Արտաքին եւ անվտանգության քաղաքականությունների գործոնների գնահատում․ որո՞նք են Հայաստանի արտաքին եւ անվտանգության ակտիվներն ու խոչընդոտները
Ակտիվներ
Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունների մշակման ու իրականացման մասին մտածելու հաջորդ քայլը նրա ունեցած ակտիվների, առավելությունների ցուցակագրումն է:
Այն առավելությունները, որոնք, ըստ մասնակիցների, ենթադրվում է, որ Հայաստանն ունի, հետեւյալն են.
Ա. Խաղաղասեր երկրի կերպար (image), որը ձգտում է համագործակցության։
Բ. Երկար պատմություն ու մշակույթ, ինչպես նաեւ համընդհանուր արժեքների ընդունում։
Գ. Միջազգային պայմանագրերով եւ կանոնադրություններով պաշտպանված պետություն։
Դ. Պետություն՝ ժողովրդավարական կառավարմամբ, որը հիմնված է Սահմանադրության վրա։
Ե. Ազգային միատարրություն։
Զ. Չօգտագործված փորձ եւ մարդկային ռեսուրսներ. օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում։
Է. Ռազմավարական աշխարհաքաղաքական դիրք: Հայաստանը կարեւոր է տարածաշրջանային անվտանգության համար եւ ունի աշխարհառազմավարական նշանակություն՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար: Այն գտնվում է Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ առեւտրային ու տրանսպորտային ուղիների խաչմերուկում:
Ը. Հարեւան երկրների եւ Ռուսաստանի շուկաներ արտահանելու հսկայական ներուժ։
Թ. Մերձավոր Արեւելքում բնակվող՝ հալածված, ոչ հայ փոքրամասնությունների համակրանքը, որոնք կարող են վերաբնակվել այնտեղ։
Ժ. Սփյուռք, որի համայնքները լոբբինգ են իրականացնում այլ երկրներում՝ ի աջակցություն Հայաստանի եւ Ղարաբաղի: Սփյուռքն ունի նաեւ մեծ տնտեսական ներուժ (ներդրումներ, արտագաղթածների դրամական փոխանցումներ եւ մարդասիրական օգնություն) ու մարդկային ռեսուրսներ, այդ թվում՝ մտավոր եւ գիտական ոլորտների մասնագետների ցանց:
Այդուհանդերձ, շատերը նշում են, որ այդ բոլորը հարցական են.
Ի. Այդ ռեսուրսներն ու ակտիվները գոյություն են ունեցել պատերազմից առաջ, բայց Հայաստանը չեն փրկել սեփական սխալներից։
Լ. Հայությունը չի գտել ներուժի իրացման ուղիներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Խ. Դրամական փոխանցումները ցույց են տալիս արտագաղթի իրողությունը: Փոխանցումների քանակը ցույց է տալիս նրանց թիվը, ովքեր հեռացել են երկրից՝ ստեղծելով ժողովրդագրական ճգնաժամ։
Ծ. Հայաստանի աշխարհագրական դիրքը եւս կարող է խնդիր լինել. հնարավոր է, որ տարածաշրջանում շահեր ունեցող ավելի մեծ տերություններն իշխեն Հայաստանում եւ նրա դիրքը դարձնեն ոչ թե անվտանգության, այլ վտանգի աղբյուր: Բացի այդ, Վրաստանը եւ Ադրբեջանը եւս հավակնում են նույն դերին եւ ավելի շատ հնարավորություններ են ունեցել խաղալու այդ դերը:
Կարդացեք նաև
Ի՞նչ այլ ռեսուրսներ կամ գործընկերներ կարող էր ապահովել Հայաստանը
2020 թ. սեպտեմբերի պատերազմը առավել քան երբեւէ վեր հանեց տարածաշրջանում եւ միջազգային հանրության մեջ Հայաստանի դիրքի թուլությունը: Փորձագետներն ու քաղաքական գործիչները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, թե ինչպես կարելի է բարելավել այդ դիրքը՝ ձեռք բերելով հնարավոր նոր գործընկերներ ու միջոցներ:
Ըստ այդմ, Հայաստանը կարող է.
Ա. Ձգտել ավելի լավ եւ ավելի ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների. այլընտրանքաբար կամ հավաքականորեն՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Պակիստանի, Իսրայելի, Եթովպիայի, արաբական երկրների, աֆրիկյան երկրների, ֆրանսախոս երկրների եւ (կամ) Ուկրաինայի հետ (առանց Ռուսաստանին հակադրվելու):
Բ. Ձգտել գործընկերության քրդական ուժերի հետ։
Գ. Աշխատել ասորական եւ արամեական սփյուռքյան համայնքների հետ՝ հյուրընկալ պետություններում եւ միջազգային ատյաններում հայանպաստ բանաձեւերին աջակցելու համար։
Դ. Ձգտել ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության:
Սակայն մի այլ խումբ նշում է.
Ե. Հայաստանը չի կարող հույսը դնել վերոհիշյալ երկրներից իրական օգնություն ստանալու վրա, քանի որ նրանք բոլորն ունեն իրենց սեփական շահերն ու խնդիրները, եւ իրականում շատ քիչ են հետաքրքրված, թե ինչ է կատարվում Ղարաբաղի կամ նույնիսկ Հայաստանի հետ: Շատ երկրներ կարող էին ավելի շատ տնտեսական կամ մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց, ի վերջո, դրանք մեծ տարբերություն չեն մտցնի Հայաստանի անվտանգության շահերի կենսական ոլորտներում:
Զ. ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Ղարաբաղի կամ Հայաստանի համար պատասխանատվություն ստանձնելով: Բացի այդ, ՆԱՏՕ-ն թույլ է եւ իր անօգտակարությունն ապացուցել է Վրաստանի հարցում. Վրաստանը 1990-ական թվականների սկզբից հավակնում էր ՆԱՏՕ-ին անդամակցությանը եւ ոչ մի աջակցություն չստացավ Ռուսաստանի հետ իր պատերազմի ժամանակ, որի արդյունքում կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան:
Որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու խոչընդոտները
Մինչ Հայաստանը փորձում է վերականգնվել 2020 թ. պատերազմի պարտությունից, ըստ մասնագետների՝ արտաքին գործերի հարցում ակնհայտ են Հայաստանի դիրքի բարելավման դեմ առկա բազմաթիվ խոչընդոտներ.
Ա. Չկառուցակարգված (non-institutionalized) քաղաքականության ձեւավորում։
Բ. Պարտվածի հոգեբանություն։
Գ. Նախորդ կառավարության՝ ճիշտ որոշումներ կայացնելու թույլ կարողություն, քանի որ մեծ պատասխանատվություն է կրում պարտության համար։
Դ. Սահմանափակ ներդրում քաղաքականության մշակման մեջ։
Ե. Քաղաքականության սահմանափակ ընտրանքներ:
Զ. Անկարող/անատակ (inadequate) դիվանագետներ։
Է. Քաղաքականության անհնարին նպատակների հետապնդում։
Ը. Ռուսաստանից գերկախվածություն։
Թ. Ժողովրդագրական՝ գրեթե ճակատագրական կորուստներ մինչեւ պատերազմը (արտագաղթ) եւ պատերազմի ընթացքում (զինվորականություն): Արտագաղթի հետեւանքով կորուստներն, ըստ ամենայնի, կշարունակվեն, երբ COVID 19-ի համաճարակը վերահսկվի, եւ հնարավոր դառնա ու թույլատրվի ճամփորդել։
Ժ. Ղեկավարության կողմից ժողովրդի նկատմամբ ցուցաբերված անվստահությունը, մանավանդ 1999 թ. հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած սպանություններից հետո: Ինչ վերաբերում է երկրի կարողություններին ու սահմանափակումներին, մարդկանց կերակրել են հայրենասիրական ու ազգայնական խոսքերով՝ փոխանակ ժողովրդի հետ խոսելու բաց ու ազնվորեն։
Ի. Քննադատաբար, նորարարաբար մտածելու, իրական հետազոտություններ հանձնարարելու եւ օգտագործելու անկարողությունը:
Ղարաբաղյան հարցով արդյունավետ արտաքին քաղաքականություն ձեւակերպելու խոչընդոտներ
Մասնակիցների մի խմբի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցով արդյունավետ արտաքին քաղաքականության ձեւավորման երեք հիմնական խոչընդոտներն են.
Ա. Ուժեղ ղեկավարության բացակայությունը, ներառյալ նրա ձեռնհասության եւ ատակության (կարողունակ լինելու) բացակայությունը։
Բ. Ղեկավարության նման պակասություններից բխող անկայունությունն ու անվստահությունը։
Գ. Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության եւ նրա Արտաքին գործերի նախարարության միջեւ պատշաճ եւ արդյունավետ համագործակցության ու համակարգման բացակայությունը։
Դ. Բաքվի եւ Ղարաբաղի ղեկավարության միջեւ նշանակալի շփումների բացակայությունը, որոնց միջոցով կողմերը կարող էին միմյանց դիրքորոշումները գնահատել գաղտնի խորհրդակցությունների հիման վրա, այլ ոչ թե հրապարակային հայտարարությունների, որոնք թերեւս ուղղված էին միայն ներքին լսարաններին:
Սակայն ուրիշները որպես խոչընդոտ առաջարկում են նաեւ հետեւյալ հանգամանքները.
Ե. Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը պղտորում է իրավիճակը։
Զ. ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Բաքու այցելած անդամների հանդեպ Ադրբեջանի առաջնորդի ամբարտավան պահվածքը, ինչը վկայում է բանակցային գործընթացի նկատմամբ Ադրբեջանի փոխված վերաբերմունքի մասին։
Է. Բաքվի չկամությունը՝ Ղարաբաղի հայերին առաջարկելու ուրիշ որեւէ այլ բան, քան իբրեւ էթնիկ-կրոնական փոքրամասնության կարգավիճակն է, արտատարածքային հիմունքներով մշակութային ինքնավարությունը։
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ.
Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)
«Առավոտ» օրաթերթ
21.10.2021