Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիալական լուրջ խնդիր կա ու ԶԼՄ-ների նկատմամբ խոսում ենք 500-700 հազար դրամ տուգանքի մասի՞ն». Արամ Վարդեւանյան

Հոկտեմբեր 21,2021 14:18

Այսօր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում կազմակերպել էր հանրային քննարկում՝ ՔՊ պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ պետք է հիշել՝ ՀՀ-ում կա Սահմանադրություն. «Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: ՀՀ-ն նաեւ ԵԽ անդամ երկիր է, իսկ նրանք ուզեն թե չուզեն՝ ունենում են խոսքի ազատության շատ բարձր աստիճան: Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունը պետք է այդպես չաներ, ընդդիմությունից էր գնացել: ԶԼՄ ներկայացուցիչները վերջին 3 տարիներին տեսել են, թե ինչպիսի գրոհներ են եղել ԶԼՄ-ների նկատմամբ այս իշխանությունների կողմից ու ինչքան անհանդուրժող են նրանք քննադատության նկատմամբ: Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ: Ոչ թե ասում են՝ անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր: ԶԼՄ-ն պետք է ունենա իր գործունեության մեջ ազատություն՝ ցանկալի՞ է դա, թե՞ ոչ: Սահմանադրությունը տալիս է այդ գործունեության ազատությունը:

Մյուսը՝ ասում են՝ ֆինասական հաշվետվություն ներկայացրեք, դա չանելու համար ասում են՝ 500 հազարից մինչեւ 700 հազար դրամ կտուգանվեք: Վիճվարչությանը տեղեկություններ, հաշվետվություն չներկայացնելը ի՞նչ սանկցիա է ենթադրում: ՀՀ-ում սոցիալական լուրջ խնդիր կա ու ԶԼՄ-ների նկատմամբ խոսում ենք 500-700 հազար դրամ տուգանքի մասի՞ն: Սահմանադրության մեջ կա համաչափության սկզբունքը, որ եթե պետությունը որոշում է որոշակի միջամտություն անել, այդ համաչափության սկզբունքը պետք է պահել:

Ի վերջո` մեկ տրամաբանական խեղում կա նախագծում՝ եթե ԶԼՄ-ն հղում է տվել անանուն դոմեյնին, ԶԼՄ-ն ինչպե՞ս պարզի՝ այդ դոմեյնը անանո՞ւն է, թե՞ ոչ: Երկրորդը՝ այդ պարտականությունը կատարելու համար պետք է խաղի կանոն ֆիքսվի: Գիտեք այս իշխանությունները ինչպիսի դրական վերաբերմունք ունեն ֆեյքային գործունեության նկատմամբ: Ֆեյք նյուզի դեմ պայքարելու համար պետք է ունենալ նախ մի իրականություն, որտեղ իշխանությունը չի հանդուրժում արծրունհովհաննիսյանական ճշմարտությունը»:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ օգոստոսի 2-ից ի վեր իրենք այլ վերաբերմունք ունեն՝ ՍԴ դիմում ներկայացնելու հետ կապված, այս պահին 8 դիմում ունեն. «Այս դեպքում էլ կա խնդիր: Արձագանքելո՞ւ ենք՝ վստահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031