հանդես գան միասնական դաշինքով: Տեր-Պետրոսյանը հայտնել էր, որ քննարկում տեղի չի ունեցել, քանի որ հենց Ռոբերտ Քոչարյանն է անմիջապես մերժել այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, թե իբր, նա դրանով դավաճանած կլինի «Հայաստանի փրկության շարժմանը», իսկ Սերժ Սարգսյանը, ըստ՝ Տեր-Պետրոսյանի, կարծիք չէր հայտնել։

Հետեւաբար, փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն է ստանձնել այլ նպատակներով ու ծրագրերով, ակնհայտ դարձավ ՀՀ առաջին նախագահի բացահայտումից: Նրա նպատակը խորհրդարանում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությամբ՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելն է, որովհետեւ նոյեմբերի 10-ին՝ ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո եւ երաշխավորությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Քոչարյանի հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի ԱԺ-ում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժը չի կարող Հայաստանի հասարակությանը փողոց հանել՝ մի պարզ պատճառով, Պուտինի ստորագրությամբ փաստաթուղթը, հատկապես Քոչարյանը չի կարող կասկածի տակ դնել, քանի որ նրանց միջեւ «քիմիա կա», իսկ դա քիչ չէ, ու այստեղ կապ չունի, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, ոչ թե Քոչարյանը:
Ավելին, վերջին մամլո ասուլիսում Քոչարյանն այնքան առաջ անցավ, որ Ռուսաստանի կեցվածքն արդարացրեց մի այնպիսի դաշտում, որ ամենաշատն է պետք քննադատել ու պահանջել: Քոչարյանը ոչ ավել, ոչ պակաս ասաց, թե «Ռուսաստանը հաշվի է նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում, ստիպված է լինելու»:

Այսինքն, իր իշխանավարման 10 տարիներին Ռուսաստանին տարբեր ռազմավարական օբյեկտներ՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում հանձնած Քոչարյանն, արձանագրում է, որ Հայաստանն այլեւս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ՞: Քոչարյանն էլ է՞ համաձայն, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, քանի դեռ ինչ-որ բան կարելի է պոկել, իսկ երբ այլեւս ոչինչ չկա պոկելու, ամեն ինչ իրենն է, արդեն ուժեղի կողքին է՝ թուրք-ադրբեջանական շահերն են ընդգծված սպասարկում:

Հետպատերազմյան շրջանում ռուսական ջանքերը չսեւացնելու, հայաստանյան ներքաղաքական կյանքը հանդարտ, ռուսական գծի մեջ պահելու առումով, Քոչարյանն իրենից ակնկալվելիքն իրականացնում է ըստ արժանվույն: Բայց ոչ միայն դա: Քոչարյանի ծրագրի մաքսիմումն իրագործված է՝ ԱԺ-ում խմբակցության առկայությամբ նա լուծել է նաեւ նեղ անձնական խնդիր՝ իր դեմ քաղաքական հետապնդումների հավանականությունը մինիմալիզացված է:

Այս ամենն արձանագրելով, հեռու ենք այն համոզումից, թե Քոչարյանն ուղիղ ղեկավարվում է Կրեմլից: Ընդհակառակը, Պուտինն իր քայլերով ցույց է տվել անգամ, որ խուսափում է Քոչարյանի հետ հրապարակային հանդիպումներից: Քոչարյանի մի քանի մոսկովյան այցերից հետո հատուկ տեղեկատվություն էր տարածվում, որ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռախոսազրույցի ընթացքում, մի բան, որ տեխնոլոգիական զարգացման այս վերելքի դարում կարելի է անվտանգ իրականացնել, երբ Քոչարյանը նաեւ Հայաստանում է գտնվում: Պարզապես, Քոչարյանը գիտի՝ ինչպես պահի գիծ, որպեսզի ցանկացած ֆորս-մաժորի դեպքում՝ ունենա հնարավորություն:

Իրականում, հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանի արձանագրումը՝ «իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել», ինչ-որ առումով տեղավորվում էր այս տարվա գարնանը Տեր-Պետրոսյանի՝ միանալ՝ «չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոնի» բանաձեւին: Սակայն դա հակասել է Քոչարյանի ծրագրերին ու հիմա ասվում են ճշմարտություններ, որոնք դեռ գարնանն արդեն ակնհայտ էին ու արձանագրել էինք:

Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ Սարգսյանի թիմերին հաշտեցնելու «ծանր» բեռն իրենց ուսերին տանող համացանցային կոնտինգենտին, ապա նրանք բավական ծիծաղելի իրավիճակում են հայտնվել: «Հաշտարարները» չեն ցանկանում տեսնել ակնհայտը, որ Քոչարյանն ու Սարգսյանն այս փուլում տարբեր օրակարգեր ունեն, հետեւաբար՝ քաղաքական դաշտը լցնել միավորվելու արհեստական կոչերով, իսկապես զավեշտալի է: Սակայն այդ «հաշտարարների» ֆինանսական «ազնիվ» մղումներն էլ լիովին հասկանալի են, իսկ շատերինը՝ նաեւ հայտնի:

Քաղաքական ակտիվության նոր փուլերով «շեֆերից» փող «կպցնելը», հայրենասիրական բոցաշունչ ելույթներ ունենալը, հայրենիքի «դարդով» տապակվելը՝ ֆեյսբուքի «լայվի» կոճակ սեղմելով, ըստ ամենայնի, առանց «աշխատավարձի» անելն, այնքան էլ դյուրին չէ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031