Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի՝ գոնե համարձակություն կունենայի գրել մի փաստաթուղթ՝ հրաժարական». Սեյրան Օհանյանը՝ ներկայիս իշխանության տեղում լինելու մասին հարցի առիթով

Հոկտեմբեր 21,2021 16:46

«Մեկ տարի է անցել, բայց իրողություններին գնահատական չեն տվել, այնինչ կարող են գնահատական տալ ոչ թե հասարակական գործիչները, այլ մարդիկ, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ընթացքում, որին մասնակցում էին 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ իր բնորոշմամբ՝ այն ստերը, որ եղել են, թե այս կամ այն գեներալները սա են արել, նա են արել, իրականությանը չեն համապատասխանում. միայն պետական և ռազմական կառավարման լծակներ ունեցող մարդիկ կարող են իրավիճակը ղեկավարել: Այս առիթով Սեյրան Օհանյանը պարզաբանեց. «Դա կարող է լինել կառավարությունն իր ամբողջ կազմով, ՀՀ կառավարությանն առընթեր անվտանգության խորհրդի ողջ կազմով, ԱԺ-ն իր՝ մանավանդ վերահսկողական ֆունկցիաներով, ի վերջո նաև ուժային կառույցներ պետք է ստեղծեին՝ ներքին հանձնաժողովներ կամ նաև միջգերատեսչական համադրմամբ հանձնաժողով, որոնք գնահատական կտային՝ վեր հանելով բոլոր այն թերությունները, որոնք եղել էին մինչ պատերազմը և հետո: Սակայն մեկ տարի չի արվել: Այն, ինչի մասին այսօրվա իշխանությունները խոսում են, գնահատականները պատերազմի հետևանքների վերացման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Խոսում ենք գերիների, անհայտ կորածների մասին, անհետ կորածների հարազատների հետ հանդիպում էին կազմակերպել ԱԺ-ում, քննարկումների արդյունքում մենք ի վերջո երկար զրուցելով՝ եկանք այն եզրակացության, որ մեկ տարի խոսվում է դրա մասին, բայց ՀՀ-ում չկա միջգերատեսչական համադրմամբ գերիների, անհայտ կորածների հանձնաժողով: Հանձնաժողովը պիտի ունենա համապատասխան ծրագիր: Այնինչ մեկ տարի է իշխանության մեջ չկա որևէ մեկը, որ ասի՝ այս հանձնաժողովը պետք է լինի»:

Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից և եթե ինքը լինել ներկայիս իշխանության փոխարեն, ի՞նչ կաներ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը: Եկավ իշխանություն, որը սկսեց զրոյից: Միասնականության գաղափարը խաթարվեց, պետական կառավարման ոլորտում ոչինչ չարվեց պետության ներուժը ռազմական ռելսերի վրա դնելու, պետական կառավարման մոբիլիզացիայի համար»:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ այն չնչին հաջողություններն էլ, որոնք վերջին պատերազմի ընթացքում տեղի են ունեցել, տեղի են ունեցել հրամանատարների և զինվորների քաջագործությունների շնորհիվ:

Իսկ թե ինչ կաներ, եթե լիներ ներկայիս իշխանության տեղում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եթե ես լինեի՝ գոնե համարձակություն կունենայի գրել մի փաստաթուղթ՝ հրաժարական և իշխանության բերեինք գոնե համարձակ մարդկանց, որոնք չեն պարտվել ու կարող էին բանակցային սեղանին ձեռքը խփել և արժանապատիվ ձևով շարունակել բանակցային ողջ գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031