Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Սևակ Սերոբյանի անունն է այսուհետ կրելու Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ նա ամեն օր ժպիտը դեմքին մտնում էր՝ որպես սիրված ուսուցիչ և դասղեկ:
Դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները բազմաթիվ հուշեր ունեն սիրելի Սևակի հետ կապված, ու այդ հուշերից այսօր պատառիկներ պատմեցին դասասենյակի անվանակոչության կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում:
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Սևակի հարազատները, ընկերները, ուսուցիչներ, աշակերտներ ու բազմաթիվ հյուրեր։
Դասասենյակի բացման պատիվը տրված էր Սևակի որդուն՝ Լևոն Սերոբյանին։
Կարդացեք նաև
Դասասենյակի մի անկյունում տեղ էին գտել սիրելի ուսուցչի անձնական իրերը, լուսանկարները, պատվոգրեր:
Սևակ Սերոբյանի աշակերտները կիսվեցին սիրելի ուսուցչի մասին հիշողություններով, զանազան պատմություններով՝ խոստանալով լինել նրա նման հայրենասեր, բարի, մեծահոգի ու հոգատար բոլորի նկատմամբ:
Ներկաները այցելեցին նաև Սևակի շիրիմին՝ ծաղիկներ խոնարհելու ու լռությամբ հարգելու հերոսի հիշատակը:
Լոռու մարզպետարան