Հոկտեմբեր 11-ին Երևանում կայացավ «Արվեստի խաղաղություն» կազմակերպության 25 ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման հաղորդավար գրող և իրավաբան Մերի Պողոսյանն իր բացման խոսքը սկսեց ողջունելով ներկաներին, ավելացնելով՝ «Այսօր մենք նշում ենք 25 ամյակը առաջին վահանակի տեղադրման, որը 1996 թ-ին ցուցադրվեց Մասաչուսեթս նահանգի՝ Քեմբրիջ քաղաքում և կոչ էր անում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք հպարտ ենք այսօր ասելով, որ հասել ենք մեր նպատակին, որն էր ԱՄՆ -ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»:
Բացման խոսքով հանդես եկավ «Արվեստի խաղաղություն» կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝
Կարդացեք նաև
«Արվեստի խաղաղություն» կազմակերպությունը հիմնված է Բոստոնում 2004 թ-ին, բայց նրա գործունեությունը սկսվել է 1996 թ-ից առաջին վահանակի տեղադրումով։
«Արվեստի խաղաղություն» կազմակերպությունը անշահույթ կրթական կազմակերպություն է, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որեւէ քաղաքական, կուսակցական կամ կրոնական ուղղվածություն:
Կազմակերպության հիմնադրման օրվանից ի վեր «Արվեստի խաղաղությունը» չի խնդրել եւ չի ստացել որեւէ ֆինանսավորում անհատական, պետական կամ այլ աղբյուրներից, կազմակերպության բոլոր կարիքները հովանավորվել են Դանիել Վարուժան Հեջինյանի անձնական ֆինանսներով ջանքերով եւ միջոցներով։
1996թ-ից սկսած, քսանհինց տարի ի վեր Վարուժանի նախաձեռնությամբ մարտ- ապրիլ ամիսներին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բարձրանում են գովազդային վահանակներ` ներկայացնելով Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը միջազգային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել այն:
Վարուժանն իր արվեստում, մասնավորապես «Արվեստի խաղաղություն» հավաքածուն արծարծում է հումանիստական գաղափարներ, ներկայացնում է մարդկային գոյավիճակները, խաղաղության բացակայությունն ու դրանից բխող աղետալի հետեւանքները:
2014 թ-ի մայիսի 10-ին Լոուել քաղաքի քաղաքապետարանի մուտքի մոտ բացվեց «Մոր ձեռքերը» անունը կրող աննախադեպ խաչքար-հուշարձանը՝ ստեղծված Վարուժանի նախագծով եւ «Մարիմաք Վալլի» Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի նախաձեռնությամբ:
2014թ-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ազգային պատկերասրահում կազմակերպվեց «Արվեստի խաղաղություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
2015 թ-ին «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը իրականացրեց քարոզարշավ՝ «100 վահանակ Ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում եւ Կանադայում բարձրացնելով էլեկտրոնային եւ ստատիկ վահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100ամյակին, ինչպես նաեւ վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:
2018 թ-ին սփյուռքի նախարարության մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոսին հանձնվեց ՀՀ կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը` «Նանսեն, կամուրջը բարեկամության եւ խաղաղության» խորագրով: Նկարն արտահայտում է հայ եւ նորվեգացի ժողովուրդների բարեկամությունը:
2019 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին հանձնեց Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով` որպես երկու երկրների միջեւ մշտական բարեկամության խորհրդանիշ»:
Միջոցառումը զուգորդված էր երկու տեսանյութով՝ առաջինը կազմակերպության աշխատանքի և ձեռքբերումների մասին էր, իսկ երկրորդը ՝ «Արվեստի խաղաղություն» հավաքածուի, որը միտված է արվեստի միջոցով իրազեկելու մարդկային գոյավիճակների մասին, որպեսզի կանխվեն անօթևանությունը, քաղցը, կանանց հանդեպ բռնությունը, ահաբեկչությունները և ցեղասպանությունները:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և անձամբ հանձնակատար Զարեհ Սինանյանի անունից ջերմորեն շնորհավորեց «Արվեստի խաղաղություն» կազմակերպության 25-ամյա գործունեությանը։
«Շուրջ քառորդ դար է անցել այն ժամանակից, երբ Դանիել Վարուժան Հեճինյանը նախաձեռնեց Հայոց ցեղասպանության մասին իրազեկող առաջին խոշոր վահանակի ցուցադրումն Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ կոչ անելով դրա միջազգային ճանաչմանը։
Այդ օրվանից սկսած, յուրաքանչյուր տարի, պարոն Հեճինյանն իր համախոհների հետ միասին նախաձեռնեց ԱՄՆ-ի հանրային վայրերում վահանակների ցուցադրումները, որոնք լուռ, բայց, միաժամանակ, շատ խոսուն կերպով հանրությանն էին իրազեկում Հայոց ցեղասպանության իրողության մասին:
Ի վերջո, տարիներ տևած ակտիվ աշխատանքների արդյունքում՝ «Արվեստի խաղաղություն» շարունակեց էլ ավելի մեծ թափով աշխատանքներ տանել, ԱՄՆ-ում և Հայաստանում՝ որդեգրելով քաղաքակիրթ պայքարի մի նոր ձև, արվեստի լեզվով հորդորել հանրությանը լինել կարեկից ու հանդուրժող և ընտրել նպատակին հասնելու արդար ճանապարհներ:
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձավ ցեղասպանությունների կանխմանն աջակցելը: Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ում կառույցի կողմից տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին 100-ից ավելի տեղեկատվական վահանակներ:
Կազմակերպությունն ԱՄՆ-ում և Հայաստանում կազմակերպել է մոտ 3 տասնյակ ցուցահանդեսներ, բազմաթիվ դասախոսություններ, իրականացրել այլ ծրագրեր՝ այդ ընթացքում արժանանալով բազմաթիվ բարձր պարգևների մի շարք հեղինակավոր կառույցների, այդ թվում Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների կողմից»։
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, բնության և հասարակության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուզան Ասատրյանի Խոսքը;
Հարգարժան Վարուժան,
Ողջունում եմ այսօրվա Ձեր նշանակալից միջոցառումը, այո շատ կարևոր, որովհետև խաղաղությունը մոլորակի մարդկության թթվածինն է: Դուք ընտրել եք արվեստի խաղաղությունը, որովհետև արվեստը դեպի Պառնաս տանող աստվածային ուժ է: Ձեր մտքի և վրձնի տաղանդավոր ճառագումը իր մեջ ներառում է ինչպես համամարդկային, այնպես էլ անձնական զարկերակի ազնիվ ելևէջումները, որոնք բարձր են գնահատվել արվեստասեր հասարակության կողմից և դուք մարդասիրաբար ձեր հասանելիք բաժնից մասն եք առանձնացրել կարիքավորների համար, նրանց մեջ հույս ու հավատ արթնացնելով մարդու և ապագայի նկատմամբ:
Լինելով Հայոց մեծ Եղեռնից փրկված ծնողների զավակ, իր աշխատասիրությամբ ու տաղանդով Վարուժանը վերընձյուղվել է, ինչպես իր ազգը և խաղաղությունը որպես կենսական բալասան դարձրել ոչ միայն իր նկարներում, այլև՝ 25 տարի շարունակ իր հասարակական բարեգործական պատվավոր գործունեության ճանապարհին:
ԱՄՆ Նախագահ Բայդենի կողմից հայերիս գենոցիդը ճանաչելու կապակցությամբ անուրանալի է Վարուժանի կատարած աշխատանքը՝ Եղեռնի մասին հատուկ մանրամասներ ցուցադրելով 100 պաստառների վրա և այն տարածելով ԱՄՆ տարբեր քաղաքներում:
Այդ օրերին մեծ արձագանք ունեցավ նաև նրա Հայ ժողովրդի արժանավոր բարեկամ, իր անունով գաղթական հայերին անձնագիր ձևավորած, մեծ բարեգործ Նանսենի կտավը, որտեղ Վարուժանը իր վրձնի ոսկե հարվածներով ներկայացրել էր արվեստի խաղաղության հույժ կարևորությունը:
Մի բան է, երբ անհատականությունը տաղանդավոր է,մեկ այլ բան, երբ նա խաղաղության զինվոր է՝ իր նախնիների բագինի առաջ: Ուրախ եմ, որ հայրենիքում ենք նշում կազմակերպության 25-ամյակը, շնորհավորում եմ, բարեմաղթելով՝ նոր և կարևոր նախաձեռնություններ…
Բանաստեղծ, ճարտարագետ Թադէոս Եսայեանի Սիրտի Խօսքը
Հեճինեան իր հոգիի հեռատես աչքով կը տեսնէ ամէն բան: Ան կը հաւատայ, որ լաւատեսութիւնը բանալին է խաղաղութեան եւ թէ՛ ամէն տագնապալից երեւոյթէ վերջ՝ խաղաղութիւնը անպայման կը տիրապետէ ինչպէս ծովի ալիքները, որոնք կը հանդարտին, կը խաղաղին ծովափի ժայռին վրայ փշրուելէ վերջ:
Հեճինեան զգայուն սիրտ եւ խորաթափանց հայեացք ունի: Սակաւախօս է, բայց իր լռութեամբ շատ բան կը հասկցնէ:
Այո՛, տարբեր է Հեճինեանի ներաշխարհը: Մեծ արուեստագէտի ներաշխարհ է , որ ամբողջովին սէր է, խաղաղատենչ, սիրառատ եւ գութառատ եւ այս ամբողջը կ՛արտացոլուի իր հիասքանչ ստեղծագործութիւններու մէջ եւ որ քիչ վերջ պիտի հրամցուին պաստառին վրայ, որ դիտենք, վայելենք ու մեծարենք զինք:
Այո՛, մեծարենք: Եւ ծափողջոյններով պիտի մեծարենք: Եթէ ֆրանսիացին հպարտ է իր Մաթիսով, եթէ Հոլանտան հպարտ է իր Վան կոխ-ով, եթէ Հայաստանը հպարտէ իր Մարտիրոս Սարեանով, Ռոսլինով ու Քոչարով, մենք ալ՝ մենք արեւմտահայերս հպարտ ենք Վարուժան Հեճինեանով: Թող դալար մնայ իր ստեղծագործ վրձինը:
«Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն իր խոսքում նշեց.- Զուգահեռությունը մարտական պայքարի կոչ անող Դանիել Վարուժան բանաստեղծի և մեկ դար անց Դանիել Վարուժան Հեճինյանի միջև, ով խաղաղությամբ շարունակեց պայքարը հանուն մարդկության բարօրության եւ արդարության` դատապարտելով ցեղասպանությունը, ապագա ցեղասպանությունները կանխելու նպատակով։
Արվեստի խաղաղություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Վարուժան Հեճինյանի եզրափակիչ խոսքը։
Իմ և «Արվեստի Խաղաղություն» կազմակերպության անունեն: կցանկանամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ , մասնակցելու համար ՝ մեր կազմակերպության 25 ամյակին նիրված միջոցարումին:
Մէն մի հայու համար Ապրիլ ամիսը սուգի եւ տխուր յուշերու ամիս է: Ամէն հայ, որ կ’ապրի արտասահման, իր հոգիին ու էութեան մէջ կը զգայ տառապանքը եւ անարդարութիւնը, որուն ենթարկուած է անձնապէս: Ու անոնց գումարումով, ազգովին, եղեռնի փոթորիկը մէկուկէս միլիոնի ջարդին զուգահեռ, մէկ միլիոն հայ ցիրուցան ըրաւ աշխարհի չորս դին, որոնցմէ իւրաքանչիւրը ունի արդէն իր հարազատ զոհերը:
Անոնցմէ մէկն ես եմ, հօրս կողմէն, հօրեղբայրս կախաղան հանուած, հորաքոյրս թոքախտի զոհ՝ գաղթի ճամբուն, մօրս կողմէն ամբողջ ընտանիքը դէպի Տէր Զօր անվերադարձ կորսուած ու ես գաղթականի զավակ. Երբ մեր հայրերն ու մեծ հայրերը ունեցած են տուն, այգի, արօտ, իսկ մենք մնացած ենք կարօտ չոր հացի, թիթեղէ հիւղերու տակ, սրսփալով անձրեւի ջուրէն ու դողդղալով ճեղքերէն սուլող քամիներէն: Աս բոլորը ապրուած իրականութիւն են, պարզ ու յստակ։
Ես զաւակն եմ այդ խոշտանկահար սերունդին եւ իմ բջիջներս կազմուած են տառապանքով ու ցավով. Այդ ցավը պիտի կոտտայ մինչեւ այդ ժամանակ երբ արդարութեան նժարը սկսի աւելի ծանր կշռել ու բազմանան բարի մարդիկ , որ ականջ տան մեր բողոքներուն: Ամէն հայ իր արդար բողոքն ունի, եւ զայն արտայայտելու այլեւայլ ձեւեր:
Իմ կարելիութիւնս ալ շատ համեստ կերպով այս պաստառներն էին, որոնց միջոցով կը յուսամ արդարութեան ի նպաստ քայլ մը արած ըլլալ:
Պետք է դատապարտել ոճիրը, նոր ոճիրներու առաջքն առնելու համար: Կ’ուզեմ փոքր նշմար մը եւս աւելացնել որ ես հայ արուեստագէտ՝ ոչ միայն տաղանդով, այլեւ հոգիով, այլ խօսքով աշխարհաքաղաքացի մը, որովհետեւ արուեստը իր ստեղծողին հետ չի կրնար վանդակուիլ սեփական նեղ սահմաններու մէջ, այլ խաղաղութեան աղաւնիի մը նման ան կը թեւածէ բոլոր ժողովուրդներու հոգիներուն վրայ, սիրոյ եւ եղբայրութեան ձիթենիի պատգամով:
Ինչ լաւ պիտի ըլլար եթէ աշխարհի քաղաքական ղեկավարները արուեստագէտներ ըլլային, յայնժամ պիտի ունենայինք շատ ավելի մարդկային դիմագիծով ժողովուրդներու ծաղկեփունջ մը:
Ես հաստատ յոյս ունիմ, որ գալիք օրերէն օր մը թուրք ժողովուրդը վերահասու ըլլալով անցեալին պատահած « Մեծ ոճիրին» պիտի դատապարտէ զայն բոլոր արդարամիտ մարդոց հետ ու բարեկամական ձեռք մեկնելով հայ ժողովուրդին, պիտի խոստովանի «անխոստովանելի ոճիրը»:
Միջոցառումը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմենուհի Սեյրանյանը եւ սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Սոնա Սոխիկյանը:
«Արվեստի խաղաղություն» կազմակերպության հաղորդագրություն