Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարն ասաց, որ ուսումնասիրել են լիցենզավորվող գործունեության տեսակները, որպեսզի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության գործունեությանը ավելի հասանելի ու մատչելի լինի. «Այդ ուսումնասիրության արդյունքում մենք առանձնացրեցինք 13 գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին: Այսպիսով` մենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Իրանի, Վրաստանի, ԱՄԷ-իրավաբանական անձանց համար հեշտացնում ենք լիցենզավորվելու հնարավորությունը»:
Ըստ Վահան Քերոբյանի, կհեշտացվեն մասնավոր պահնորդական գործունեությունը, ինկասացիոն ծառայությունների մատուցումը, փոստային կապի, միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեությունը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացումը, անհատ ձեռնարկատերի կամ կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպումը:
«Քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզավորվող հետեւյալ գործունեության տեսակները՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում եւ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն: Այսպիսով՝ մենք էապես բարելավում ենք գործարար միջավայրը եւ թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերություններն ավելի հեշտ մասնակցեն ՀՀ-ում տնտեսական գործունեությանը»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ