Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի լարած կուկլան», «Էս կասկածելի արգենտինացին». քաղվածք Իրանի մամուլից

Հոկտեմբեր 21,2021 09:44

*** Իրանի «Ջավան» և «Աֆթաբ Յազդ» թերթերն իրենց այսօրվա (21/10/21) համարներում այսպես են պիտակավորել «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության» (IAEA- МАгАтЭ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսիին, որը պատրաստվում է կրկին անգամ այցելել Իրան։ Նա անցյալ ամիս ևս եղավ Իրանում և քննարկեց Իրանի ատոմային էներգիայի արտադրության վերջին զարգացումները։ Պրն Գրոսին պատրաստվում է Իրանի մասին զեկույց ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, որի նիստը գումարվելու է նոյեմբեր ամսին։ Իրանի ատոմային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցությունների ելքը մասամբ կախված է նաև այս կարևոր զեկույցին, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար՝ արգենտինացի Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ դեռևս կան քննարկվելիք մի շարք հարցեր։ Թեհրանը դեռևս չի թույլատրում, որ ՄԱԿ-ին ենթակա միջազգային այս կառույցն, իր ստուգողական տեսախցիկները տեղադրի ատոմային էներգիայի արտադրությամբ զբաղվող իրանական բոլոր օբյեկտներում։ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության» մասնագետները Իրանի այլ տարածքներում ևս հայտնաբերել են ուրանի փոշի, որի մասին դեռ համոզիչ պատասխան չեն ստացել։

Իրանի իսլամական պետությունը միջազգային կառույցների ներկայացուցիչներին ավանդաբար համարում է լրտեսներ․ այդ կառույցներին պաշտոնապես անդամակցելով հանդերձ, հաճախ արգելում է նրանց լիարժեք աշխատանք կատարելու հնարավորությունը։ Իրանի ատոմային էներգիայի օբյեկտներում վերջերս տեղի են ունեցել մի շարք պայթյուններ և բնականոն աշխատանքի խանգարումներ, որի համար Իրանը մեղադրում է Իսրայելին և ԱՄՆ-ին։ Իրանը կարծում է, որ ՄԱԳԱՏԷ-ի հսկիչները համագործակցում են այդ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Դրա համար էլ Իրանի այս թերթերը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարին համարում են «ԱՄՆ-ի լարած կուկլա և կասկածելի»։

*** «Արմանե Մելլի» օրաթերթի մեկնաբան Սադեղ Մալեքին թերթի երեկվա՝ չորեքշաբթի օրվա համարում գրել է Բաքվի հանդեպ Իրանի և Թուրքիայի քաղաքականության մասին։ Նա հայտնում է, որ քաղաքականության շախմատը րոպեական հաղթող և պարտվող չունի և դրա արդյունքը քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային երկար աշխատանքից հետո է երևալու։ Մալեքիի կարծիքով Իրանի իշխանությունները Հարավային Կովկասի և 44-օրյա պատերազմի հարցերում, միտումնավոր կերպով Իսրայելի և վարձկանների դերը մեծացնում են, որպեսզի Թուրքիայի դերը նսեմացնելու իրենց սխալ գնահատականը կոծկեն։ Մեկնաբանի կարծիքով տարածաշրջանի դեպքերի հիմնական խաղացողը Ռուսաստանն է։

Իրանն ու Թուրքիան ավանդական մրցակիցներ են։ Ադրբեջանը, Սիրիան ու Իրաքը նրանց մրցակցության բեմերից են և պետք է ուշադիր լինել, որ այս մրցակցությունը թշնամանքի չվերածվի։ Մինչ Իրանը փորձում է Ադրբեջանի հետ շիաության նույն դավանանքի գործոնի վրա հիմնվել, Թուրքիան օգտվում է էթնիկական գործոնից, որն ավելի ազդու է և վտանգի ալիքները հասնում է նաև Իրանի տարածք։ Հեղինակի կարծիքով Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցությունների ձգձգման և Իրան-ԱՄՆ հարաբերությունների չկարգավորման դեպքում, Բաքուն և Ադրբեջանը պանթուրքիզմի զենքը կօգտագործեն նաև ընդդեմ Իրանին։

«Արմանե Մելլի» օրաթերթի մեկնաբանն իր հոդվածում Հայաստան բառի փոխարեն երկու անգամ օգտագործել է Երևան բառը, ոչ մի տեղ չի հոլովել Ղարաբաղ, Արցախ կամ Հայաստան բառերը, միայն գրել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» նախադասությունը։ Յոթ անգամ օգտագործել է Ադրբեջան անվանումը, հինգ անգամ համեմելով Հանրապետություն բառով։ Թերթը հայտնի է իր բարեփոխական հակումներով։

 

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031