Հանրապետության նախագահի ապրիլի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը վերջապես լսվել է հոկտեմբերի 12-ին: Ու դարձյալ գրավոր ընթացակարգով: Թե դիմումատուն, թե պատասխանող կողմը փաստաթղթեր են, օրենքներ ու դրանց տարբեր գրավոր մեկնաբանություններ:
Դեմ-դիմաց մասնագիտական քննարկում վաղուց գոյություն չունի այս դատարանում:
ՍԴ-ն դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ հարակից՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Հարցն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածով ԲԴԽ-ին տրվում է իրավասություն ընտրելու որոշ դատավորների, ովքեր ի լրումն իրենց համապատասխան մասնագիտացման գործերի քննում են նաեւ առանձին տեսակի գործեր:
Ըստ դիմող ՀՀ նախագահի, որի ներկայացուցիչն այդպես էլ չի նշվում ՍԴ որոշումների մեջ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով նախատեսված կարգավորումներով Բարձրագույն դատական խորհրդին տրվում է լիազորություն ստեղծելու դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված «inter alia» գործերի «բարդության» վրա:
Դիմողը գտնում է, որ «գործի բարդություն» եզրույթն ինքնին գնահատողական է, եւ «Սահմանադրական օրենքով նախատեսված չեն օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ որոշել առանձին քաղաքացիական, վարչական եւ քրեական գործերի բարդության աստիճանը: «Առանձին բարդության գործերի ցանկ» հասկացության իրավական բովանդակությունը պարզ չէ, իսկ դրա բացահայտման համար անհրաժեշտ է տվյալ պահի դրությամբ մանրամասն տիրապետել տվյալ գործի նյութերին եւ դրա փաստական հանգամանքներին, որոնք յուրաքանչյուր դեպքում տարբեր են»: Ըստ դիմողի՝ Սահմանադրական օրենքի վիճարկվող կարգավորումները կարող են հանգեցնել նաեւ դատավորների միջեւ գործերի կամայական բաշխմանը, ինչը նահանջ է դատավորների միջեւ գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխման հիմնարար պահանջից:
Կարդացեք նաև
Մեկ այլ դիտարկմամբ, դիմող կողմը հանգել է այն հետեւության, որ ԲԴԽ-ի կողմից գործերի նման բաշխման իրականացումն անուղղակիորեն կարող է ընկալվել նաեւ որպես դատավորներին արհեստավարժների եւ ոչ արհեստավարժների դասակարգում, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 164-րդ հոդվածով ամրագրված դատավորի կարգավիճակի, այդ թվում՝ վերջինիս հեղինակության տեսանկյունից. «Նման իրավիճակում դատավորը կարող է հայտնվել պատասխանողի դերում որեւէ գործով իր ի պաշտոնե լիազորություններն իրականացնելու ընթացքում եւ հենց այդ գործի շրջանակներում, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի եւ 63-րդ հոդվածի 1-ին մասի, մասնավորապես՝ դատավորի անկախության չափորոշիչների համատեքստում: ԲԴԽ-ն իրականացնելու է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու եւ գործով վերջնական որոշում կայացնելու գործառույթները: Հետեւաբար, ԲԴԽ-ին նման գործիքակազմ տրամադրելը չի բխում այդ մարմնի սահմանադրական կարգավիճակից»:
Այս գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էին դարձյալ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը:
Ըստ նրանց, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված առանձին տեսակի գործերի ցանկն սպառիչ չէ, օրենսդիրը առանձին բարդության գործերը ԲԴԽ-ի կողմից ընտրված դատավորների կողմից քննելու հնարավորություն տալով՝ այդ գործերի ցանկը սահմանելու իրավասությամբ օժտել է հենց ԲԴԽ-ին՝ որպես դատարանների եւ դատավորների անկախության երաշխավոր: Պատասխանողը նշել էր, որ ԲԴԽ-ն օժտված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ, ուստի այդ ակտերը եւս, որպես «օրենք» լայն առումով, պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ձեւակերպված լինեն բավարար աստիճանի հստակությամբ: Ըստ պատասխանողի՝ դիմումն անհիմն է: Ինչ վերաբերում է «առանձին բարդության գործեր քննող դատավորների առանձնացմանը», ապա պատասխանողի կարծիքով այն որեւէ կերպ հակասության մեջ չի գտնվում Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածների հետ, հակառակը՝ նպատակ ունի նպաստել իրավական որոշակիությանը եւ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:
Ըստ Սահմանադրական դատարանի՝ դատական համակարգից որոշակի մասնագիտացման կամ տեսակի գործեր քննող դատավորներ առանձնացնելու հնարավորությունը պայմանավորված է իրավունքի տարբեր ճյուղերի ոլորտային առանձնահատկություններով եւ համահունչ է դատավորի կարգավիճակին վերաբերող սահմանադրաիրավական պահանջներին:
Բացի դրանից, «առանձին բարդության գործեր» հասկացության համեմատ «որոշակի մասնագիտացման» կամ «տեսակի» գործերը դասակարգելու համար կիրառվում են օբյեկտիվ չափորոշիչներ: ՍԴ-ն գտնում է, որ առանձնակի բարդության գործեր քննող դատավորների տարանջատումը չի կարող դիտարկվել որպես տարանջատում՝ մասնագիտացման հիմքով: ՍԴ-ն վկայակոչել էր նաեւ իր՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշումը, որով արտահայտված իրավական դիրքորոշումը հետեւյալն է. «ՀՀ Սահմանադրությունը, սահմանելով ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, միեւնույն ժամանակ հնարավոր է համարել այնպիսի իրավիճակի ձեւավորում, որտեղ հասարակական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ դրանց առավել բարդ իրավական կարգավորվածության պայմաններում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջվի առավել խոր մասնագիտական մոտեցում եւ լուծումներ։ ՀՀ Սահմանադրությունը, նման իրավիճակի գնահատման լիազորությունը վերապահելով օրենսդրին, նախատեսում է նաեւ օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորություն։
Մասնագիտացված դատարանի դատավորը, որն օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, որպես մասնագիտացված դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնող անձ կոչված է իրականացնելու արդարադատություն՝ բացառապես իրավունքի այդ կոնկրետ բնագավառում»:
Մեկ այլ իրավական մոտեցմամբ էլ՝ «միեւնույն մասնագիտացման կամ նույն դատարանի դատավորներից առանձին բարդության գործեր քննող դատավորների ընտրությունը կամ առանձնացումը հանրության կողմից կարող է առավելապես ընկալվել որպես դատավորների դասակարգման դրսեւորում, պայմանավորված վերջիններիս ընդհանուր մասնագիտական ունակություններով»:
ՍԴ-ն հակասող է ճանաչել վիճարկվող փոփոխությունները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2021 թ․