Լրահոս
Օրվա լրահոսը

Ճեղքել պատերազմի խավարը, լույս դառնալ ու լուսավորել մտերիմների սրտերը. Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գառնիկ Անտոնյանը 21-ամյակը նշեց երկնքում

Հոկտեմբեր 21,2021 11:28

Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թ. Երևանում: Զորակոչվել է 2019 թ., թշնամու դեմ կռվել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի լեգենդար 3-րդ վաշտի մարտական գործողությունները: Նա ընկել է հանուն հայրենիքի նոյեմբերի 1-ին ավիացիոն հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:

Գառնիկը բազմակողմանի էր զարգացած, սիրում էր սպորտը, բազմաշնորհ էր, ընկերասեր, նա վստահաբար դառնալու էր լավագույն քաղաքացիներից մեկը, որ պիտի արարեր, ստեղծեր, բայց նա նաև այն անհատն էր, որի հոգում ամեն ինչից վեր հայրենիքն էր, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, ուստի առանց վարանելու որոշեց, որ պիտի հերոսանա և իր կյանքը տա հանուն հայրենիքի:

Գառնիկը զոհվեց՝ հեռու, մոտիկ հարազատներին, ընկերներին ու պարզապես բոլորին թողնելով հույս, որ իր լույսով մեր երկիրը ոտքի կկանգնի, կուժեղանա ու կհզորանա: Ծննդյան իր 21-ամյակը Գառնիկը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող հարազատներն ու ընկերները հավաքվեցին նրա շնորհիվ ու նրա համար:

Այդ օրը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ստանալով օրհնություն՝ նրանք մոմավառությամբ քայլերթով հասան, այնտեղ, որտեղ ննջում է Գառնիկը, ապա գնացին հերոսի բակ, որտեղ տեղի ունեցավ ցայտաղբյուրի բացման արարողություն, որը, ինչպես նշեց Գառնիկի հայրը, նվիրված է մերօրյա բոլոր հերոսներին:

«Մենք ցանկացանք ցայտաղբյուր կառուցել՝ մտքում ունենալով վերապրումի գաղափարը: Մեր հերոս տղաների ուժով, հոգով և գաղափարով մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել ու զարգանալ: Նրանք ընկան, որ մենք ապրենք՝ ունենալով հզոր հայրենիք ունենալով, դառնալով ազգ-բանակ ու առաջնորդվելով «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքով»,- ասաց Գառնիկի հայրը՝ Արմեն Անտոնյանը:

Ի նշան խաղաղության՝ ներկաները աղավնիներ բաց թողեցինք երկինք։

Հերոսի տան բակում խոսք ասաց նաև զինկոմիսարը՝ խոնարհվելով բոլոր այն մայրերի առաջ, որոնք առյուծածին որդիներ են բերել. «Որդիներ, որոնց արյան գնով հայրենիք ենք պահել: Հողը, որի վրա հայ զինվորի արյուն է թափվել, չի կարող թշնամունը լինել»:

Համար 136 միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Դավթյանն էլ, որտեղ սովորել է Գառնիկ Անտոնյանը, նշեց, որ Գառնիկն առանձնանում էր իր մարդ տեսակով, համեստությամբ եւ բարության յուրահատուկ կերպարով. «Գառնիկը վեհ արժեքների, ազգային ու հայրենական գաղափարների կրող էր»:

Գառնիկին ճանաչողները, հեռու և մոտիկ ընկերները վստահեցնում են, որ նա այնտեղ՝ երկնքում, շարունակելու է իր հաղթարշավը, իր օրինակով ու կերպարով ծառայելու է հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու է ժպտալ ու ժպիտ պարգևել։

Արսեն ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031