Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են ֆինանսավորվել հայտնի քաղաքական գործչից կամ քաղաքական ուժերից, բայց ներկայանալ որպես անկախ, այդպես չի լինում, չի կարելի, բարոյական չէ». Աշոտ Մելիքյան

Հոկտեմբեր 20,2021 23:30

ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը:

Նիստի ժամանակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը քննարկվել է մեդիա կազմակերպությունների հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ հանդիպում են ունեցել հեղինակի հետ ու ասել, որ անընդունելի են այսպիսի փոփոխությունները ու մինչեւ վերջ պայքարելու են դրանց դեմ: Նախագծի նախնական տարբերակը շատ ավելի խնդրահարույց է եղել. «Մենք մեռանք ասելով, որ անանուն աղբյուրներին հղում կատարելը պարտադիր է, հատկապես հետաքննող լրագրողների համար: Չէին համաձայնում: Վերջը փոխեցին չնույնականացվող աղբյուր, բայց ասացինք՝ դա նույն բառն է համարյա, դրանով դուք չեք փրկում: Հետո հորդորեցինք՝ լավ, մեզ չեք լսում, գոնե ուղարկեք ԵԽ: Այնքան համառորեն պնդեցինք, որ փորձաքննության ուղարկեն Եվրոպայի խորհուրդ, որ նրանք դա արեցին: Իրենք բացասական եզրակացություն տվեցին ու դա դարձավ լուրջ հիմք, որ վերանայեն նախագծում մոտեցումները ու չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելը չարգելեն օրենքով: Մենք այն գլխից ասում էինք՝ տեխնոլոգիաները զարգացել են, հազար ու մի կեղտոտություններ են այդ տեխնոլոգիաների միջոցով արվում, այդ դեպքում ԶԼՄ-ին ինչո՞ւ եք արգելում, թող վերցնեն չնույնականացվող աղբյուրից, իրենք պատասխանատվություն կրեն այդ տարածած տեղեկատվության համար: Դա կլինի արդեն միջազգային նորմերին համապատասխան: Այսինքն, արդեն ԶԼՄ-ն իր վրա վերցնում է պատասխանատվություն, որ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվություն է տարածել»:

Հարցին՝ այս կարգավորումը միտված է լրատվական դաշտն առողջացնելո՞ւն, թե՞ իրավիճակը ավելի կխճճի ու ԶԼՄ-ների համար նոր խնդիրներ կստեղծի՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այն լրատվամիջոցը, որն իրեն պատասխանատու եւ որակյալ է համարում, այստեղ որեւէ խնդիր պետք է որ չտեսնի, որովհետեւ եթե գործող պրակտիկան ենք նայում, տեսում ենք, որ ԶԼՄ-ն փորձում է թաքնվել անանուն աղբյուրի հետեւում եւ որեւէ պատասխանատվություն չկրելով՝ տարածում է ապատեղեկատվություն կամ ֆեյք լուր: Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք: Դա իսկապես ավելի մեծ վնաս է հասցնում տեղեկատվական դաշտին: Հասարակության մեջ այդ ապատեղեկատվության տարածումն առհասարակ անթույլատրելի է: ԶԼՄ-ն չի կորցնում հնարավորությունը որտեղից որ օգտվել է, շարունակի օգտվել: Հո չե՞ն ասում՝ ճշտեք դոմեյնը, միանգամից երեւում է, որ ֆեյք օգտատեր է, կամ էլ «Տելեգրամ» ալիքի չնույնականացվող աղբյուր է: Եթե այն ինֆորմացիան, որը չնույնականացվող աղբյուրից ԶԼՄ-ն վերցնում է, ինքը համարում է, որ դա հանրային նշանակություն ունի, հրապարակում է ու պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ի՞նչ խնդիր կա այդտեղ: Ես այս ձեւակերպմամբ այդ հարցում խնդիր չեմ տեսնում: Ավելին, դա միջազգային պրակտիկա է: Ինչ-որ մեկը տարածվող լուրի համար իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: Ստացվում է, որ գործընթացը գնում է ավելի որակյալ ու ավելի պատասխանատու լրատվական դաշտ ստեղծելուն: Մեր ամեն մի հարթակ, որը որեւէ տվյալ իր մասին չի ուզում հաղորդել, որը իր լսարանի հետ չի հաղորդակցվում, ու սրա մասին ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ներն էին ասում, թե այդքան հարթակներ են հանդես եկել, նրանք օրենքի դաշտում չեն աշխատում: Հիմա ավելի շատ այդ տիպի հարթակների համար է սա, որպեսզի նրանք պրոֆեսիոնալ եւ օրինական դաշտում աշխատեն ու օգտվելով ազատությունից բոլոր աղբյուրներից օգտվելու՝ նաեւ պատասխանատվություն ունենան, թե ինչ են իրենք տարածում»:

Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջին, ըստ որի, արգելվելու է հավատարմագրել այն ԶԼՄ-ներին, որոնք չեն ներկայացրել այդ հաշվետվությունը, նախագծում խութեր կան: Օրինակ, կարող ես մի տառի տարբերությամբ նորից գրանցել ԶԼՄ ու հավատարմագրվել՝ ասելով, որ դեռ տարին չի լրացել, հաշվետվություն չես կարող տալ: Այս առնչությամբ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչու մեզ մոտ ավելի շատ մտածում են օրենքը շրջանցելու մասին, քան օրենքին ենթարկվելու՝ այսպես կանենք, այնպես կանենք: Դե, խախտեք օրենքը, բայց մեծ հաշվով գործող օրենքում էլ կար այդ պահանջը, մասնավորապես, տպագիր մամուլի համար, որ պետք է մինչեւ մարտի 31-ը ր ֆինանսական հոսքերը ցույց տար: Օնլայն մեդիան փաստորեն դուրս էր մնացել դրանից: Ֆինանսական ու սեփականության թափանցիկությունը միջազգային ընդունված նորմ է: ԶԼՄ-ն իր լսարանի հետ պետք է ազնիվ լինի, պետք է ազնվորեն ասի՝ ես ֆինանսավորվում եմ այս քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի կողմից: Հիմնականում այստեղ արատավոր պրակտիկա է ձեւավորվել: Ուզում են ֆինանսավորվել հայտնի քաղաքական գործչից կամ քաղաքական ուժերից, բայց ուզում են ներկայանալ սեփական լսարանին՝ որպես անկախ: Այդպես չի լինում, չի կարելի, բարոյական չէ»:

Ըստ Աշոտ Մելիքյանի, այս դրույթը ամեն դեպքում խոցելի է. «Հավատարմագրման որոշ դրույթներ օրենքում չեն ձեւակերպել, բայց ուզում են թողնել, որ պետական մարմինը իր կարգերը սահմանի: Սա շատ լայն հնարավորություն է տալիս, որ բյուրոկրատները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն ու իրենց հարմարեցնեն լրագրողներին հավատարմագրելը ու նրանց գործունեությունը հարմարեցնեն իրենց քմահաճույքներին: Մենք այդ դրույթին դրա համար շատ քննադատաբար ենք վերաբերվում: Բայց իշխանությունները այնքան էլ հակված չեն քննադատական խոսք լսելու»:

ԽԱՊԿ-ն առաջարկություններ է ներկայացնելու ու հետամուտ է լինելու, որ նախագիծը փոխվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031