Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիներ անց, այսօր էլ կստորագրեմ ասածիս տակ»

Հոկտեմբեր 21,2021 13:30

«Առավոտին» հասած տեղեկություններով, կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը այս օրերին մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրում է իր հերթական կինոերաժշտությունը։ Չնայած երիտասարդ տարիքին, սա կոմպոզիտորի, եթե չենք սխալվում, 30-րդ ֆիլմն է։ Մինչ այն ներկայացնելը գանք հերթականությամբ։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում 2016թ. երիտասարդ կոմպոզիտորի հոր, ճանաչված կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյից հետո, ոչ միայն մեզ համար, հայտնություն էր կրտսեր Բերբերյանը, որը դեռ ուսանում էր կոնսերվատորիայում եւ, բնականաբար, լայն լսարանին ծանոթ չէր։ Մեզ հետ զրույցում Ավետիսը բարձրաձայնեց իր երկու մասշտաբային ստեղծագործությունների անունները՝ «Sharp point» կոնցերտը՝ փողայինների եւ հարվածայինների համար ու քառօրյայից հետո գրված «Warnings» երկը սիմֆոնիկ նվագախմբի համար։ Այնուհետեւ ուսանող կոմպոզիտորը սկսեց թվարկել տարբեր կինոռեժիսորների հետ համագործակցության արդյունքում սեփական աշխատանքների մասին։

Նշեց օրինակ, Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որտեղ ինքը «հարմարեցրել» է Կոմիտասի, Տերտերյանի, Դեբյուսիի երաժշտությունը սցենարին, համագործակցել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հետ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում։ Վահե Յանի վավերագրական երկու ֆիլմերի՝ «Եկմալյան-Պատարագ», «Արմատները» երաժշտության հեղինակն է։ Ստեղծագործել է Հրաչյա Զաքարյանի «Քաղաքը քաղաքի տակ» վավերագրական ֆիլմի համար եւ այլն։ Այն ժամանակ մենք հետաքրքրվել էինք, թե կարելի՞ է ենթադրել, որ նա «մխրճվել» է կինոերաժշտության ժանր եւ հնարավոր է, այդտեղից այլեւս դուրս չգա, երիտասարդը հստակ ու հակիրճ պատասխանել էր. «Կինոերաժշտությունը միակ ժանրն է, որտեղ կոմպոզիտորը պարտավոր է տիրապետել երաժշտարվեստի բոլոր ժանրերին»։ Իսկ թե ուսումն ավարտելուց հետո չի՞ պատրաստվում կատարելագործվել կամ իր որոշ տարեկիցների օրինակով տեղափոխվել արտերկիր աշխատելու եւ ստեղծագործելու։

Մեր զրուցակիցը հստակ ասել էր. «Ցանկացած ոլորտի ստեղծագործողի համար անհրաժեշտ է, նույնիսկ պարտադիր դուրս գալ միջազգային ասպարեզ, որտեղ տեսնում ես, շփվում, սովորում, ընկերներ ու համախոհներ ձեռք բերում։ Ժամանակ անց էլ թվարկածս «բաղադրիչներով» զինված վերադառնում ես հայրենիք եւ դրանք շաղախում արվեստիդ՝ ստեղծագործելով նորը, հետաքրքիրը»։
Տարիներ անց, այսօր արդեն կոմպոզիտորի հետ հանդիպման ժամանակ հիշեցնելով ժամանակին իր վերոնշյալ պատասխանը միջազգային ասպարեզ դուրս գալու մասին, Անդրանիկ Բերբերյանը ժպտալով ասաց. «Տարիներ անց, այսօր էլ կստորագրեմ ասածիս տակ»։
Ապա ներկայացնելով մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր հերթական կինոերաժշտությունը՝ մանրամասնեց. «Խաղարկային այս ֆիլմը կրում է «Ամերիկացի» անվանումը։ Երաժշտության տեւողությունը 80 րոպե է։ Մի մասն արդեն ձայնագրվել է։ Կուզեի նշել մաեստրո Թոփչյանի իսկապես չափից ավելի մանրակրկիտ մոտեցման մասին։ Նկարահանումներն արդեն ավարտված են։

Իսկ նկարահանվել են ճանաչված դերասաններ ոչ միայն Հայաստանից այլեւ արտերկրից, այդ թվում Իսպանիայից, Ռուսաստանից եւ այլն։ Նրանցից շատերին հայ հանդիսատեսը քաջածանոթ է։ Մի քանիսի անունը բարձրաձայնեմ՝ Նարինե Գրիգորյան, Ժան-Պիեռ Նշանյան, Հովիկ Կեչկերյան, Միխայիլ Տրուխին, Նելի Ուվարովա, Արամ Կարախանյան… ամերիկացու կերպարը մարմնավորել է ինքը՝ ֆիլմի ռեժիսորը, ամերիկաբնակ Մայքլ Գուրջյանը։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայնը, ինչպես նաեւ Մայքլ Գուրջյանը։ Ասեմ նաեւ, որ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, որոնք իրականացրել է PEOPIE OF AR Productions-ը»։ Հետաքրքրվեցինք, թե, ըստ էության, հայ-ամերիկյան այս ֆիլմում ինչ խնդիրներ են շոշափվում, ինչի մասին է այն, կամ կարելի՞ է հակիրճ ծանոթացնել սցենարին։ Կոմպոզիտորը միանգամից արձագանքեց` ո՛չ, պատճառաբանելով կնքած պայմանագրում կետերից մեկը, որի համաձայն մինչեւ էկրան բարձրանալը՝ իրավունք չկա։ Փոքր-ինչ դադարից հետո էլ ընդամենը հավելեց, թե ֆիլմի դեպքերը Ստալինյան ժամանակաշրջանում են տեղի ունենում։

Անդրանիկ Բերբերյանին խնդրեցինք թվարկել իր մասնակցությամբ այն ֆիլմերի անվանումները, որոնց երաժշտությունը հեղինակել է արդեն ուսումն ավարտելուց հետո, հատկապես այն ֆիլմերի, որոնք դուրս են եկել միջազգային հարթակ։ Կոմպոզիտորը նշեց մի քանիսը՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն գիշեր», Միքայել Պողոսյանի «Արեւ, սարեր եւ սեր», Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ, խաղարկային ու «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031