Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ծաղրում են, հումորներ են անում, ջղայնություն են արտահայտում, ոմանք նույնիսկ վիրավորում են»

Հոկտեմբեր 21,2021 12:00

«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է եւ այո, նաեւ լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»,- արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այս պատասխանը հարցին, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում՝ սոցցանցերում, մամուլում բազմաթիվ մեկնաբանությունների ու քննադատության տեղիք էր տվել:

Երեկ «Առավոտը» նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց՝ արձագանքներին հետեւելով՝ փոխե՞լ եք ձեր դիրքորոշումը, որովհետեւ ձեզ հիշեցնում են, որ դուք օրենքով պիտի առաջնորդվեք, օրենքը ձեզ պիտի հիշեցնի անաչառության եւ ազնվության մասին, ոչ թե Փաշինյանի նկարը: Նա պատասխանեց. «Ես չեմ ուզում խոսել բուն նկարի մասին, բայց եթե որեւէ լրատվամիջոց տեսնի բուն կոնտեքստում ինչպես է ինձ լրագրողը փորձում հեգնանքով ասել՝ ի՞նչ եք դուք խոսում նկարի հետ, ես փորձել եմ այդ հեգնանքին պատասխանել այն լրջությամբ, որով կարող էի: Այսինքն, երբ խորհրդանիշ ես համարում՝ լուսանկարը կլինի, դրոշը կլինի, անկախ նրանից ով իր համար աշխատանքի ոլորտում ինչն է համարում խորհրդանիշ, դու փորձում ես խորհրդանիշից ստանալ ինչ-որ մեսիջ: Պարզ է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է աշխատանքային մթնոլորտում պետական խորհրդանիշները տանել ինչ-որ անձնական բնույթի, նույնիսկ կրոնական բնույթի հարձակումների՝ ես իրենց օգնել չեմ կարող: Ես կարդացել եմ որոշ հումորներ, որոշ ծաղրանքներ: Ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ծաղրում են, հումորներ են անում, ջղայնություն են արտահայտում, ոմանք նույնիսկ վիրավորում են: Ինչո՞ւ: Թող իրենց հոգեկան հանգստությունը, եթե իրենք հանգստանում են այդ չարությամբ, չարացածությամբ, թող ինձ վրա գա եւ նման փոքր հարցերի պարագայում: Հուսով եմ, ես առիթ չեմ տա մեր հասարակությանը իսկապես իմ վրա բարկանալու»:

Մեր դիտարկմանը՝ Չարենցի պես հնչեց՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…»՝ Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «Այս պահին քաղաքական վիրավորանքներ ես պատրաստ եմ հանգիստ ընդունելու: Հուսով եմ մարդիկ չափը կպահպանեն եւ անձնական ու այլ տիրույթներ չեն անցնի: Դրանից իմ քաղաքական կշռի հարցը չի նույնիսկ, սա ուղղակի իրենց իսկ խղճի ու բարոյականության հարցն էր»:

Կարեն Անդրեասյանը հորդորեց Փաշինյանի նկարի մասին իր խոսքին գնահատական տալուց առաջ հարցուպատասխանն ամբողջությամբ լսել ու տեսնել, թե ինչպես է լրագրողն իրեն հարց տալիս. «Ինձ հեգնանքով հարցնում է՝ ի՞նչ եք դուք խոսում նկարի հետ, ես փորձում եմ դրան արձագանքել ուղիղ: Կարող էի անել քաղաքական գործչին հարիր՝ ուղղակի չպատասխանել կամ այլ ձեւով պատասխանել, բայց ես հարգում եմ լրագրողներին, մանավանդ՝ ինտելեկտուալներին, որոնք ուզում են ինձ հետ զրուցել»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ հակասություն կա, նույն քաղաքական ուժը հորդորում էր հանել Սերժ Սարգսյանի նկարները ու հիմա իրենն են կախում՝ Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ դա ուրիշ հարց է, իրեն այլ բան են հարցրել. «Չեմ թաքցնում, ասել եմ՝ այո, կախել եմ: Բաց ասում եմ: Երբ որ ինձ փորձում են հեգնել, ես փորձում եմ բացատրել: Եթե ինձ փորձեն դիմանկարի մասով խոհափիլիսոփայական կամ քաղաքական վեճերի մեջ ներքաշել, ես կասեմ՝ կներեք, ես դրա ժամանակը չունեմ»:

Հարցրեցինք՝ կոնկրետ հրահանգ ձեզ եղե՞լ է, որ կախեք Փաշինյանի նկարը, թե՞ դա ձեր անձնական նախաձեռնությունն է՝ նախարարը պատասխանեց. «Հրահանգներ չեն լինում, այն էլ՝ այդ մակարդակի: Լինում են ինչ-որ մոտեցումներ՝ ինչ-որ տեսակի, քննարկումներ, որից հետո դու ինքդ որոշումներ ես կայացնում: Ես իմ կայացրած որոշումը հայտնել եմ եւ անկեղծորեն եմ ձեզ ասում՝ ո՛չ փոշմանում եմ, ո՛չ ամաչում եմ՝ անկախ նրանից, թե ով ինչպես է հարձակվում ինձ վրա: Ես իմ բոլոր որոշումների համար պատասխան տվող եմ եւ մինչեւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031