Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրկնակի մեկուսացում՝ համավարակի եւ սոցցանցերի պատճառով

Հոկտեմբեր 22,2021 10:00

Կորոնավիրուսի սաստկացման պայմաններում մարդկանց շփումները կրկին սահմանափակվելու են, ուսուցումը դարձյալ դառնում է մեծ մասամբ առցանց, հնարավոր են լոքդաուններ: Ուրիշ ելք չկա՝ մանավանդ Հայաստանում, որտեղ պատվաստվելու վերաբերյալ տարաշխարհիկ առասպելներին հավատում են նույնիսկ բարձրագույն կրթություն եւ անգամ գիտական կոչումներ ունեցող մարդիկ:

Մարդկանց կենդանի շփումների սահմանափակումը ես խիստ բացասական եմ գնահատում: Մասնավորապես, ուսուցման մեջ, վստահ եմ, ուսուցչի եւ դասախոսի անձն ավելի կարեւոր է, քան մատուցվող նյութը: Իսկ անձը չի կարող լիարժեք դրսեւորվել համակարգչի մոտ նստած, նրա էներգիայի ալիքները զրուցակիցներին՝ աշակերտներին, ուսանողներին, չեն հասնում:

Բայց խնդիրը ոչ միայն կրթությունն է, այլեւ ընդհանրապես ժամանակակից մշակույթի արատները՝ արատներ, որոնք խորանում են կորոնավիրուսի պատճառով: Բերեմ ամենապարզ օրինակը. երբ մենք թղթի վրա գրում ենք «ա» կամ «բ» տառերը, մենք ձեռքով տարբեր շարժումներն ենք անում, իսկ համակարգչում նույն տառերը ստանալու համար մենք ստեղնաշարին միեւնույն հարվածն ենք կատարում: Առաջներում գրավոր խոսքին տիրապետող անձնավորությանն անվանում էին «գրչի մարդ», իսկ հիմա, երբ գրիչը չկա, երեւի, մարդկանց կարելի է անվանել «հարվածողներ», «ստուկաչներ», եւ ռուսերեն այդ բառի այլաբանական իմաստը միանգամայն կիրառելի է սոցիալական ցանցերի նկատմամբ, քանի որ այդ տարածքում մարդկանց մի մասը զբաղված է իրար վրա մատնագրեր գրելով: Պատահական չէ, որ հին Չինաստանում բարձր պաշտոնների հավակնորդներն, ի թիվս այլ քննությունների, հանձնում էին գեղագրություն (կալիգրաֆիա): Այնպես չէ, որ փաստաթղթեր գրողներ չկային, գրագիրները շատ էին, եւ պաշտոնյաներն այդ գործով չպիտի զբաղվեին: Պարզապես այդ ձեւով ստուգվում էր մարդկանց մտածողության «խորությունը»:

Բայց նույնը կարելի է ասել մեր «առցանց» եւ «առկա» շփումների «խորության» մասին: «Առկա»-ի դեպքում մենք ձգտում ենք (համենայնդեպս, պետք է ձգտենք) իրական էմպատիայի, իրական հուզական կոնտակտի, իրական փոխըմբռնման: Համացանցում մենք չենք փորձում իրար հասկանալ՝ մեր նպատակն է դիտում կամ «լայք» հավաքելը: Բայց «հավանում» ստանալը ամենեւին չի նշանակում, որ մեզ իսկապես հասկացել են, իսկ «սրտիկ» վաստակելը չի վկայում այն մասին, որ մեզ իրոք սիրում են:

Ես ինձ առանձնապես մարդամոտ եւ շփվող մարդ չեմ համարում, բայց այս մեկուկես տարվա ընթացքում՝ համավարակի «մեկուսացումների» ժամանակահատվածում սկսում եմ արժևորել ուղղակի, անմիջական մարդկային շփման անհրաժեշտությունը: Նաեւ սկսել եմ հասկանալ ավանդական հասարակություններում ընդունված կարգը, երբ մարդիկ ամեն կիրակի ոտքով գնում էին Տաճար՝ անկախ նրանից, թե իրենց դավանանքի համաձայն տաճարն ինչպես է կոչվում: Այդպիսի համայնքի եւ ֆեյսբուքյան խմբի տարբերությունը, կարծում եմ, բոլորի համար հասկանալի է:

…Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» հակաուտոպիայում գլխավոր հերոսի կինը ամբողջ օրը ականջակալները դրած շփվում է պատերի մեջ տեղադրված իր հեռուստատեսային «բարեկամների» հետ: Մարգարեական այդ գործը գրվել է գրեթե 70 տարի առաջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031