Զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առջեւ: Նրանք պահանջում էին Արցախյան պատերազմում անհասկանալի պայմաններում իրենց զավակների եւ հարազատների զոհվելու եւ անհայտ ճակատագրի արժանանալու համար պատժել բոլոր մեղավորներին:
Ըստ նրանց, նախնական պայմանավորվածություն է եղել ժամը 11:00-ին հանդիպել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն տեղեկացվել են, որ հանդիպումն այսօր չի կայանա, քանի որ նա զբաղված է կառավարությունում: Հարազատներին հրավիրել էին ներս, սակայն վերջինները մերժել էին առանց Քյարամյանի մասնակցության հանդիպման առաջարկը: «Մենք ուզում ենք, որ այս կառույցի ղեկավարն էլ տեսնի, թե այս կառույցում ինչ է կատարվում: Եթե մինչեւ օրս տեղյակ չէ, մենք ուզում ենք նրա աչքերը բացել: Թեեւ չենք կարծում, թե ինքը այդքան էլ տեղյակ չէ: Ուղղակի չգիտենք, թե ում հրամաններն են կատարում: Իրենք պետք է անուններ տան, թե ովքեր չեն ուզում, որ բացահայտվեն այս գործերը եւ խանգարում են: Իսկ եթե չեն ուզում բացահայտել, մենք կբացահայտենք: Գիտենք մեղավորներին, թե ովքեր են: Մեկ առ մեկ կգնանք հասցեներով, ու պատիժները կլինեն ավելի դաժան, քան իրենց տրվելիք պատիժները կլինեն»,- լրատվամիջոցներին ասել էր հարազատներից մեկը:
Հարազատները ողջամիտ ժամկետ էին տվել հանդիպումն այսօր կազմակերպելու համար եւ խոստացան հակառակ դեպքում կոնկրետ գործողությունների դիմել՝ կոչ անելով իրենց միանալ նաեւ մյուս ծնողներին:
Ավելի ուշ մոտեցել էր վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը եւ լրագրողներին վստահեցրել, որ Արգիշտի Քյարամյանը բոլոր հարազատներին կհանդիպի ՔԿ-ում, ժամը 15:00-ին:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին տեղեկացրին, որ այդ հանդիպումը կայացել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ