«ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մտադիր է ցրել բանակը: Ես հարցրեցի նրան՝ ո՞վ է քեզ նման իրավունք տվել: Նա պատասխանեց՝ ադրբեջանցիներն են պահանջում»,- այսօր խորհրդարանում ԱՀ-ում բնակվող, ԱՀ-ից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ կրթական խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը: Քննարկումը կազմակերպել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:
«Ադրբեջանցիները շատ բան են ուզում: Գլուխները պատով են տալիս, դու պետք է պահես մեր բանակը: Եվ, այո, մեր ներկայացուցիչները պահանջում են անհապաղ ճանաչել ԼՂՀ միջանկյալ կարգավիճակը: Այո, շատերը սա վաղաժամ են համարում, նույնիսկ Եվրոպայից եկած ընկերներս են ինձ զանգահարում եւ խնդրում չբարձրացնել այս հարցը: Այնուամենայնիվ, ես անընդհատ ասում եմ, որ այս հարցը մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները ժամանակին ճանաչեին Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանի հետ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել:
Կարդացեք նաև
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ իր ելույթում խոսեց այն մասին, որ հարկադիր տեղահանվածներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն ցուցաբերելու համար հսկայական միջոցներ են հատկացվել, բայց դրանք, ծախսվել են ոչ նրա վրա, ինչ պետք էր, իսկ խնդիրներն էլ շարունակում եմ կուտակվել. «Ղարաբաղում անհրաժեշտ է լուծել ոչ միայն բնակարանային խնդիրը, այլեւ կանխել բնակչության հետագա արտահոսքը: Սոցնախարարությունը մեզ պատմում էր ինչ-որ վիթխարի ծրագրերի իրականացման մասին, սակայն, ի վերջո, ամեն ինչ սահմանափակվեց գումարի բաժանելով: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե սոցիալական հավասարության, այլ սոցիալական արդարության սկզբունքով: Հենց դա է Լեռնային Ղարաբաղում բնակչության պահպանման գրավականը»:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանի կարծիքով էլ Արցախից հարկադիր տեղահանված քաղաքացիները պետք է որոշակի կարգավիճակ ստանան, բայց՝ ոչ թե փախստականների, այլ ներքին տեղահանվածի: Իսկ իրականացվող սոցիալական ծրագրերը, բանախոսը, մեղմ ասած, բավարար չի համարում. «Սա խայտառակություն է, գրանցվել են տարիներ շարունակ Քաշաթաղում չապրած մարդկանց սոցիալական նպաստներ տրամադրելու դեպքեր: Մարդիկ, ովքեր այնտեղ մնացին մինչեւ վերջ, դեռ չեն կարող օգտվել այս կամ այն ծրագրից: Նրանց բազմաթիվ դիմումներն ու բողոքները մնացել են անպատասխան, եւ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու մարդկանց երբեք չեն տրամադրվել օրենքով նախատեսված միջոցները»: Կազմակերպությունում այս մասին հարյուրավոր դիմումներ են ստացել: Այս ամենի արդյունքում, Կարինե Մովսիսյանը եզրակացնում է՝ հարկադիր տեղահանված անձանց իրավունքները զանգվածաբար խախտվել են:
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյաննին էլ վրդովվեցնում է այն, որ իշխանավորները երկու հայկական պետությունների կայացման-միացման գաղափարները խճճել են, Հայաստանի ինքնիշխանությունը դարձրել են հայության դեմ ուղղված գործիք, ինքնիշխանության փաստը չեն օգտագործել, այլ դարձրել են սվին՝ հայ ժողովրդին մորթելու համար, ինչն այսօր էլ շարունակվում է. «Անունը չդնեք, որ Իլհամի ձեռքով եք դա անում»։ Նա անդրադարձավ նաեւ փախստականների, ներքին տեղահանվածների հարցին. «Ինչո՞ւ ենք մենք զբաղվում միգրանտ հնդիկների, պարսիկներ հոգսերով, իսկ չենք զբաղվում սյունեցու, Վարդենիսում ծվարած կիրովաբադցու կամ բաքվեցու խնդիրներով։ Գլոբալ խնդիր է, ինչո՞ւ մենք դրանցով չենք զբաղվում։ Հիմա եկել հաջորդ ուղտն է չոքել, հիմա էլ հադրութեցին, քաշաթաղցին, շուշեցին, քարվաճառցին, Ակնայից փախածն է… Ոչինչ չկա, մեկ տարի անցել է, մեկը մյուսին փնովում են»: Մարիամ Ավագյանի գնահատմամբ, փախստականներին եւ ներքին տեղահանվածներին մինչ այսօր կարգավիճակ չի տրվել, որովհետեւ դա ձեռնտու չէ։ Նա նաեւ հեգնեց. «Ո՞ր երկրի քաղաքացի է Արցախից տեղահանվածը»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նկատենք, որ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին Աշոտ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Արցախպրես»-ի թղթակցի ճշգրտող հարցմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանը նշել է. «Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ