Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է իր 100-ամյա հոբելյանը

Հոկտեմբեր 21,2021 13:12

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային- ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը,  Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մինչ մարման արարողությունը, կողմերը հանդես են եկել շնորհավորական խոսքով՝ Կոնսերվատորիայի 100-ամյակի կապակցությամբ, և կարևորել հոբելյանի շրջանակում նամականիշի մարման և շրջանառության նախաձեռնությունը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ նամականիշն աշխարհին կպատմի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մշակութային ավանդի և հայկական մշակույթի մասին: Նշենք, որ նամականիշի վրա պատկերված են Կոնսերվատորիայի շենքի ճակատը և բուհի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի արձանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ հպարտություն է ունենալ այսպիսի երաժշտական բուհ, որի շրջանավարտները Հայաստանը պատվով ներկայացնում են աշխարհին և հանրահռչակում մեր հայրենիքն ու մշակույթը.  «Այս խորհրդանշական նամականիշը, որն այսօր մարվում է, թող լինի ավելի մեծ ձեռքբերումների սկիզբը»:

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը բուհին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ նամականիշի մարման վերաբերյալ նշել է, որ պատմական և նյութական արժեք լինելուց զատ՝ այն յուրատեսակ հանրագիտարան է նշանավոր մարդկանց, իրադարձությունների և մշակույթի մասին, ինչպես նաև քարոզչական միջոց՝ իրեղեն և հոգևոր արժեքներն աշխարհին ներկայացնելու համար:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պետական վերաբերմունքի համար և ասել. «Երաժշտությունը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով: Չնայած բոլոր խնդիրներին՝ Կոնսերվատորիան պահպանել է իր դիմագիծը: Այսօր մենք պատմական ընթացք ենք տալիս գործին, շարունակում ենք 100 տարի առաջ սկիզբ առած շղթան, դեռ բազում սերունդներ են կրթվելու և ներկայանալու աշխարհին»:

Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է 100-ամյակին նվիրված գալա համերգը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Կարեն Թռչունյանը:

Համերգն իր շուրջը համախմբել է նաև բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։

Միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Երաժշտարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, արդեն մեկ դար է՝ աշխարհը հաղորդակից է հայ երգարվեստին, ճանաչում և վայելում է հայկական երաժշտական գործիքների՝ մեր դարավոր մշակույթը հավերժացնող ստեղծագործությունները, արդեն մեկ դար է՝ բուհի ուսանողներն ու շրջանավարտները համաշխարհային տարբեր բեմերում նվաճում են հանդիսատեսի սիրտը: Եվ հպարտորեն պետք է ընդգծել, որ Կոնսերվատորիան, որպես երաժշտարվեստը կատարելագործող բուհ, տարբեր ժամանակներում հռչակավոր անուններ է տվել ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար. Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան, Լուսինե Զաքարյան… Եվ անվերջ կարելի է թվարկել այս շարքը, որը մի վառ աստղաբույլ է երաժշտական երկնակամարում:

Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Կոնսերվատորիայում սովորած բոլոր սերունդներին, այսօրվա սաներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մաղթում եմ ազատ ստեղծագործական հնարավորություններ, անսպառ ուժ ու եռանդ, երաժշտության կախարդական աշխարհում ճախրելու բերկրանք: Առո՛ղջ եղեք, և թող հայ երգն ու երաժշտությունը հավերժանան նաև ձեզով, ձեր հոգու և մտքի թռիչքներով»:

Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031