ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին: Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:
Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո կարգավորելու հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:
ՀՀ Ազգային ժողով