Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայկական թոնիրը արեւն է`գետնի մեջ». Սեդրակ Մամուլյան

Հոկտեմբեր 21,2021 15:49

Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ կանցկացվի Թոնրատոն փառատոնը: Ներկայացվելու են հացի, հարսանեկան ծեսերը, ծիսական ուտեստների պատրաստման վարպետության դասեր: «Թոնրատոնը» կազմակերպվել է Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցությամբ:

«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը նշեց, որ փառատոնի նպատակն է հանրահռչակել, պահպանել և փրկել վաղ բրոնզի դարից հայտնի հազարաշենները (գերանակապ շինություններ, այդ թվում՝ թոնրատներ), ինչպես նաև հանրահռչակել թոնիր-հազարաշեն ամբողջության համակարգը, այդ թվում՝ գլխատունը, ծեսերն ու ծիսական ուտեստները, նպաստել համայնքի և մարզի մշակութային ու զբոսաշրջային ակտիվությանը:

Նա վկայակոչելով պատմական աղբյուրները` ասաց, որ հազարաշեն երդիկներ ունեցել են անգամ պալատական շինությունների սրահները. «Թորոս Թորամանյանն, օրինակ, ասում է, որ ժամանակին հայկական մշակույթում այնքան էր զարգացել հազարաշենների կիրառությունը, որ հարուստ մարդիկ միմյանց հետ մրցակցում էին քանդակներով եւ զարդանախշերով: Ցավոք սրտի, այժմ հազարաշեններն այնքան տարածված չեն, ինչքան եղել են, ասենք 100 տարի առաջ եւ միջնադարում: Ուստի մեր խնդիրը այդ ամենը պահպանելը, վերականգնելն ու հանրահռչակելն է, առավել եւս, որ մեր հարեւան երկրներում դրանք ներկայացվում են որպես իրենց ազգային ժողովրդական տներ»:

«Կէան» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր Վանուհի Սիմոնյանի խոսքով, քանի որ թոնրատների մեծ մասը եղել են բնակելի տներ, ժողովուրդն այնտեղ իրականացրել է ծիսական արարողություններ, եւ իրենք եւս Թոնրատոնին մի քանի ծիսական կտորներ են ներկայացնելու, որպեսզի ամբողջական լինի թոնրի ոչ միայն կենցաղային, այլեւ սրբազան, սակրալ նշանակությունը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ մեծ խանդավառությամբ են մասնակցում Թոնրատոնին. «Սա մի չքնաղ միջոցառում է, որը մեր կենցաղավարության հիմքն է: Կենցաղավարությունից է, որ մենք կարգավորել ենք մեր գոյությունը եւ հետագա ընթացքը»:

Սեդրակ Մամուլյանի խոսքով, թոնիր օգտագործում են շատ ազգեր, ինչը նորմալ է, բայց հայերի դեպքում, այն յուրահատուկ է: Նրա ձեւակերպմամբ, հարցը թոնրի տեսքի եւ դիրքի մեջ է. «Հացատուն, գլխատուն, թոնրատուն, երդիկ…. եւ մեր թոնիրը գետնի մեջ…Մեր իրականության մեջ թոնիրն այլ ընկալում ունի: Դա արեւն է գետնի մեջ, մենք սրբազան զգացողություն ունենք թոնրի հանդեպ: Անգամ դասակարգված է, թե ով իրավունք չունի խմոր շաղախելու, գնդելու, գրտնակելու եւ հաց թխելու…Առաջին հայացքից անհարմար է խոնարհվելով նստած հաց թխելը: Բայց մեր մայրերը պետք է խոնարհվեին արեւին, սրբազան կրակին, որ հաց վերցնեին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031