Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղե՛րք, ուզում եք աշխատավարձ ստանաք, մե՞նք անենք ձեր գործը, հիմա էլ սկսենք գտնել, թե տելեգրամյան ալիքների հետեւում ո՞վ է կանգնած». Զառա Մարգարյան

Հոկտեմբեր 21,2021 14:39

«Չի կարելի լրագրողներին դիտարկել՝ որպես լափամանից օգտվողներ», «Նույնիսկ ԱՄՆ դեսպանն է կարծիք հայտնել, որ այսքան բարձր տուգանքներ ԶԼՄ-ների համար չի կարելի սահմանել, դա կարող է սնանկացնել լրատվամիջոցը», «Օդում կախված լուրերի թողարկումը սկսել է Նիկոլի թերթից, ի՞նչ ասենք այն մարդկանց, որոնք ամեն ինչ մերժում են, հիմա էլ մերժում են իրենց անցյալը». այսօր ՔՊ պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ահա այսպիսի դիտարկումներ էին անում լրագրողները:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը գտնում է, որ լրատվական համակարգն ունի ինքնակազմակերպման, տեսակետները բյուրեղացնելու ու իր շահերը պաշտպանելու հնարավորություն. «Դուք տիրապետում եք լրջագույն զենքի՝ հանրային կարծիք ձեւավորելու, ձեր իրավունքները պաշտպանելու, հասարակության բարոյական այս աղճատված մթնոլորտը մաքրելու դերակատարում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ ասաց, որ լրատվական դաշտն այն քիչ կայացած համակարգերից է, որը գործում է. «Մամուլը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ ու հավասարակշռել քաղաքականությունը: Մամուլը 2018-ից ձեւավորված իշխանությունների ընդդիմախոսը դարձավ ու հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը: Մամուլն այլընտրանքային կարծիք ձեւավորելու ֆունկցիա կատարեց, որպեսզի ժողովրդավարության վերջին փշրանքները չխժռի թավշյա կոչված հեղափոխությունը»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների հեղինակած նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվություն եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Ֆինանսական հաշվետվություն չներկայացրած ԶԼՄ-ները կտուգանվեն 500-700 հազար դրամով:

Hraparak.am-ից Զառա Մարգարյանն ասաց. «Ձեր մոտ տպավորություն չի՞ ստեղծվում, որ այս իշխանությունը նմանատիպ օրենքներով փորձում է հակամրցակցային դաշտ ստեղծել ու գրանցված ԶԼՄ-ներին այնքան նեղել, որ չգրանցված horkuri_gandz.am-ը, Perfect TV-ն դառնան ամենադիտելի, ամենաանքննելի ու բոլոր առումներով արտոնյալ ԶԼՄ-ներ: Մենք պետռեգիստրում գրանցված լրատվամիջոց ենք ու մենք պատասխանատու ենք: Բոլոր մարդիկ, ովքեր խնդիր կտեսնեն, կարող են դիմել դատարան, մենք լիարժեք պատասխան ենք տալիս: Տասնյակ հայցեր ունենք: Մեր տեղը, հասցեն հայտնի է, ֆինանսական հոսքերը, աղբյուրները հայտնի են: Բայց դրան հակառակ շատ կայքեր, ֆեյքեր ոչ հասցե ունեն, ոչ ՍՊԸ ունեն, ոչ Վարչական դատարանում պատասխան տվող ունեն, փոխանակ ԱԱԾ-ն ու իրավապահները զբաղվեն նրանով, որ չնույնականացված կայքերը նույնականացվեն, մե՞զ են ուզում բերել այդ դաշտ: Տղե՛րք, ուզում եք աշխատավարձ ստանաք, մե՞նք անենք ձեր գործը, հիմա էլ սկսենք գտնել, թե տելեգրամյան ալիքների հետեւում ո՞վ է կանգնած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Perfect TV-ն իր իշխանամետ ստերով ու դատարկաբանություններով կարճ ժամանակում բացահայտեց իր խղճուկ էությունը և հիասթափեցրեց մարդկանց: Եթե իրենց թվում է, թե իշխանություններին քծնելը շնորհք է, թող շարունակեն իրենց քծնանքը, մինչև վաստակեն հասարակության զզվանքը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031