«Ես նման ձեւակերպմամբ լուր չեմ հանդիպել: Ես չեմ արձանագրել, որ կառավարության ղեկավար կազմից որեւէ պաշտոնյա ասել է, կամ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ ՀՀ կառավարության հետ պատրաստվում են ռուսական դպրոցներ բացել: Եթե դուք հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք»,-այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կմեկնաբանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին:
Դումանյանն ասաց, որ այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց ցանկություն ունեն օտար լեզուների իմացությունը զարգացնել՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Երբ լրագրողները բառացի մեջբերեցին Լավրովի հայտարարությունը, ԿԳՄՍ նախարարը կրկին ասաց, որ ծանոթ չէ նման ձեւակերպմամբ հայտարարություններին:
«Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել, իրոք ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության»,-ասաց նա՝ նշելով, որ կարեւորում են ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարեւոր գործիք է։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ