Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Թերքոթ-Աստվածատրյան. «Բաքվի ջարդերից հետո էլ տեղեկություն չկար, թե քանի հայ է զոհվել, քանի բնակարան է թողնվել այնտեղ»

Հոկտեմբեր 21,2021 18:55

«Արցախյան պատերազմ 2020, կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության ներկայացման ժամանակ Aravot.am-ը զրուցեց այդ հետազոտության նախաձեռող «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ հայ գրող, իրավաբան, Վեսթբրուք բնակավայրի քաղխորհրդի անդամ Աննա Թերքոտ-Աստվածատրյանի հետ:

-Տիկին Աստվածատրյան: Ինչպե՞ս ծագեց նման նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը:

-Ինքս 90-ականների սկզբին Բաքվից փախստական եմ ու գիտեմ դա ինչ է: Վերջին տասը տարիներին, երբ ես օգնում էի Արցախին, բոլորն ինձ էին հարցնում, թե Բաքվում քանի հայ է զոհվել, քանի բնակարան ենք թողել այնտեղ: Այդպիսի տեղեկություն չկար: Եվ ես չցանկացա, որ նույնը կրկնվի Արցախում, արցախցիների հետ:

-Այս հետազոտությունը նախաձեռնելուց առաջ ճշտե՞լ էիք՝ Հայաստանում կամ Արցախում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնո՞ւմ են, թե ոչ:

-Ես գիտեի, որ նման բան չի արվել: Սփյուռքում չէին հասկանում, թե ինչպես կարելի է օգնել: Նույնիսկ Արցախի եւ Հայաստանի պետությունները չգիտեին թվերը, թե ինչ է կատարվում, մարդիկ որտեղ են ապրում: Ես երկուսի հետ էլ զրուցել, հարցրել եմ, թե դա ունե՞ն, այսպիսի բան ձեզ պե՞տք է: Պատասխանել են, որ չունեն, բայց իրենց շատ պետք է: Դրա համար որոշեցի ինչ-որ ձեւով լցնել այդ դատարկությունը: Դրամահավաք սկսեցինք, գտանք փորձագետների, որոնք էլ օգնեցին այս ամենն անել:

-Ըստ տեղեկությունների, Արցախի կառավարությունը ձեր հետ բավականին արդյունավետ համագործակցում է: Իսկ Հայաստանի՞ կառավարությունը…

-Հայաստանի կառավարությունը իմ հետ չի համագործակցում: Այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է կատարվում: Ես չգիտեմ՝ դա անտարբերությո՞ւն է, արդյոք: Ես այս հարցի շուրջ նրանց հետ չեմ խոսում:

-Ձեր կազմած վիճակագրությունը հանձնել կամ պատրաստվում եք հանձնել կառավարությանը: Տեղյա՞կ եք, որ այսօր արցախցի փախստականներին նպաստներից են զրկում, ժամկետներ են դնում են ժամանակավոր կացարանները ազատելու համար: Ձեր մեկնաբանությունը:

–Չեմ զարմանում, որովհետեւ նույնը կատարվում էր նաեւ 90-ականների սկզբին՝ Բաքվի ջարդերից հետո: Այդ պատճառով փախստականների մեծ մասը հեռացավ Հայաստանից: Այդպես կլինի նաեւ արցախցիների հետ, եթե պետությունը եւ հասարակությունը չընդունեն մարդկանց նրանց համար ամենասարսափելի ժամանակներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031