Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկ ձայնով առաջ ենք անցել, ու ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ստանալ». Տաթև համայնքում ՔՊ-ն կդառնա ընդդիմությո՞ւն

Հոկտեմբեր 20,2021 20:55

«Եթե գումարեք «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկիր»-ի ստացած քվեներն իրար, կտեսնեք, որ մեկ ձայնով առաջ ենք անցել, ու այդպիսով ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ստանալ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շանթ դաշինք»-ի ներկայացուցիչ Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Տաթև համայնքում վերահաշվարկ իրականացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության «կողմ» ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել 3-ով։

Այսպիսով՝ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը Տաթև համայնքում եղել է 2613, ՔՊ-ն ստացել է 1288 քվե, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337 քվե: Ստացվում է, որ վերջին երկու կուսակցությունների ձայների հանրագումարը 1289 է, իսկ ՔՊ-ինը՝ 1288:

Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց՝ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն ձևավորի: Հետաքրքրվեցինք՝  կոալիցիա կազմելու հարցում ունե՞ն պայմանավորվածություն «Ապրելու երկիր» կուսակցության հետ, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ապրելու երկիր կուսակցության հետ շփումները եղել են դեռևս ընտրությունների արդյունքների և վերահաշվարկի հետ կապված: Այսօր է ավարտվել վերահաշվարկը. հիմա Գորիսից ենք վերադառնում: Դեռ չենք հանդիպել: Կհանդիպենք, կքննարկենք: Երկուշաբթի օրը կլինի Տաթև համայնքի ավագանու առաջին նիստը, այդ օրը պետք է ընտրվի համայնքապետ, ուստի մինչև շաբաթվա վերջ կլինի հստակեցում»:

Շահեն Հարությունյանն ասաց՝ ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների արդյունքներից: Խոսելով վերահաշվարկի արդյունքում գրանցված ընտրախախտումների մասին՝ Շահեն Հարությունյանն ասաց. «Եղել է երկու դեպք, որ ժամը 20:00-ից հետո է եղել քվեարկությունը և դրան էլ գումարած երկու մարդիկ ներառված են եղել ընտրությունների գլխավոր ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում: Ըստ էության կրկնակի քվեարկության դեպք է, որոնք եղել են ժամը 20:00-ից հետո՝  ընտրատեղամասը փակելուց հետո: Դե, հայտնի չէ՝ ում օգտին է եղել, բայց պարզ է՝ եղել են ՔՊ օգտին, քանի որ կնիքների խնդիր կա: Մեկ էլ առավոտյան է եղել խնդիր կնիքների հետ կապված. քվեարկությունն ուշ է սկսվել այդ պատճառով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031