Այսօր ՔՊ պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսպիսի առաջարկ արեց. «Շատ լավ հարց է՝ ինչո՞ւ պատգամավորները ֆեյքային ֆաբրիկաների դեմ նախագիծ չեն ներկայացնում: Հասկանալի է, չէ՞, որ այդ ֆեյքային ֆաբրիկաները գոյություն ունեն ոչ միայն իշխանության վերահսկողության տակ, այլ նաեւ տարբեր ընդդիմադիր ուժերի հսկողության կամ հովանու ներքո են գործում: Ես ուղղակի կողջունեի, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեր ու ֆեյքերի բուծման առումով երկկողմանի հրադադար կնքվեր: Դա ուղղակի խեղաթյուրում է տեղեկատվական դաշտը, փչացնում է հասարակությունը: Դուք քաղաքական պայքար եք միմյանց դեմ վարում՝ օգտագործելով ապատեղեկատվություն, ֆեյք լուրեր, իսկ դա վատ է անդրադառնում հասարակության ընկալումների վրա»:
Ըստ նրա, թափանցիկ պետք է լինեն ԶԼՄ-ների ֆինանսները, դա ժողովրդավարական մոտեցում է ու միջազգային մարմինների պահանջ է:
Հիշեցնենք, որ ՔՊ-ականների հեղինակած նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվություն եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Ֆինանսական հաշվետվություն չներկայացրած ԶԼՄ-ները կտուգանվեն 500-700 հազար դրամով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ