Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանի որոշման հետ համաձայն չենք եւ այն, վիճարկել ենք Վերաքննիչ դատարան. Արամ Օրբելյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը արգելանքից հանելու մասին

Հոկտեմբեր 21,2021 19:20

Aravot.am-ի հարցին՝ արդյոք անակնկա՞լ էր, որ դատարանը որոշեց վերացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի վրա կիրառված արգելանքը, որից հետո տեղի ունեցավ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքը, «Զանգեզուր մայնինգ» ընկերության շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց՝ մեզ համար՝ որպես փաստաբանների, դատարանի որեւէ որոշում երբեք անակնկալ չի:

«Այլ հարց է, որ որոշումն այնպիսի արագությամբ  է ընդունվել,  որ անգամ ակնկալիք ձևավորելու ժամանակ չենք ունեցել: Չէինք սպասում, այն իմաստով, որ ոչ թե բացառում ենք, քանի որ փաստաբանության մասին օրենքը նախատեսում է, որ փաստաբանը չի կարող երաշխավորել որեւէ արդյունք՝ ոչ այս կողմ ոչ այն կողմ, որպեսզի երաշխավորման խնդիր չլինի, մենք մեր մեջ նույնպես չենք ունենում կանխորոշված որոշումներ: Բայց, ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ բոլոր հիմնավորումներն առկա էին, որպեսզի այդ որոշումը չկայացվեր, ավելին, մենք այդ որոշման հետ համաձայն չենք»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշել է վերացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր 75 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կալանքը։ Նախ՝ դատարանի որոշմամբ վերացվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի նկատմամբ արգելանքը, ապա ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գնել է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25-ը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը։ Կառավարությանը նվիրատվությամբ հանձնված բաժնետոմսերը կազմում են ԶՊՄԿ-ի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Նարինե Բեգլարյանի խոսքով. «Ենթադրում ենք, որ այդ վաճառքն ու նվիրատվությունը հնարավոր է եղել, որովհետեւ դատարանը սեպտեմբերի 30-ին վերացրել է արգելանքները: Ամեն դեպքում դրանք ժամանակագրական առումով համընկնում են: Այս ամենը մեզ թույլ է տալիս՝ ժամանակագրական գործողությունների հաջորդականությունից անել հետեւություն, որ դատարանի վերացումը երեւի անհրաժեշտ էր, եթե դիմել էին եւ նույն օրը դատարանը տվեց այդ դատական ակտը, որին հաջորդեց  գործարքը: Երեւի, ամեն դեպքում ամենաորոշիչ ակտերից մեկն է եղել»:

Արամ Օրբելյանի խոսքով, դատարանի որոշման հետ համաձայն չեն եւ այն վիճարկել են Վերաքննիչ դատարան:

«Դատարանը կայացրել է որոշում՝ արգելանքը վերացնելու մասին եւ 3 ժամ հետո տեղի է ունեցել օտարում: Վաճառել են բաժնետոմսերը երրորդ անձին՝ այն դեպքում, երբ այդ բաժնետոմսերի հետ կապված կա կոորպորատիվ դատական վեճ, դատարանում քննվում է գործը, որի շրջանակներում եղել է արգելանք: Դատարանի որոշման հետ մենք համաձայն չենք, վիճարկել ենք Վերաքննիչ դատարան: Բացի դրանից մենք կատարում ենք համապատասխան գործընթացներ՝ արդեն իսկ այլ գործարքով կատարվածը հետ բերելու համար՝ առուվաճառքի պայմանագիրը, դրանից բխող նվիրատվության պայմանագիրը, դրանից բխող հաջորդող բոլոր գործողությունները՝ անվավեր ճանաչելու եւ նախնական վիճակին վերադարձնելու հետ կապված»:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 75 տոկոսի վրա կալանք դրվել էր այս տարվա օգոստոսին: Սեպտեմբերին կոմբինատը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոցը փոփոխելու պահանջով, որը դատարանի կողմից մերժվել էր, իսկ սեպտեմբերի 30-ին դատարանը որոշել է հանել արգելանքը կոմբինատի բաժնետոմսերի վրայից, որին հաջորդել էր վաճառքը երրորդ անձին՝ «Արդյունաբերական ընկերությանը», որի սեփականատերն է ազգությամբ ռուս մեծահարուստ  Ռոման Տրոցենկոն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031