Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է, կարծում ես մեռնելը փլավ ուտե՞լ է»

Հոկտեմբեր 21,2021 13:00

Լեռ Կամսարի «Ձեռնարկ սկսնակ մեռելների համար» անտիպ ֆելիետոնը գրվել է 1955-ին: Այն լույս կտեսնի եռհատորյակում գալիք տարի, եթե իհարկե, հովանավոր գտնվի: Ստորեւ ներկայացվող հատվածներն «Առավոտին» է տրամադրել Արմեն Քեշիշյանը:

Ինչ է, կարծում ես մեռնելը փլավ ուտե՞լ է:
Բայց մի հուսահատվիր, համառ աշխատողը իր նպատակին կհասնի:
– Հիմա՝ ասենք, մեռնել ես ուզում: Այդ, իհարկե, մեկեն չի լինի: Նախ կհիվանդանաս, կպառկես: Քանի ապրելու հույս կա՝ տեղիցդ ժաժ չես գա: Հենց որ վատացար՝ մի ամիս առաջ «շտապ օգնություն» կանչիր: Ասեմ անցողակի, որ «շտապ օգնության» գալը տարիներ չի քաշի: Ընդամենը մի անգամ մեքենայի անիվները կփչի, կարգի կգցի ու եթե ճանապարհին մի տաս տեղ էլ պայթի՝ ոչինչ, մի հուսահատվիր, եթե հասցեդ չի մոռացել՝ նա վերջ ի վերջո քեզ կգտնի…
Երբ մեքենան հասավ, կվեր կենաս կպառկես մեջը: Եթե հավատացյալ ես՝ վատ չէր լինի, եթե մի փոքր աղոթեիր: Վարդանանց պատերազմին ռազմիկները նախապես հաղորդվեցին:
Ասենք սա պարտադիր չէ:
Հա: Հիմա պառկեցիր, չէ՞. մեկ-երկու-երեք հաշվելիս մեքենան քեզ մի պատից կվերցնի մյուս պատին կզարկի: Կողքիդ ոսկորները կջարդվեն՝ բայց դու կաշխատես դեռ չմեռնել: Զսպիր քեզ եւ երկրորդ հարվածին սպասիր:


Ես ենթադրում եմ, որ դու կայուն մեռել ես եւ անկենդան գերեզմանոց կհասնես:
Գերեզմանատուն մտնելով՝ կհարցնես.
– Ո՞վ է այստեղ Շահապունին:
Քեզ ցույց կտան թաղման բյուրոյի նախագահին: Մի հաստ, կոլոտ, չաղ-չաղ մարդ է՝ շլյապան գլխին:
Կասես ինձ տեղ տուր թաղվեմ:
Եթե իր ուզած գինը տաս՝ որտեղ կամենաս կթաղի քեզ: Նա գերեզմանոցային գծով մասնագետ մարդ է, հարուստ փորձի տեր, տիրապետում է մեռելների լեզվին եւ որ մեռելին ասի՝ «մի փոքր այն կողմ քաշվիր սրան քո տեղը թաղեմ»՝ չէ ասել չկա: Հլու կատարում են նրա հրամանը: Անսաստողին գերեզմանոցից կվտարի դեպի խամ հողերը եւ այդ արարքը պաշտոնապես կձեւակերպի որպես «գերեզմանոցային ձեւավորում»:
Հա, այսպես հաջող թաղվելուց հետո, ես կայցելեմ քեզ ոչ թե լալու՝ այլ քո հաջողությունը շնորհավորելու համար…

«Առավոտ» օրաթերթ 

21.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031