Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո կամոք որը ճիշտ ու բարի է՝ կլինի․ Դավիթ Դանիելյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2021 22:15

Կապան քաղաքում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին իր դռները բացեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր գրասենյակը։ Այն համընկավ նոյեմբերի 14-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, եւ կառավարող ուժի համար գրասենյակի բացումը յուրովի քարոզարշավի մեկնարկ ստացվեց։ 61 հոգանոց ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մուտքից բոլորին անձամբ էր դիմավորում, ձեռք սեղմում, հարցնում համակիրների որպիսությունը։

«Անկեղծ ասած, ցանկություն ունեմ, որ առաջիկա ընտրություններում քվեարկեք ինձ։ Քվեարկեք մեր ցուցակի ավագանու թեկնածուների օգտին։ Մեր ցուցակում բոլորը ոսկի են, գանձ են, հմուտ իրենց ոլորտներում։ Աստծո հաջողությամբ ստացվի մեր գործերը, Կապանը կառավարելու ենք թիմային, բոլորի հետ խորհրդակցելով, բոլորի փորձը հաշվի առնելով, սեւ ու սպիտակ չպիտի լինի»,-հանդիպմանն ասաց Դավիթ Դանիելյանը

Նրա խոսքով, միշտ հումորով ասում էին Կապանը աշխարհի կենտրոնն է, հիմա, իրականում դարձավ կենտրոն, բայց ոչ լավ իմաստով։ «Աշխարհը Սյունիքից, Կապանից՝ կեղծ օրակարգ տանելով միջանցքի մասին խոսակցությունները։ Կապանը կտրված է կենտրոնական իշխանություններից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էլ են քաղաքական ընտրություններ են, ընտրում ենք թիմին, աշխատում ենք կառավարության հետ»,-ասաց Դավիթ Դանիելյանը՝ ավելացնելով, այդ պատճառով թերեւս համաձայնվեց մասնակցել ընտրություններին՝ դառնալով նաեւ համայնքի ղեկավարի թեկնածու։

Համարյա բոլոր ոլորտներում՝ նորարարական ծրագրերի նախագծեր շատ ունի, որոնք քարոզարշավի ընթացքում ըստ ոլորտների կներկայացնի ընտրողներին, կպարզաբանի թե ինչ ճանապարհով են ուզում զարգացնել Կապան համայնքը։

«Աստված առաջ, որը բարին է, որը ճիշտն է, դա էլ կլինի»,-իր խոսքով եզրափակեց Դավիթ Դանիելյանը։

Կապանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանն ու մյուս թեկնածուները, արդեն սեղանի շուրջ պատասխանեցին ընտրողների հարցերին։ Ինչու չէ՝ նաեւ գավաթները զարկեցին իրար՝ համոզված լինելով, որ նոյեմբերի 15-ին, ավելի ուժեղ զրնգոցով կազդարարեն իրենց հաղթանակը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ ուժերն է չափելու «Շանթ դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031