«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի Տիգրան Ավինյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հոգաբարձուների խորհրդի անդամ կամ տնօրեն նշանակվելու մասին՝ պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ, դա մենակ մամուլի մտահղացումն է ինձ թվում է: Տիգրան Ավինյանը որեւէ մասնագիտական ունակություն չունի, որպեսզի ղեկավարի այդ կառույցը: Մեծ բաժնետերն այսօր «Գեոպրոմայնինգ» ընկերությունն է, որը պետք է տնօրեն նշանակի իր կողմից»:
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ պայմանավորվածություն լինի կառավարության եւ «Գեոպրոմայնինգի» միջեւ, որովհետեւ գիտեք, բաժնետոմսերի նվիրատվություն եղավ ըստ էության՝ Վահե Հակոբյանը պատասխանեց, որ քանի որ տրամաբանությունից դուրս կառավարություն ունենք, ոչինչ չի բացառում, բայց օրենքն ու տրամաբանությունը այլ բան են ասում. «Եթե պետությունն ունի 15%, ինքը կարող է ներկայացված լինի խորհրդում, մեկ-երկու ոլորտներում ու որպես դիտորդ հետեւի ֆինանսական ոլորտին: Իսկ դրանից ավելին իմ համար մի քիչ զարմանալի է»:
Հարցին՝ վտանգ սպառնո՞ւմ է ձեր ընտանեկան մասնաբաժնին, թե՞ ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովրդից թալանածը պետք է վերադարձնենք հետ՝ Վահե Հակոբյանը արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ իմ եղբոր բաժինը ժողովրդից թալանած է, ի՞նչ կապ ունեն իրար հետ: Այս պետության կողմից իմ նկատմամբ 3,5 տարի է՝ ցանկացած վտանգ սպառնում է»:
Վահե Հակոբյանն ասաց, որ իր համար պարզ չէր, թե ինչպես ԶՊՄԿ բաժնեմասը հայտնվեց վարչապետի աշխատակազմի ձեռքում ու հենց ունեցավ տեղեկատվություն, կհրավիրի ասուլիս ու կհրապարակի. «Խնդիր տեսնում եմ, ո՞ւր էր նայում Հակամենաշնորհային կոմիտեն: «Գեոպրոմայնինգ» ընկերությունն արդեն իսկ ունի Սոթքի հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենայինը եւ հիմա, վերցնելով ամենամեծ ընկերության ամենամեծ փայաբաժինը, ունենո՞ւմ ենք խնդիր: Ինչպե՞ս գրանցվեց այդ գործարքը: Սա ամենամեղմ խնդիրն եմ ասում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ