ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին: Տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման եւ ներմուծման ծավալների, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը: Գնահատման արդյունքներով համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առեւտրրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության եւ շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 եւ 2.9 մլրդ դրամով:
Կարդացեք նաև
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները փորձել են պարզել ոչ աշխատանքային օրերը կրճատելու հիմնավորվածությունը: Կարծիք է հնչել, որ անցումային շրջանում դա պետք է վերաբերի միայն հանրային ծառայողներին: Առաջարկվել է հունվարի 2-ը եւ 7-ը եւս ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: Նշվել է, որ պետք էր քաղաքացիներին նախապատրաստել այդ փոփոխություններին, այս փուլում անցումային դրույթներով կարգավորել խնդիրը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տնտեսական աճի արձանագրման տեսանկյունից կարեւորել է նախագծի ընդունումը: Նրա խոսքով՝ մեր երկրում անգամ աշխատանքային օրերի փոփոխության պարագայում օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքում խնդիրներ են առաջանում: Վլադիմիր Վարդանյանը մեջբերել է օրինակներ միջազգային փորձից: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ:
5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ