Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարեւորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ եւ ԵԽԽՎ մոնիտորինգային կառույցների դերակատարությունը եւ նախաձեռնած բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը եւ տրված բարձր գնահատականին:
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին եւ հետպատերազմյան իրավիճակին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց պատանդության մեջ պահել՝ ոմանց դեմ հարուցելով կեղծ քրեական գործեր: Օրենսդիր մարմնի նախագահն ընդգծել է ԵԽԽՎ-ի կողմից այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Քննարկվել են մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ